Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կասի գլխավոր դատախազը

Մարտ 09,2018 15:30

Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի՞

2008 թվականի «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի համար զարմանալի է, թե ինչո՞ւ հատկապես այս պահին փորձ է արվում «Մարտի 1»-ի «խորքային արմատներին» անդրադառնալ: Ինքը մի բան հաստատ գիտի՝ պատահական ոչինչ չի լինում: «Ես չգիտեմ, թե քաղաքական ի՞նչ ինտրիգներ են զարգանում, եւ ի՞նչն է պատճառը, որ «Մարտի 1»-ի հետ կապված այսպիսի ակտիվություն կա: Ի՞նչ պիտի հիմա փոխվի, չեմ կարող ասել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տիկին Սաֆարյանը:
Հիշեցնենք. երկու օր առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին 2008 թվականի Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու համար: Այդ առիթով հրապարակած տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանը փաստում է` «մարտի 1»-ի թեմայով վերջին խորհրդարանական լսումների արդյունքում պարզել են` քննչական խումբը չի կցել Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը: Նիկոլ Փաշինյանը համոզված է` զեկույցը կարող է շատ լուրջ պատճառահետեւանքային կապեր բացահայտել: Բացի այդ, տասը տարի անց նախաքննության մարմինը չի պարզել, թե ինչի հիման վրա էր 2008-ի մարտի 1-2-ին Ռոբերտ Քոչարյանը հայտարարում, որ ցուցարարների շարքերից մեքենայի ետեւից դուրս էին գալիս, կրակում ոստիկանների վրա եւ թաքնվում: «Որտեղի՞ց է Ռոբերտ Քոչարյանն այդ տվյալը վերցրել: Գուցե նրան ինչ-որ մեկը զեկուցե՞լ է»,- հարցնում է Նիկոլ Փաշինյանը ու հիմնավորում, որ հարցերի պատասխանը ստանալու համար է պետք, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի:

2008-ի այդ ողբերգական իրադարձությունների ժամանակ, հիշեցնենք, որեւէ ոստիկան հրազենային վնասվածք չէր ստացել: Բոլորի վնասվածքները բեկորային էին:
Կարելի է ենթադրել, որ դատախազը կմերժի Նիկոլ Փաշինյանի դիմումը: Հետաքրքիր կլինի, թե ի՞նչ հիմնավորում կներկայացվի: Համենայնդեպս, դատախազի պատասխան քայլը շատ չի ուշանա: Այս ամենում միայն մի բան է ցավալի. 2008-ի մարտի 1-ի տասը զոհերի հարազատների հոգիները կրկին տակնուվրա կլինեն` շրջելով հուսահատության եւ հիասթափության մի էջ եւս:

Մամուլում քննարկվեց, քաղաքական կուլիսներում էլ շարունակվում են խոսակցություններն այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանը պատկան մարմիններին հանձնարարել է` «Մարտի 1»-ի գործով էական բացահայտումներ պետք է լինեն: «Համենայնդեպս, որեւէ դրական առաջընթաց մինչ օրս չի եղել: Իհարկե, չեմ հավատում, որ ինչ-որ մի բան կարող է փոխվել: Ես չգիտեմ՝ գնալուց առաջ Սերժ Սարգսյանը ինչի՞ է որոշել այդ հարցը բարձրացնել: Եթե իր պաշտոնավարման տարիներին ոչինչ առաջ չի գնացել, ինչի՞ պիտի հիմա արվի»,- տարակուսում է Սեդա Սաֆարյանը:

Վարույթ իրականացնող մարմինն այս օրերին չի հետաքրքրվել Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեույցուվ: Ընդհանրապես, Սեդա Սաֆարյանի կարծիքով, թե վարույթ իրականացնող մարմինը, թե մյուսները լուրջ չեն գնահատել իրենց դերակատարումը. «Այլապես տասը տարիների ընթացքում գոնե մեկ անգամ կանդրադառնային այդ խնդրին»: Սեդա Սաֆարյանը հիշում է. սկզբնական շրջանում վարույթ իրականացնող մարմնի ղեկավար Վահագն Հարությունյանը հարց էր բարձրացրել, որ փաստահավաք խումբն օգնի, բայց դա զուտ հայտարարության բնույթ կրեց: «Հիշում եմ՝ անգամ ասել էին, որ եթե մեր տրամադրության տակ կան ապացույցներ, որոնք կարող են ինքնուրույն ներկայացնել վարույթ իրականացնող մարմնին, ապա թող ներկայացնեն: Բայց բոլոր ապացույցները, որոնք մենք ունեինք, թողել էինք ԱԺ-ում, սենյակի չհրկիզվող պահարանում, եւ դրա արտահանձնումն ինչպե՞ս է կատարվել, կամ դրանց ճակատագիրն ինչպե՞ս է տնօրինվել` չեմ կարող ասել: Հետեւաբար ամենը զուտ խոսակցության բնույթ կրեց, որեւէ լուրջ քայլ չի արվել: Այսօր էլ մեզ որեւէ մեկը չի դիմել: Եթե դիմեն էլ, ես չգիտեմ՝ իմ մասնակցության չափանիշները ինչպիսի՞ն կլինեն այդ գործում, կարո՞ղ եմ արդյոք տեր կանգնել նախկինում մեր կատարած աշխատանքին»,- ասում է Սեդա Սաֆարյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին ինքն ու Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանին դիմում էին ներկայացրել` հետաքրքրվելով իրենց զեկույցի ճակատագրով: Այն ժամանակ իրենց ասել էին, որ զեկույցը փոխանցվել է վարույթ իրականացնող մարմնին: Հետեւաբար մեր զրուցակիցն ասում է, որ իրենց զեկույցը այս առումով նորություն չէ: «Երեւի պարզապես հասկանում են, որ հանրությանը խաբելու այլ տարբերակ չկա, սկսել են նույն խաղերով խաբել ժողովրդին»,- ամփոփեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, այսպես կոչված, «Մարտի 1»-ի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը հրաժարվեց խոսել Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու Նիկոլ Փաշինյանի դիմումի մասին: Ասաց` ինչ խոսել է այդ թեմայով, բավական է: Հիշեցնենք. «Ելք»-ի կազմակերպած խորհրդարանական լսումներում Սամվել Նիկոյանը բարձրաձայնել էր Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին հարցաքննության կանչելու անհրաժեշտության մասին: Ասաց, որ ինքն այդ մասին տասը տարի առաջ էլ է ասել, երբ ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքի մասին իր զեկույցը:

Տվյալ քրեական գործով ում հրավիրել հարցաքննության, ում չհրավիրել` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը համարում է պատկան իրավապահ մարմնի գործը, ուստի կարծում է, որ երկրի օրենսդիր մարմնի նախագահի տեղակալը մեկնաբանելու խնդիր չունի: Բայց հավելում է. «Իմ մասնավոր կարծիքով՝ եթե Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու կարիքը լիներ, այս տարիների ընթացքում կհրավիրեին, եթե չեն հրավիրել, ուրեմն գործի բացահայտման առումով դրա կարիքը չի եղել»: Նա համաձայն չէ մեր դիտարկման հետ, որ իրավապահ մարմինները գործել են քաղաքական ղեկավարության հրահանգով ու միգուցե չեն համարձակվել Ռոբերտ Քոչարյանին հրավիրել հարցաքննության: Կրկնում է` եթե չեն հրավիրել, ուրեմն անհրաժեշտությունը չի եղել: Մնացյալը համարում է քաղաքական շահարկումներ:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

08.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031