Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնը կարծես «անիծված» լինի, այն զբաղեցնողը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ, բայց պաշտոնը զբաղեցնողի դիմումի համաձայն, պաշտոնազրկվում է:
2015թ. հուլիսի 1-ին Հ. Աբովյանը որոշել է մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնից ազատել 59-ամյա Կարինե Դովլաթբեկյանին: Վերջինս Տավուշի այդ վարչության պետի պաշտոնը զբաղեցրել է 17 տարի, 1998 թվականից: Մարզպետը որպես իր որոշման համար հիմք նշել է աշխատանքից ազատվելու վերաբերյալ Կ. Դովլաթբեկյանի դիմումը:
Մարզպետի որոշմամբ մինչեւ մրցույթի արդյունքում հաղթող մասնակցի կողմից մարզպետարանի նշված վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելը նշված վարչության պետի պարտականությունները դրվել են նույն վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանի վրա:
Երիտասարդ, խոստումնալից մասնագետ Նարեկ Վանեսյանը Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն էր ընտրվել 2015թ. մայիսի 27-ին կայացած մրցույթի արդյունքում: 2015թ. մայիսի 29-ին մարզպետ Հ. Աբովյանի որոշմամբ Ն. Վանեսյանը Իջեւանի ԲԿ- տնօրեն էր նշանակվել 6 ամիս ժամկետով: Մարզպետի որոշմամբ 2015թ. հոկտեմբերի 12-ին Ն. Վանեսյանը նշանակվել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ: 2 ամիս անց, 2015թ. դեկտեմբերի 30-ին մարզպետ Աբովյանը որոշել է նրան ազատել նշված վարչության պետի պաշտոնից: Որոշման մեջ նշված է, որ դրա հիմք է հանդիսացել Ն. Վանեսյանի անձնական դիմումը:
2016թ. հունվարի 25-ին Հ. Աբովյանի որոշմամբ Լեւոն Վանցյանը նշանակվել է մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, 2016թ.հունիսի 13-ին նա նշանակվել է այդ վարչության պետ: Մեկ տարի անց, 2017թ. հուլիսի 25-ին Հ. Աբովյանը որոշել է Լ. Վանցյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: Որպես մարզպետի որոշման հիմք նշված է Վանցյանի անձնական դիմումը: Վերջինիս այն ժամանակ հարցրինք, թե ո՞րն է աշխատանքից ազատվելու պատճառը, նա հրաժարվեց այդ առթիվ պարզաբանում տալ:
2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններում Լ. Վանցյանը Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում ՀՅԴ կուսակցությունից տարածքային թեկնածու էր:
2017թ. օգոստոսի 1-ին մարզպետը որոշել է մինչեւ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից մարզպետարանի նշված վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելը վարչության պետի պարտականությունները դնել այդ վարչության գլխավոր մասնագետ Սամվել Քամալյանի վրա: Նրանից իմացանք, որ ինքը այդ պարտականությունները կատարել է մինչեւ այս տարվա փետրվարի սկիզբը, այժմ այդ պաշտոնը նորից թափուր է:
Ս. Քամալյանը հայտնեց, որ այդ վարչության պետի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը կկայանա մարտի կեսին, ինքն այդ մրցույթին չի մասնակցի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ