Ինչպես հայտնի է, «Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ եռօրյա հանրահավաքներ է հրավիրում: Հանրահավաքները կմեկնարկեն այսօր, եվրոպական մի շարք քաղաքներում՝ Ստրասբուրգ, Լոնդոն, Լոս Անջելես, Փարիզ: Երեւանում հանրահավաքը տեղի կունենա վաղը` Ազատության հրապարակում: «Ընդդեմ ռեժիմի հավերժացման», «Հանուն քաղբանտարկյալների ազատության», «Հանուն Հայաստան պետության». սրանք են հանրահավաքների խորագրերը:
«Ակնկալիքը միանգամից բարդ է կանխատեսել`հաշվի առնելով վերջին տասնամյակներում ժողովրդի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, սոցիալական, հոգեբանական ծանր վիճակը: Առաջին հանրահավաքի համար շատ մեծ արդյունք դժվար է ակնկալել: Բայց, կարծում եմ, մեզ կհաջողվի գործընթացի սկիզբ դնել եւ ապրիլի 9-17-ը ընկած հատվածում փորձել կանխել ռեժիմի վերարտադրությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը:
Հիշեցնենք, ապրիլի 9-ին ավարտվում են նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները: Ապրիլի 17-ին միայն խորհրդարանը վարչապետ կընտրի: Հավանականությունը մեծ է, որ իշխող ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում կառաջադրի հենց Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների`այս օրերի հարցազրույցներից եւ հայտարարություններից պարզ է դառնում, որ այդ պայքարին միանալու կուսակցական որոշումներ չեն կայացվելու: Անգամ խորհրդարանական «Ելք» դաշինքում դեռ միասնական տեսակետ չկա`«ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության», Ազատության հրապարակում ակցիաներ կազմակերպելու մասով: Պետրոս Մակեյանից հետաքրքրվեցինք`սա իրենց չի՞ կաշկանդում, գուցե նաեւ հիասթափեցնում: շ
«Հայաստանի իրողությունները հաշվի առնելով, որ քաղաքական դաշտը բզկտված է, հատկապես, որ իշխանությունն ամբողջովին փորձում է վերահսկել ընդդիմադիր ուժերին, կարծում եմ՝ մտահոգություններ կան: Բայց մեր խնդիրն այն է, որ ժողովուրդը գա հրապարակ: Եթե ժողովուրդը գա հրապարակ`քաղաքական ուժերը կմիանան ինչ-որ պահի: Մեր հիմնական գործընկերը մենք համարում ենք ժողովրդին եւ այն գաղափարը, որի շուրջ մարդիկ պետք է համախմբվեն: Դա երկրի սրընթաց անկումը կանխելն է`վարչախմբի գլխավորությամբ»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ