Վերջերս Արթիկ քաղաքի բնակիչ Ա.Մ.-ն դիմել էր ոստիկանություն՝ ահազանգելով, որ ոստիկանության աշխատակից ներկայացած Հ.Մ.-ն գիշերվա կեսին իր տան դռան փականը կամաց իջեցրել է ներքև և փորձել բացել դուռը։ Սակայն այդ պահին արթնացած բնակարանատերերի աղմուկը լսելով՝ դուռը քաշել է դեպի իրեն, կոտրել փականի բռնակն ու փախել։ Բնակարանատերերին հաջողվել է շենքի բակում բռնել նրան ու ներկայացնել ոստիկանության աշխատակիցներին։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության «Մուշ» բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան է՝ այսինքն հրեշտակ է, որը Արթիկ է մեկնել իր կողմից շահագործվող «ԲՄՎ» մակնիշի մեքենայով և որի վրա փակցված են եղել մեկ այլ քաղաքացու անվամբ հաշվառված ավտոմեքենայի համարանիշներ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, ու այն ուղարկվել է քննության ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Այս տեղեկատվությունը մարտի 7-ին տարածել էր հենց Հատուկ քննչական ծառայությունը իր պաշտոնական էջում։
Շիրակի մարզի իրավապահներից մեզ հաջողվեց պարզել, որ ոստիկանության հրեշտակը իր ցուցմունքում նշել է, թե ոստիկանության համակարգում աշխատելուց բացի, գիշերները տաքսի է քշում։ Այդ օրը մի ուղևորի Գյումրիից տեղափոխել է Արթիկ, ուղևորի մոտ գումար չի եղել, վերջինս իջել է տվյալ շենքի մոտ, որ փողը բերի, սակայն չի բերել, ինքն էլ ենթադրելով, որ հենց այդ շենքում ու այդ բնակարանում է բնակվում իր ուղևորը, փորձել է դուռը բացել ու գումարը պահանջել։ Ի դեպ, բնակարանատերերը հարուստ մարդիկ չեն։
Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան նույն պահին ազատել է աշխատանքից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ