Մարտի 6-ին Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը հանդես եկավ «Հայաստանի արտաքին քաղաքականություն. համադրելով շահերն ու հնարավորությունները» (Armenian Foreign Policy. Combining Interests and opportunities) խորագրով հանրային դասախոսությամբ, որը ՀՀ դեսպանության հետ գործակցությամբ կազմակերպել էր Վիեննայում գործող «Ռուսաստանի և նորանկախ պետությունների ընդլայնված և համեմատական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը» (International Center for Advanced and Comparative EU-Russia&NIS Research – ICEUR):
Դասախոսությանը ներկա էին ավստրիական և միջազգային քաղաքագիտական ուսումնասիրությունների կենտրոնների, համալսարանների գիտաշխատողներ, քաղաքական վերլուծաբաններ, ԶԼՄ-ների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի փոխնախագահ, քաղաքագիտության պրոֆեսոր Հանս-Յորգ Հայնրիխը, որը հավաքվածներին ներկայացրեց օրվա բանախոսին, հակիրճ անդրադարձավ դասախոսության թեմայի ընտրության ակտուալությանը, ապա խոսքը փոխանցեց դեսպան Կիրակոսյանին: Վերջինս պատմեց անկախությունը վերականգնելուց հետո Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրների ու դրանց լուծման հայկական տեսլականի մասին, ապա անդրադարձավ միջազգային և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի ներգրավվածությանը՝ մանրամասն ներկայացնելով ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության և ԵՄ-ի հետ վերջին շրջանում համագործակցության բարձրացման և ստորագրված համաձայնագրի կարևորությունը:
Պատասխանելով լսարանից հնչած հարցերին՝ դեսպան Կիրակոսյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բարեփոխումների ընթացքին, տնտեսական զարգացմանը, ղարաբաղյան շարժման 30-ամյակին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում տեղի ունեցած վերջին զարգացումները:
ԱԳՆ հաղորդագրություն