Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորս մեր երկրի տնտեսներն ենք ու պատասխանատվություն ենք կրում Աստծո առջեւ

Մարտ 09,2018 13:00

Երկրի տնտեսները միայն իշխանությունները չեն: Մենք բոլորս տնտեսներ ենք կարգված այս աշխարհի վրա ու պատասխանատու ենք լինելու Նրա հանդեպ, ով ստեղծել է աշխարհն ու ապրելու պայմաններ ապահովում աշխարհի համար՝ ջուր անձրեւ, հող, արեւ, ձգողականության ուժ եւ երկրագնդի համաչափ պտույտներ:

Մարդու բնութագիրը որոշվում է նրանով, թե ինչպես է նա վարվում իր ունեցվածքի հետ: Կա ժամանակավոր ունեցվածք, որ այս աշխարհի փողն ու փառքն է, ու կա հավիտենական ունեցվածք, որ Աստված է տալիս մարդուն հավիտենապես: Այն, ինչ կա այս աշխարհում, ժամանակավոր է ու Աստված նայում է, թե մենք ինչպես ենք վարվում դրա հետ: Այդպես էլ որոշվում է մեր բնութագիրը, թե ինչ տեսակի մարդ ենք մենք:

Մենք Աստուծո տնտեսներն ենք այս աշխարհի վրա:

2000 տարի առաջ, Աստուծո Որդին մեզ մի պատմություն թողեց, որտեղ ցույց տվեց, որ ունեցվածքի հետ վարվելու ճշմարիտ օրենքը չունեւորի հետ բաժին հանելն է:
Ուշադիր կարդացեք Ղուկասի Ավետարանի 16-րդ գլուխը: Այնտեղ կտեսնեք, որ Տեր Հիսուսը Տնտեսի առակով ցույց է տալիս ապրելու ճիշտ ձեւը: Աստված մեզ տնտեսներ է կարգել այս աշխարհում: Մի օր այդ տնտեսությունը մեզանից վերցվելու է ու այս հողի վրա այլեւս չենք կարողանալու աշխատել: Այսինքն՝ մահը գալու է ու սրբելու ամեն ինչ: Ամեն ինչ ձեր ձեռքից վերցվելու է: Դրանից հետո ո՞վ պիտի ձեզ ընդունի իրենց տները երկնքում: Ինչո՞վ եք ապրելու: Ո՞ւր պիտի գնաք: Իսկ եթե ասեք, որ մահից հետո կյանք չկա, ասեք ինձ խնդրում եմ: Արդյոք այսքան ժամանակ մի մահացած մարդ հետ եկա՞վ ու նման բան ասաց, թե՞ մենք ենք մեր անհավատությամբ գլխներիս տակ փափուկ բարձ դնում:
Տերն ասում է. ձեզ տրված բաներից բաժին հանեք մարդկանց ու ներեք նրանց իրենց պարտքերը: Սա ապրելու ճիշտ ձեւն է: Որպեսզի մշտապես ապրենք:
Ներեք մարդկանց ու ձեր ունեցվածքից բաժին հանեք նրանց հետ:

Գիտեմ, որ քո ունեցածից ուրիշին բաժին հանելը դժվար բան է: Բայց Տեր Հիսուսը ձեւը սովորեցրեց: Տնտեսի առակը պատմելուց հետո Նա ասաց. «քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է» (Ղկ. 16:10): Այսինքն, եթե չեք կարողանում շատ բարի գործեր անել, գոնե քչից սկսեք: Բայց արեք: Հավատարիմ եղեք գոնե քչի մեջ: Ամեն օր հատուկ մի քիչ բարի գործ արեք ու մերժեք ամեն չար բան: Հետո ձեզ ուժ կտրվի ավելի շատն անելու:

Այս ամենը պատմելուց հետո, Տեր Հիսուսն ասաց, նայեք ժողովուրդ, չեք կարող երկու տիրոջ ծառայել: Կամ մեկին եք սիրելու ու այդ ժամանակ մյուսին ատելու, կամ էլ հակառակը: Ու հստակ ասաց, չեք կարող համ Աստծուն ծառայել, համ էլ ժամանակավոր ունեցվածքին:

Ուրեմն քանի դեռ ժամանակ ունեք, հստակ որոշում կայացրեք ձեր սրտերում: Ո՞ւմ հետեւից եք գնալու: Այս աշխարհի ժամանակավոր ու ոչ մնայուն ունեցվածքի հետեւի՞ց, թե՞ այն հավիտենական ունեցվածքի հետեւից, որ Աստված է տալիս մարդուն:
Մարդիկ սիրում են իշխանություններին ու պաշտոնավորներին մեղադրել իրենց գործի մեջ թերանալու մեջ: Բայց ամեն մեկս պիտի հիշենք, որ մենք էլ մեր կարգին տնտեսներ ենք այս երկրի ու հողի վրա: Աստված մի օր մեզանից էլ է վերցնելու այս տնտեսությունն ու ասելու է, «տուր ինձ քո տնտեսության հաշիվը»: Ծնողին հարցնելու է՝ ինչպե՞ս երեխա դաստիարակեցիր, բժշկին հարցնելու է՝ ինչպե՞ս բուժեցիր, ուսուցչուհուն հարցնելու է՝ ինչպե՞ս սովորեցրիր, պատշարին հարցնելու է՝ ինչպե՞ս կառուցեցիր եւ այսպես շարունակ:
Եթե մենք չփոխենք մեր մտածելակերպն ու սխալվենք այս հարցում, ապա մի օր ամեն ինչ մեր ձեռքից կվերցվի: Բայց եթե ամեն մեկս ճիշտ վարվի իր ունեցվածքի հետ, ապա մենք կունենանք մաքուր սրտեր, բարի մարդիկ, կուռ ամրություն եւ հզոր պետություն:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

08.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031