«Փաստաբանների համար օրհասական հարց է հնարավորությունների զարգացումը: Մեր խնդիրները նույնն են բոլոր երկրներում՝ փաստաբան-դատարան փոխհարաբերություն, փաստաբանական գաղտնիք, էթիկական հարաբերություններ»,-Եվրոպայի խորհրդի երկրների փաստաբանների խնդիրներին նվիրված այսօրվա համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Նա հայտնեց, որ Փաստաբանների պալատը ԵԽ երկրների իր գործընկեր-կառույցներին առաջարկելու է գործակցության առցանց հարթակ ստեղծել:
«Հաճախ մեր փաստաբաններն այլ պետություններում կարիք են ունենում իրենց վստահորդներին իրավաբանական օգնություն ցուցաբերել, քաղաքացիներն էլ մեր պալատի միջոցով են կոնտակտներ փնտրում: Իսկ մենք ուզում ենք ստեղծել առցանց հարթակ, որի միջոցով հասանելի կլինի տարբեր երկրների փաստաբանների ցանկը: Եթե հայ փաստաբանն ուզում է Ֆրանսիայում գտնվող իր վստահորդին օգնել, նա կդիտարկի Ֆրանսիայի փաստաբանների ցանկը՝ ըստ մասնագիտացման: Խոսքը տվյալ երկրի այն փաստաբանների մասին է, որոնք այս ձեւաչափում ցանկանում են գործակցել իրենց հայ գործընկերների հետ»,-հստակեցրեց Արա Զոհրաբյանը:
Նա նաեւ նշեց, որ ՀՀ Փաստաբանների պալատի անդամների շրջանում առկա տարաձայնությունները չեն խոչընդոտում նման գործնական առաջարկների կայացմանը: «Ցանկացած փաստաբանական համայնքում էլ կան տարաձայնություններ»,-նկատեց Արա Զոհրաբյանը:
Մանրամասն` տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ