«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության Քաղաքական Խորհրդի հայտարարությունը
ԺՀԿ Քաղաքական Խորհուրդը գտնում է, որ պետք է օգտվել Սահմանադրությամբ ընձեռնված հնարավորությունից` անցումը այսպես կոչված խորհրդարանական համակարգին, համախմբել հասարակությանը, ապրիլի 9-ից դուրս բերել փողոց և պարտադրել վարչախմբին ձևավորել ժողովրդի վստահության ժամանակավոր կառավարություն, որի հիմնական խնդիրները պետք է լինեն`
ա) հայտարարել համաներում` ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և բեռնաթափել Քրեակատարողական հիմնարկները,
բ) տասնամյակներ շարունակ ժողովրդից և պետությունից գողացած միջոցները ներդնել բանակի վերազինման` երկրի անվտանգությունը ապահովելու նպատակով,
գ) հրատապ լուծել ժողովրդի սոցիալական խնդիրները` մասնավորապես վերանայել գազի, էլեկտրաէներգիայի սակագները,
դ) կազմակերպել և անցկացնել ազատ, թափանցիկ արտահերթ ընտրություններ, ձևավորել լեգիտիմ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն:
ԺՀԿ-ն իր աջակցությունն է ցուցաբերում «Հանուն Հայաստան Պետության ճակատի» մարտի 10-ին Ազատության հրապարակում և «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության նույն օրը, նույն ժամին` Լոս Անջելեսում, Փարիզում, Ստրասբուրգում և Լոնդոնում կազմակերպված հանրահավաքներին և կոչ է անում քաղաքական ուժերին համախմբվել և անել հնարավորը` Հայաստանը ազատագրել գործող ազգադավ համակարգից, միաժամանակ, դիմում է հասարակությանը ակտիվորեն մասնակցել մարտի 10-ին Ազատության հրապարակում ժամը 1700–ին «Հանուն Հայաստան Պետության ճակատի» կողմից կազմակերպված հանրահավաքին:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության
Քաղաքական Խորհուրդ
09.03.2018թ.