Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են մարդկանց գազան դարձնում

Մարտ 09,2018 10:21

Դիտելով կադրերը, որոնցում ցուցադրվում էին ադրբեջանական մանկապարտեզում 3-4 տարեկան երեխաների հետ անցկացվող «ատելության պարտադիր վարժությունները», ես հիշեցի Ջորջ Օրուելի «1984» վեպը, որում կուսակցության անդամները ամեն օր պետք է նայեին երկու րոպեանոց ֆիլմ «կուսակցության թշնամիների» վերաբերյալ, եւ հանդիսատեսները պարտավոր էին իրենց ատելությունն արտահայտել ընտրված թիրախների հանդեպ:

Թեեւ անգլիացի գրողի երեւակայության եւ ադրբեջանական իրականության դրսեւորումները ծայրահեղական են, բայց ասել, թե դա ինչ-որ արտառոց, պատմության մեջ երբեւէ չհանդիպած երեւույթ է, ցավոք, «լավատեսական չափազանցություն» կլիներ: Վստահ եմ, որ նախորդ դարում նացիստական Գերմանիայի մանկապարտեզներում նույնպիսի «դասընթացներ» էին անցկացնում երեխաների հետ եւ նույնպիսի զգացմունքներ էին արթնացնում հրեաների եւ սլավոնների հանդեպ:

Ծայրահեղական իսլամիստների մեդրեսեներում մանկուց դաստիարակում են նույն տիպի ատելություն «անհավատների» հանդեպ: Եթե գնանք դարերի խորքը, ապա չեմ կասկածում, որ նույնն է արվել տարբեր ազգերի պարագայում եւ նույնիսկ միեւնույն ազգի ներսում՝ ասենք, կաթոլիկների եւ բողոքականների փոխհարաբերություններում:
Որո՞նք են մարդկանց գազազեցնելու, գազան (կամ երբեմն անասուն) դարձնելու մեխանիզմները: Գլխավորն, անշուշտ, ապատեղեկատվությունն է: 30 տարի առաջ Սումգայիթ էին գործուղվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալները եւ պատմում էին մարդկանց, թե ինչպես են Հայաստանի քաղաքներում զանգվածաբար բռնաբարում ադրբեջանցի աղջիկներին, կամ ինչպես է Կապանից Նախիջեւան հասել մի գնացք, որն ամբողջությամբ լցված էր ադրբեջանցիների դիակներով: Հասարակ մարդիկ հակված չեն տեղեկատվությունը քննադատաբար ընկալելու, հատկապես այն դեպքում, երբ տեղեկատվությունը ներդաշնակ է իրենց մթին բնազդներին:

Ինչպիսի՞ «հակաթույն» կա ուղեղների այդ մթագնման դեմ: Իմ պատկերացրած «հակաթույնը» հետեւյալն է. այդ պահին Ադրբեջանում պետք է հայտնվեին մի քանի հեղինակավոր մտավորականներ եւ ասեին՝ «ժողովուրդ ջան, մի պահ մտածենք՝ արդյո՞ք այդ տեղեկատվությունը խելքին մոտիկ է», մտավորականներ, որոնք չէին վախենա ամբոխի հաշվեհարդարից:

Հայաստանում նման՝ «ազգային բնույթի» ապատեղեկատվության համար հող, բարեբախտաբար, չկա: Մեր հասարակությունն այլ հիվանդությամբ է տառապում, մեր մթին բնազդներն այլ տեղ են՝ սոցիալական ոլորտում: Այդ բնազդները պակաս վտանգավոր են, քան ազգային թշնամանքի սերմերը: Բայց ամբոխի ցասումը նույնքան հզոր է: Հատկապես ֆեյսբուքյան ամբոխի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Բացայայտ է թէ մենք ալ հակառակ ծայրահեղութեան հակումը ունինք: Մեր մէջ շատ մը կարծիքներ կը լսենք յաճախ օսմանեան եւ կովկասեան թուրքերու մասին, որոնք լսելով կարելի է միայն եզրակացնել թէ՝ Հայոց Ցեղասպանութիւնը գործադրողները մի այլ, հեռաւո՜ր մոլորակից եկած էակներ են, Արցախեան հակամարտութեան ընթացքին հայերը եթէ անասելի վայրագութիւնների ենթարկուել են, դա ել անշուշտ ուգանդացիների կատարածն է, իսկ այսօր, ոչ մի պատերազմ ել չունենք ոչ մէկի հետ:

    Եւ հենց այս պատճառով է որ դարերի ընթացքին անհամեմատօրէն աւելի շատ ու աւելի յաճախ եղել ենք զոհ եւ տեւաբար կրել ենք կորուստներ:

    Արիւնարբու գազանի եւ ժպտերես ոչխարի միջեւ, չունե՞նք արդեօք ուրիշ այլընտրանք: Եւ ոչ միայն ռազմաճակատի վրայ, ուր արդէն այլեւս ընտրութիւն չկայ թէ ինչ ես լինելու:

  2. Ruben says:

    Ինչպես են մարդկանց գազար դարձնում սոցիալական ոլորտի ավետարանական «բնազդները» (տրամադրված) ՝.
    «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ»: «Մի՛ հակառակվիր քեզ չարիք անողին: Եթե մեկը քո աջ երեսին ապտակ տա, մյուս երեսդ էլ դարձրո՛ւ նրան»:

  3. Լավատես says:

    Կա երկու քաղաքակրթություն՝ տեղաբնիկների ու քոչվորների եւ ամեն քաղաքակրթություն իր համապատասխան կրոնն ունի, եթե քոչվորն ավելի քոչվոր է, քան տեղաբնիկն է տեղաբնիկ՝ հաղթում է քոչվորը, եթե տեղաբնիկն ավելի տեղաբնիկ է, քան քոչվորն է քոչվոր՝ հաղթում է տեղաբնիկը: Սխալ է քոչվորին դիտարկել տեղաբնիկի կրոնի տեսանկյունից՝ ինչքան էլ տեղաբնիկի կրոնը քաղաքակիրթ երեւա, այնպես որ քոչվորները իրենց էությանն են վերադառնում, իսկ ո՞րն է մեր հայ կրոնը՝ հայ էությունը, տեղաբնիկի կրոնն է՝ ծնված օրվանից կռվել սովորել քոչվորից մաքրել մեր ու մեր կրոնակից տեղաբնիկների հողերը: Եվ ո՞ւր են մեր երեխաների որպես հայ տեղաբնիկի դաստիարակչական տեսահոլովակները, որտեղ ենք մենք մեր երեխաներին սովորեցնում, որ քոչվորն է մեր թշնամին եւ քոչվորին պետք է քշել տեղաբնիկի հողից ու դրանց միայն հինգ տոկոսը թողնել մեր հողում՝ այն էլ որ չմոռանանք, ով է մեր թշնամին: Դա չի նշանակում, որ քոչվորի վայրենությամբ պետք է դրանց քշել, բայց արդյունավետ: Մենք որպես քաղաքակրթություն միանգամայն ինքնաբավ ենք, մեզ պետք չի ուրիշների աչքերում ՝քաղաքակիրթ՝ երեւալ, մեզ օդ ու ջրի նման պետք է վերադառնալ մե՛ր էությանը եւ ինչքան շուտ ու ինչքան լիարժեք, այնքան կապահովենք մեր հաղթանակը ապագայի կռիվներում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031