Այսօր աշխարհի բնակչության ավելի քան 40%-ն ունի ինտերնետ հասանելիություն: 1995թ.-ին նրանց թիվը 1%-ից էլ քիչ էր: Հենց այս պահին ինտերնետ օգտատերերի թիվը 3.8 միլիարդից ավելին է ու այն արագ եւ շարունակաբար աճելու միտում ունի: Ժամանակակից մարդու կյանքը մեծ մասամբ ցանցում է. նա ունի ինֆորմացիոն պահանջը բավարարելու, վիրտուալ հարթակներում շփվելու, տարբեր բլոգներում ու ֆորումներում ներկայանալու անընդհատ կարիք: Բայց չափից շատ ժամանակ ցանցային կյանքին նվիրելը կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական ու ֆիզիոլոգիական խնդիրների ու համացանցային կախվածության:
Առաջինը ամերիկացի հոգեբան Այվեն Գոլդբերգն էր, որ 1995թ.-ին առաջարկեց «Ինտերնետային կախվածություն» տերմինը: Ըստ Գոլդբերգի` համացանցում շատ երկար ժամանակ անցկացնելը հանգեցնում է սթրեսի, ագրեսիվության ու դեպրեսիայի:
Հոգեբան- մանկավարժ Հայկուհի Հարությունյանը նշում է, որ գիտության ու տեխնիկայի զարգացման այս դարաշրջանում կյանքն առանց համացանցի գրեթե անհնար է պատկերացնել, ու այն առկա է մարդու կենսագործունեության տարբեր ոլորտներում՝ աշխատանք, կրթություն, ժամանց. «Հոգեբանական տեսանկյունից այն ունի ինչպես իր դրական, այնպես էլ բացասական ազդեցությունը, մի կողմից համացանցը ինֆորմացիոն հսկայական աղբյուր է, որի շնորհիվ մարդկանց մոտ այլեւս չի նկատվում ինֆորմացիոն քաղց, բայց ոչ ճիշտ օգտագործումը հանգեցնում է օտարացման` ինչպես իրենից, այնպես էլ շրջապատից»:
20-ամյա Շուշանը խոստովանում է, որ առանց համացանցի չի պատկերացնում իր կյանքը, սոցիալական ու ինֆորմացիոն կայքերը ստուգելը դարձել է իր առօրյայի պարտադիր մաս. «Հիմնականում ինտերնետը միշտ միացրած է լինում, ու անընդհատ ստուգում եմ, կարելի է ասել` ամբողջ օրն էլ անցկացնում եմ ինտերնետում»:
Ինտերնետ կախվածության առաջին նշանները գտնելն այդքան էլ բարդ գործ չէ: Առաջինը համացանցում անցկացվող ժամանակն է. ըստ տարբեր դիտարկումների՝ եթե մարդն օրական 5-7 ժամ ու ավելի անցկացնում է համացանցում, դա տագնապի լուրջ պատճառ է: Բնականաբար, կարեւոր է, թե ինչին է հատկացվում այդ ժամանակը համացանցում: Եթե դա կապված է աշխատանքի, ուսուցման կամ ինքնազարգացման հետ, ապա բացասական ազդեցությունը մինիմալ է: Բայց եթե մարդը ժամանակը տրամադրում է կայքից կայք աննպատակ թափառումներին, համակարգչային խաղերին կամ «ապրում է» սոցիալական կայքերում, ուրեմն համացանցային կախվածությունը դառնում է շոշափելի ու վտանգավոր:
Մեր հերոսուհին ընդունում է, որ պետք է ազատվել այդ կախվածությունից ու բալանսի բերել իրականում ու վիրտուալում ծախսվող ժամանակը, բայց նաեւ նշում է, որ առանց համացանցի էլ հնարավոր չէ. «Փորձել եմ նույնիսկ ջնջվել Ֆեյսբուքից, բայց 2 օր է տեւել, նորից ակտիվացրել եմ: Վիրտուալ շփումը լրացնում է ընկերների հետ իրականում շփվելու բացը, բայց նաեւ հաճախ է լինում, երբ ընկերներս բողոքում են, որ ուշադրություն չեմ դարձնում, եթե ինչ-որ բան են պատմում 2-3-րդ անգամ եմ հարցնում, որովհետեւ պատմածը ուղղակի չեմ լսում»:
Հոգեբանը փաստում է, որ համացանցից շատ օգտվելու արդյունքում մարդկանց մոտ նվազում է հիշողությունն ու ինֆորմացիան պահպանելու ունակությունը. «Երբ մենք ինֆորմացիա ենք ընթերցում, մեր հիշողությունը փորձում է պահպանել ոչ թե ինֆորմացիան, այլ թե որտեղից ենք մենք այն վերցրել, որտեղից ենք կարդացել կամ որ հղումն ենք օգտագործել, միաժամանակ գովազդների պատճառով նվազում է ուշադրությունը, եւ եթե դա տեւական է լինում, մարդիկ դժվարանում են կենտրոնացնել ուշադրությունը ինչ-որ բանի վրա»:
Հոգեբանական խնդիրները, անձի օտարումը, երկատվածությունը, տեսողության թուլացումն ու ողնաշարի շեղումը համակարգչասմարթֆոնային անվերջ շղթայի թողած ազդեցության մի մասն են: Ծանր հետեւանքները բացառելու համար հոգեբան Հայկուհի Հարությունյանը նշում է, որ պետք է զարգացնել ու մարզել կամքի ուժը ու կարողանալ ճիշտ ու գրագետ համակարգել համացանցում լինելու ժամերը:
Մեր մյուս հերոսուհին` 17-ամյա Անգելինան, փաստում է, որ կարողացել է հաղթահարել անընդհատ ինտերնետում լինելու ցանկությունը՝ կամքի ուժը կենտրոնացնելու ու ապագայում տեսողական լուրջ խնդիրներ ունենալու վախից. «Նախկինում օրվա մեծ մասն անցկացնում էի համակարգչի ու սմարթֆոնի առջեւ, երբեմն նույնիսկ ծնողներիցս թաքուն, քանի որ բարկանում էին: Բայց հետո զգացի, որ աչքերս ավելի զգայուն են դառնում, տեսողությունս թուլանում է, ու այն կորցնելու վախից ուժ գտա հրաժարվել համացանցից: Առաջին մեկ շաբաթը, իհարկե, դժվար էր: Բայց շուտով օրվա նոր գրաֆիկին հարմարվեցի ու հիմա ինտերնետից օգտվում եմ ավելի համակարգված ու քիչ ժամանակով»:
Ինտերնետ կախվածություն ունեցող մարդկանց թվի մասին հստակ տվյալներ չկան. տարբեր աղբյուրներ փաստում են, որ այդ թիվը կազմում է մոլորակի բնակչության 2-10%-ը:
Այն, որ համացանցային անվերջ տիրույթները կարող են տեղեկացնել, համախմբել, կրթել, զարգացնել ու աշխատանքի նոր հնարավորություններ բացել, անժխտելի փաստ է: Մնում է միայն կարողանալ ճիշտ ու գրագետ օգտագործել տեղեկատվությունն ու տեխնոլոգիական նորարարությունները եւ հավասարակշռության մեջ պահել ցանցային կյանքին տրամադրվող ժամանակը:
ԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ
«Առավոտ»
08.03.2018