Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխ հայտնի փաստաբանը վկայակոչեց միջնադարի անվանի հայ մտածողի աշխատությունը

Մարտ 09,2018 12:08

«Եվրոպայի խորհուրդն օժանդակում է Հայաստանում փաստաբանի մասնագիտության զարգացմանը եւ փաստաբանների ներուժի ավելացմանը: Մենք կարեւորում ենք ԵԽ անդամ-երկրների եւ հայ փաստաբանների միջեւ փորձի փոխանակումը»,-Եվրոպայի խորհրդի երկրների փաստաբանների խնդիրներին նվիրված այսօրվա համաժողովի ժամանակ հայտարարեց Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն:

Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդի փոխնախագահ Ռանկո Պելիչարիչն էլ նկատեց՝ Հայաստանում դատական համակարգում նշանակալի բարեփոխումներ են ձեռնարկվել, որպեսզի ապահովվի դատարանների անկախությունը. «Այդ նպատակին հասնելու համար կարեւոր է վերահաստատել ՀՀ փաստաբանների պալատի անկախ դիրքը»:

Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդի Չեխիայի պատվիրակության ղեկավար, չեխ հայտնի փաստաբան Ստանիսլավ Բալիկն էլ իր խոսքում առաջինը հիշատակեց Մխիթար Գոշի «Դատաստանագրքի»(«Գիրք դատաստանի») նշանակությունը: «Այն շատ կարեւոր միջնադարյան իրավական աշխատություն է, որը հաստատում է՝ դատավորը պետք է ունենա փորձ, գիտելիք ու գիտենա «Աստվածաշունչը», որպեսզի խուսափի տգիտությունից բխող սխալներից»,-ասաց նա, ապա հավելեց,-«դատավորին պետք է կրթել: Նա պետք է հասուն լինի բոլոր բնագավառներում, որպեսզի չխաթարի երկրային արդարությունը»:

Չեխ փաստաբանը համոզմունք հայտնեց, որ դատավորներն իրենց պարտականությունները պետք է կատարեն առանց որեւէ տեսակի հովանավորչության:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031