Սյունիքի մարզի դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան
Անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզի դատարանը ավարտելով Փաշա Ավանեսյանի գործով դատաքննությունը, հեռացավ խորհրդակցական սենյակ: Փ. Ավանեսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 361 հոդվածի առաջին մասով՝ «Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը»:
Ըստ այդ հոդվածի, զորակոչի կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաեւ զորամասից արձակվելիս, նշանակվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատությունից առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տեւողությամբ, ինչպես նաեւ երեք ամսվա ընթացքում երեք եւ ավելի անգամ մեկից երեք օր տեւողությամբ՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:
Դատավորը վերադառնալով նիստերի դահլիճ՝ հայտարարել է գործի վերսկսման մասին: Նա գործը կասեցնելու մասին որոշում է ընդունել, քանի որ դիմելու էր Սահմանադրական դատարան, վիճարկելու համար 2003թ. օգոստոսին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի «կալանքը» հոդվածի ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
Դատարանն ակամա դարձել էր վիճելի հոդվածով դատվող ամբաստանյալների «հատուկ» պաշտպանը: Ափսոս միայն, որ գործի քննությունը Սահմանադրական դատարանում ընթացել է գրավոր ընթացակարգով, իսկ մարզի դատաքննությունն էլ եղել է դռնփակ:
Գործող քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Կալանքը չի նշանակվում դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց, կամ խնամքին մինչեւ ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ»: Դիմումատու «դատապաշտպանի» տեղեկացմամբ, նշված նորմը որեւէ փոփոխության չի ենթարկվել մինչ օրս ԱԺ կողմից:
Նշենք, որ ամբաստանյալի նկատմամբ այդ պահին ընտրված էր ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը:
Դիմումատու կողմը հայտնել էր, որ ամբաստանյալի համար մեղմացուցիչ հանգամանք կարող էր համարվել մինչեւ ութ տարեկան երեխայի իր խնամքի տակ ունենալը, մինչդեռ, օրենքի մեկ այլ հոդվածով կալանք է նախատեսված:
Պատասխանող ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ.Դանիելյանի մեկնաբանմամբ՝ «կալանք պատժատեսակն ամենամեղմն է», չնայած, եթե համեմատելու լինեն պատժատեսակների հետ, կալանքի մեկ օրն ավելի ծանր է: Կալանքն ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձեւով հասարակությունից խիստ մեկուսացված պայմաններում դատապարտյալին պահելն է: Ըստ պատասխանողի, քրեակատարողական օրենքի համաձայն, կալանքը կրելու ավելի խիստ կանոններ ու կարգ է սահմանված, քան ասենք՝ կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման դեպքում:
ԱԺ-ականը նշել էր, որ կալանքի դեպքում տեսակցություն չի տրվում, կարճատեւ մեկնում չի տրամադրվում, չի թույլատրվում վարել նամակագրություն, ստանալ ծանրոց, հանձնուք, փաթեթ, նախնական, միջին մասնագիտական կրթություն չի իրականացվում: Պատասխանողի կարծիքով, օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «կալանքը չի նշանակվում դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց, կամ խնամքին մինչեւ ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ», բխում է ընտանիքի շահերից, չի կարող մեկնաբանվել իբրեւ Սահմանադրության 16 հոդվածի հակասում: Խոսք չի կարող լինել խտրական իրավակարգավորման պրակտիկայի մասին:
Սահմանադրական դատարանը վկայակոչել էր նաեւ ՄԻԵԴ-ի նախադեպային «Սահինն ընդդեմ Գերմանիայի» գործով որոշմանը: Եվրոպական դատարանը արձանագրել էր. «Վերաբերմունքի տարբերությունը խտրականություն է համարվում 14-րդ հոդվածի նպատակների համար, եթե այն չունի որեւէ օբյեկտիվ եւ ողջամիտ արդարացում, այն է, եթե այն չի հետապնդում որեւէ իրավաչափ նպատակ, կամ եթե կիրառվող միջոցների եւ նպատակների համար չկա համամասնության ողջամիտ հարաբերակցություն»:
Պատասխանող ավագ մասնագետի համար մեր օրենսգիրքն ունի անձի նկատմամբ արդարացի պատիժ նշանակելու անհրաժեշտ իրավական գործիքակազմ:
Մասնավորապես, 70 հոդվածը, որը վերաբերում է պատիժը պայմանական չկիրառելուն:
Սահմանադրական դատարանի գնահատմամբ, օրենսդիրը նախատեսել է տարբեր խստության պատժատեսակներ, հաշվի առնելով հանցագործության եւ հանցագործի վտանգավորության աստիճանը եւ նշանակել է արդարացի պատիժ, ինչը կնպաստի դատապարտյալի ուղղմանն ու սոցիալական արդարության վերականգնմանը, նոր հանցագործությունների կանխմանը:
Անդրադառնալով վիճելի հոդվածին՝ կալանքին, ՍԴ-ն նշել էր, որ այո, այդ հոդվածով անձինք պահվում են խիստ մեկուսացման պայմաններում, նրանց վրա տարածվում է փակ տեսակի ուղղիչ հիմնարկի պատիժ կրող ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելու նույն պայմանները:
Մասնավորապես, նրանց տեսակցություն չի թույլատրվում, բացառությամբ պաշտպանների եւ անձնական բացառիկ հանգամանքների, չի թույլատրվում ստանալ հանձնուք, բացառությամբ սեզոնային հագուստի եւ առաջին անհրաժեշտության առարկաների:
ՍԴ-ի գնահատմամբ, թեեւ վիճարկվող կալանքի պայմաններն ավելի ծանր են, բայց պատժի կրման ժամկետը ավելի մեղմ պատժատեսակ է, քան կարգապահական գումարտակում պահելը կամ որոշակի ժամկետով ազատազրկումը:
Այս հոդվածը համապատասխանում էր ՀՀ սահմանադրությանը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
08.03.2018