Ներկայումս ՀՀ նախագահի աշխատակազմը բաղկացած է մոտ 380 մարդուց։ Այդ մասին մի քանի ամիս առաջ հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ ՀՀ կառավարության աշխատակազմը բաղկացած է 300 հոգուց։ Այսինքն` այս երկու գերատեսչություններում աշխատում է մոտ 680 մարդ։
Այս պահին ԱԺ-ում գտնվող «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեության ապահովումը, սպասարկումը եւ սոցիալական երաշխիքները» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի համաձայն՝ ապագա նախագահի աշխատակազմի առավելագույն թվաքանակը պետք է կազմի 150 մարդ: Նույն փոփոխությամբ սահմանվել է չինովնիկների մի նոր «բանակ»։ Ներմուծվելու է նոր ստորաբաժանում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ, որը մինչ օրս դեռ չի եղել։ Ապագա վարչապետի աշխատակազմը բաղկացած կլինի առավելագույնը 600 հոգոց։ Լավագույն դեպքում վարչապետի աշխատակազմը կարող է իր մեջ «կլանել» կառավարության աշխատակազմին, և այդ դեպքում ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմերի ընդհանուր թվաքանակը կկազմի 750 մարդ։ Բայց դա լավագույն սցենարն է՝ ավելի շուտ դա խիստ տեսական է: Խնդիրն այն է, որ վարչապետի աշխատակազմ սահմանող օրինագծին զուգահեռ գոնե առայժմ չի մշակվել ու չի ներկայացվել որեւէ օրինագիծ, որի համաձայն՝ կառավարության աշխատակազմը պետք է լուծարվի։ Այլ կեպ ասած, շատ ավելի հավանական է, որ ապագա վարչապետը կունենա 600 հոգուց բաղկացած առանձին աշխատակազմ, կառավարության այսօրվա աշխատակազմն էլ իր ողջ կազմով կմնա։ Այդ դեպքում ՀՀ նախագահի, վարչապետի և կառավարության աշխատակազմերի թվաքանակը միասին կկազմի 1000 մարդ, մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ։
Թե ինչ լրացուցիչ ծախս է դա դառնալու հարկատուների համար, դեռ հայտնի չէ: 2018 թվականի բյուջեով ՀՀ նախագահի աշխատակազմի եւ ՀՀ կառավարության պահպանման ծախսերը միասին կազմում են 6 միլիարդ 127 միլիոն դրամ։ 2017-ի համար 5 միլիարդ 566 միլիոն էր։ Այսինքն, այստեղ արդեն իսկ ունենք 561 միլիոն դրամի լրացուցիչ ծախս, որը մենք՝ հարկատուներս, պետք է վճարենք խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու համար: Բայց սա՝ միայն պետական բյուջեով։ Այդ թվերը բոլորովին չեն արտացոլում նախատեսված ծախսերը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում