Թուրքիայի խորհրդարանի նիստերից մեկի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունների պատգամավորների միջև։
Ծեծկռտուքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քննարկվել է Թուրքիայի բանակի ստորաբաժանումների կողմից Աֆրինում տեղի քրդական ուժերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ » ռազմական օպերացիան։
Տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ թեթև վնասվածքներ են ստացել 1 ԱԶԿ-ի և 2 ԺԴԿ-ի պատգամավոր։ Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց
Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ ԱԶԿ-ի Քոնիայի պատգամավոր Լեյլա Շահինը դիմելով քրդամետ կուսակցությանը, ասել է․ «Խաղաղ բնակչությանը սպանում են ոչ թե թուրք զինվորները, այլ ձեր «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները»:
Թուրքական լրատվամիջոցի հրապարակած լուսանկարներում երևում է, որ տեղի ունեցած միջադեպին ներկա է եղել նաև հայ պատգամավոր Գարո Փայլանը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Աղբյուր` Ermenihaber.am