Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինան պետք է թույլատրի ադրբեջանցի լրագրողին անվտանգ դուրս գալ երկրից. CPJ

Մարտ 09,2018 14:51

Ուկրաինայի իշխանությունները պետք է թույլատրեն ադրբեջանական Turan գործակալության ամստերդամյան գրասենյակի լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլիին անվտանգ լքել երկրի սահմանները: Այս մասին ասվում է «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» (CPJ) տարածած հաղորդագրության մեջ:

Մարտի 5-ին Հուսեյնլին հարձակման էր ենթարկվել Կիևում վարձակալած իր բնակարանում: CPJ-ի հետ զրույցում պատմելով մարտի 5-ի միջադեպի մասին՝ Հուսեյնլին ասել է, որ իր վրա հարձակումն իրականացրել են ադրբեջանախոս տղամարդիկ, ենթադրաբար Ադրբեջանի անվտանգության ծառայության գործակալներ:

Ուկրաինայի իշխանությունները 2017թ. հոկտեմբերի 14-ին Բաքվի խնդրանքով ձերբակալել էին Ինտերպոլով հետախուզման մեջ գտնվող լրագրողին, առգրավել նրա ճանապարհորդական փաստաթղթերը: Հոկտեմբերի 27-ին Կիևի դատարանը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել՝ պայմանով, որ լրագրողը դեռ 2 ամիս պետք է մնա Ուկրաինայում, քանի դեռ երկրի գլխավոր դատախազությունը քննում է նրան Ադրբեջանին արտահանձնելու հարցումը: Դրանից հետո դատարանը երկու անգամ երկարաձգել է այդ ժամկետը, նոր վերջնաժամկետը 2018թ. մարտի 20-ն է:

Ադրբեջանում Հուսեյնլին մեղադրվում է անօրինական սահմանը հատելու, խաբեության և փաստաթղթերի կեղծման մեջ: Ինքը՝ Հուսեյնլին, հերքում է այդ մեղադրանքները՝ նշելով, որ դրանք պայմանավորված են իր լրագրողական գործունեությամբ:

«Մենք կոչ ենք անում Ուկրաինայի իշխանություններին անհապաղ վերադարձնել Ֆիքրեթ Հուսեյնլիի ճանապարհորդական փաստաթղթերը և թույլ տալ նրան լքել Ուկրաինան,- ասել է CPJ-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Նինա Օգնիանովան:- Կիևը չպետք է մեղսակից լինի Ադրբեջանի իշխանությունների քննադատների՝ այդ երկրի սահմաններից դուրս հետապնդումներին: Մենք նաև կոչ ենք անում Ուկրաինայի ոստիկանությանը քննել մարտի 5-ին Հուսեյնլիի դեմ ֆիզիկական հարձակումը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը չի պատասխանել CPJ-ի գրավոր հարցմանը: Անպատասխան են մնացել նաև կազմակերպության զանգերը և գրավոր հարցումները Ադրբեջանի ԱԳՆ-ին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031