Արդյոք այժմ հնարավո՞ր է այնպիսի համախմբում, ինչպիսին եղավ 2008 թվականին` Aravot.am-ի հարցին «Հանուն Հայաստան պետության» ճակատի պատասխանատուներից Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում, որ անձերը նման համախմբման երաշխավոր կանգնեն: Հիմնական երաշխավորը պետք է լինի համախմբվող հասարակությունը»:
Հիշեցնենք, խորհրդարանական վերջին ճեպազրույցում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` եթե այժմ լինի ժողովրդի այնպիսի կամարտահայտություն, որ եղել է 2008 թվականի փետրվարին, ապա ինքը երաշխավորում է, որ այն կավարտվի իշխանափոխությամբ:
Պետրոս Մակեյանը կարծում է, որ եթե 2008-ին համախմբված հասարակությունը գործընթացին երաշխավոր կանգներ, Հայաստանում իշխանափոխություն տեղի կունենար. «Ցավալին այն է, որ այն ժամանակվա շարժման ղեկավարությունը, այդ թվում նաեւ ես, ոչ թե հասարակությանը գործոն դարձրեցինք, այլ գործիք դարձրեցինք: Հիմա պետք չէ, որ որեւէ մեկը երաշխավոր դառնա, երաշխավորը պետք է հասարակությունը դառնա»:
Նկատեցինք`մեր հասարակությունը համախմբվում է անձերի շուրջ եւ հետաքրքրվեցինք`հիմա հարթակում կան այնպիսի անձինք, որոնց շուրջ համախմբում տեղի ունենա: «Ինչ կա`այն կա: Գործընթացը գնում է, նոր առաջնորդներ կձեւավորվեն, բնականաբար, բայց մենք ասում ենք, որ եղած քաղաքական գործիչները եւ հանրությունը պետք է համախմբվեն գաղափարի շուրջ եւ ինչպես Կարապետ Ռուբինյանն է ասում`Հայաստանում թուրքմենբաշիացման գործընթացը կանգնեցնեն»:
Հետաքրքրվեցինք` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ շրջանը կանխելով Հայաստանում բոլոր խնդիրները կլուծվե՞ն: «Իհարկե`ոչ: Կարող է մի որոշ տոկոսի փոփոխություն լինել`կամ լավ, կամ վատ, բայց քանի դեռ Սերժ Սարգսյանը եւ այս համակարգը համատեղ դուրս չգան… Մենք ասում ենք Սերժ Սարգսյանի եւ համակարգի հեռացումը, չենք ասում միայն Սերժ Սարգսյանը: Մենք առաջարկում ենք, որ ժողովուրդը ապրիլի 9-ից դուրս գա փողոց եւ պարտադրի իշխանությանը հեռանալ, իր ժամանակավոր կառավարությունը կազմի, որը վստահություն կվայելի եւ նոր համակարգի ձեւավորման, պետական-սահմանադրական կարգի ձեւավորման գործընթաց դրվի`կազմաքանդելով գործողը»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Հարցրեցինք`եթե մարդիկ չհետեւեն այդ հորդորին եւ փողոց դուրս չգան`ի՞նչ կանեք: «Կշարունակենք պայքարել: 20 տարի ի՞նչ ենք արել: Չենք կանգնելու»,- եղավ պատասխանը:
Հիշեցնենք, «Հանուն Հայաստան պետության» ճակատը եւ «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունն այսօր եռօրյա հանրահավաքներ են սկսում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ