Վարդանյանների երաժշտական ընտանիքի կրտսերը՝
Սոֆյան, ուսանում է Գերմանիայում
Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, հանդես կգա 18-ամյա ջութակահարուհի Սոֆյա Վարդանյանը, որն ուսանում է Գերմանիայում՝ Detmold Hochschule fur Musik-ում: Չնայած երիտասարդ տարիքին, երաժիշտն արդեն հայտնի անուն է մեզ մոտ եւ ֆիլհարմոնիկի հետ նրա կայանալիք բեմելը առաջինը չէ:
Երիտասարդ երաժշտին մտաբերում ենք դեռեւս 2012թ. հայաստանյան «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնից: Մեկ-երկու տարի անց Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սանին հանդիպեցինք Երեւանյան 9-րդ միջազգային փառատոնի համերգներից մեկում Բրամսի Սեքստետի կատարման ժամանակ, այն էլ աշխարհահռչակ մեր այնպիսի հայրենակից երաժիշտների հետ, ինչպիսիք են Իդա Կավաֆյանն ու Լեւոն Չիլինկիրյանը:
«Առավոտի» հետ զրույցում դիրիժոր Ռուբեն Ասատրյանը տեղեկացրեց, որ ջութակահարուհին հանդես կգա Էդվարդ Միրզոյանի «Ինտրոդուկցիա եւ անընդհատ շարժում» ու Ռավելի «Գնչուհին» կոնցերտային ռապսոդիայի կատարումներով: «Միրզոյանի հանրահայտ այս ստեղծագործությունը հեղինակը նվիրել է Սոֆյայի պապիկին՝ տաղանդավոր ջութակահար Հակոբ Վարդանյանին, որն էլ 1957թ. Միրզոյանի հետ առաջին անգամ հնչեցրել են այն: Նույն թվականին դիրիժոր Միքայել Մալունցյանի ղեկավարությամբ ներկայացվել է այս ստեղծագործության նվագախմբային տարբերակը, դարձյալ որպես մենակատար հանդես է եկել Հակոբ Վարդանյանը: Իսկ «Գնչուհին», որը գրված է 1924թ., վաղուց դարձել է ճանաչված ջութակահարների նվագացանկի անբաժանելի մասը»,- ասաց դիրիժորը: Մեր զրուցակցից խնդրեցինք մասնագիտական խոսք երիտասարդ արվեստագետի մասին. «Չայկովսկու անվան դպրոցում նա սովորել է պրոֆեսորներ Ալեքսանդր Կոսեմյանի, ապա Արտաշես Մկրտչյանի դասարաններում:
Դպրոցն ավարտելուն պես ուսումը շարունակում է Գերմանիայում: Աննկարագրելի նպատակասլաց երաժիշտ է: Միայն մեկ փաստ. նա վարպետության դասընթացների է հաճախել Երեւան այցելած մեծանուն երաժիշտների մոտ, այդ թվում՝ Վադիմ Ռեպինի, Դիմուտ Պոպպենի, Քիմ Քաշքաշյանի, Դայշին Կաշիմոտոյի, Բորիս Բրովցինի, Սերգեյ Կռիլովի եւ այլն: Բոլորին չեմ կարող մտաբերել: Եթե չեմ սխալվում, Սոֆյան նաեւ դասընթացների է մեկնել արտասահմանյան երկրներ: Հիշում եմ միայն անցյալ տարի Հունաստանում աշխարհահռչակ Լեոնիդաս Կավակոսի դասընթացներին նրա մասնակցությունը: Դարձյալ 2017թ. նա հայտնի թավջութակահար Յան Ֆոգլերի հրավերով մասնակցեց Մորիցբուրգում անցկացվող հեղինակային փառատոնին, որտեղ հունգար կոմպոզիտոր Միկլոշ Ռոժայի Երկու ջութակի համար գրված սոնատի կատարումից հետո արժանացավ այդ փառատոնի ակադեմիայի մրցանակին՝ «20-րդ դարի կոմպոզիտորի ստեղծագործության կատարում» անվանակարգում»: Դիրիժորը հավելեց նաեւ. «Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի, եթե չեմ սխալվում՝ 10-րդ, կամերային երաժշտության համերգներից մեկում Սոֆյայի՝ որպես երկրորդ ջութակի մասնակցությամբ Շոստակովիչի դաշնամուրային կվինտետի, Լեւոն Չաուշյանի 6-րդ կվարտետի հիանալի մեկնաբանությունները: Նշեմ, որ բարձրարվեստ այդ կատարումներին մասնակցեցին նաեւ անվանի երաժիշտներ Բորիս Բրովցինը, Բորիս Անդրանովը եւ այլք»:
Սոֆյա Վարդանյանից էլ հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, ինչո՞ւ նախընտրեց դպրոցից հետո անմիջապես ուսումը շարունակել արտասահմանում, հատկապես Գերմանիայում. «Անցյալ տարի մայիսին մասնակցեցի պրոֆեսոր Մարիա-Էլիզաբեթ Լոթի կողմից անցկացվող լսումներին: Նշեմ, որ մինչ այդ ուղարկել էի ձայնագրություններս եւ հավանության արդյունքում միայն հնարավորություն կընձեռվեր մասնակցել լսումներին: Նա ինձ հրավիրեց ուսման հենց իր դասարանը, ինչը կարծում եմ՝ երազանք է, պատիվ… ցանկացած երաժշտի համար»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
09.03.2018