Ֆրանսիայի ալևիների միավորումների ֆեդերացիայի ջանքերով Հայաստան են ժամանել Եվրոպայում բնակվող ալևիների կառույցների ներկայացուցիչները: Նրանք այսօր հայերից ներողություն են խնդրել, որ ժամանակին ուշադրություն չեն դարձրել հայերի զգուշացումներին՝ թուրքերը հայերից հետո հաջորդն իրենց են կոտորելու եւ չեն կանխել Հրանտ Դինքի սպանությունը։
«Դժբախտաբար, մեզ չհաջողվեց կանխել Հայոց ցեղասպանությունը եւ մինչ օրս տառապում ենք, որ չկարողացանք»,– այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց Ֆրանսիայում ալեւիների միության ֆեդերացիայի նախագահ Էլդար Կլիչկայան՝ ցավակցություն հայտնելով նաեւ Հրանտ Դինքի սպանության համար:
Նա նաեւ կիսվել է Հայաստանյան այցի տպավորություններով. «Համալսարաններ կատարած այցի ընթացքում հասկացանք, որ հայերն ու ալիեւիներն իրար լավ չեն ճանաչում, ուստի այս այցերն ու համագործակցության տարբեր ծրագրերը պետք է շարունակական լինեն, որ հայ–ալեւիական համագործակցությունը ամրապնդվի»:
Էլդար Կլիչկայան նաեւ կարծիք հայտնեց, որ եկել է ժամանակը, որ թուրքական կառավարությունը ճանաչի թուրքական վարչակազմի վարած քաղաքականությունից տուժած ժողովուրդների ցեղասպանությունները, այդ թվում և հայերի, և ալևիների, ինչի համար պետք է միավորվեն աշխարհասփյուռ հայերի ու ալևիների և մյուս ժողովուրդների ջանքերը:
Հիշեցնենք, որ 1937 թվականին Դերսիմի կոտորածների ժամանակ Թուրքիայի իշխանությունների կողմից սպանվեցին հարյուր հազարավոր ալեւիներ, իսկ կոտորածներից մազապուրծները սփռվել են աշխարհով մեկ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ