Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը դուռը չի փակել

Մարտ 09,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ

«Նոր պայմաններում՝ նոր փաստաթուղթ»

.0Այս տարի փետրվարին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում՝ «Նե՞րս, թե՞ դուրս. Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ ընկած երկրները» խորագրով քննարկման վերջին ակորդը հնչեցրեց Հայաստան-Թուրքիա արձանագրությունների թեմայով՝ ավելի վաղ մի քանի անգամ նախազգուշացումներ հնչեցնելուց հետո, որ Թուրքիայի իշխանությունները Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չեն կարող առհավետ պատանդ պահել:

«Կարող եմ վստահությամբ ասել, որ Հայաստանն ամեն ինչ արել է այս իրավիճակը հաղթահարելու համար։ Իմ նախաձեռնությամբ սկիզբ առած Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կանոնակարգելու գործընթացը կարող էր նոր հնարավորություններ ստեղծել ինչպես մեր երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։ Այնուամենայնիվ, 2009թ. Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կնքված արձանագրություններն այդպես էլ մնացին թղթի վրա: Թուրքիան ոչ միայն չվավերացրեց դրանք, այլեւ առաջադրեց արձանագրությունների հետ որեւէ կապ չունեցող նախապայմաններ: Դա ոչ այլ ինչ էր, քան պատմական հնարավորության տապալում։
Արդյո՞ք Ադրբեջանն է խոչընդոտում Թուրքիային Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, ինչպես մեզ շատերը փորձում են համոզել։ Ո՛չ, հիմնական խոչընդոտը Թուրքիայի առաջնորդների քաղաքական կամքի բացակայությունն է: Կարծում եմ՝ պատկերացնում եք, որ հայկական սփյուռքի շատ ու շատ ներկայացուցիչներ այնքան էլ երջանիկ չէին մեր այդ որոշմամբ։ Դա բնական էր, քանի որ նրանք Ցեղասպանություն վերապրածների եւ հայրենազրկման ենթարկվածների ժառանգներն են։ Ես շրջագայեցի ողջ աշխարհով, հանդիպեցի սփյուռքի մեր քույրերի եւ եղբայրների հետ՝ համայնք առ համայնք, քննարկեցի նրանց հետ չափազանց զգայուն այս խնդիրը։

Արդյո՞ք Թուրքիայի ղեկավարները դրսեւորեցին նման քաղաքական կամք, արդյո՞ք նրանք որեւէ կերպ տեր կանգնեցին իրենց իսկ ստորագրած փաստաթղթերին։ Մենք չենք կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին: Արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից: Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որեւէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը»,- նշեց Ս. Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում։

Սա ոչ միայն ցյուրիխյան արձանագրությունների պատմության էջի փակման քայլն էր, այլեւ Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնական Անկարային ուղղված ամենակարեւոր ուղերձի ներկայացում՝ եթե ապագայում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձ անի, ստիպված է լինելու նոր պայմաններում դա անել, այսինքն՝ սկսել զրոյից: Իսկ սա նշանակում է այն, ինչ Անկարան ստանում էր ցյուրիխյան արձանագրությունների միջոցով՝ դրանք պաշտոնական Երեւանի համար օրակարգային չեն կարող լինել ապագայում:

Ֆուտբոլային դիվանագիտության ավարտը

Մարտի 1-ին Սերժ Սարգսյանի որոշմամբ դադարեցվեց 2009թ. Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը:

Նույն օրը Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որտեղ ներկայացրեց ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ Հայաստանի ջանքերը: ԱԱԽ անդամները արձանագրել էին, որ հարեւան Թուրքիան չօգտվեց ընձեռված պատմական հնարավորությունից, ավելին՝ առաջ քաշած իր նախապայմաններով ոչ միայն չնպաստեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, այլեւ բարդություններ ստեղծեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում՝ նպաստելով Ադրբեջանի դիրքորոշման առավել կարծրացմանը: ԱԱԽ անդամները միաժամանակ ընդգծել էին, որ ստեղծված իրավիճակում Հայաստանին այլընտրանք չի մնում, քան դադարեցնել արձանագրությունների կնքման ընթացակարգերը, եւ որ Հայաստանն ավելի շատ հիմքեր ուներ Թուրքիային նախապայմաններ առաջադրելու, սակայն ընտրել էր հարեւանների հետ հարաբերությունների կարգավորմամբ խաղաղ եւ կայուն տարածաշրջան ունենալու հեռանկարը:

Սերժ Սարգսյանը շեշտել էր, որ Թուրքիան, խախտելով ընդունված միջազգային պրակտիկան եւ այն հանձնառությունները, որ պետությունները ունեն միջազգային հանրության առջեւ, ուղղակի կոպիտ ձեւով չվավերացրեց այդ արձանագրությունները՝ առաջ քաշելով դրանց հետ կապ եւ որեւէ աղերս չունեցող նախապայմաններ. «Մենք որեւէ մեկի հետ հարաբերություններում նախապայմաններ չենք առաջադրում, եւ որեւէ մեկի նախապայմաններ առաջադրելու պրակտիկան ուղղակի մեզ մոտ չի անցնելու: Մենք փոքր պետություն ենք, չունենք ոչ հզոր ռազմական, ոչ տնտեսական ներուժ, բայց մենք անկախ պետություն ենք եւ գործելու ենք միայն ի շահ մեր պետության եւ մեր ժողովրդի»: Այնուհետեւ նա հավելել էր. «Ես ուզում եմ մեր հանրության եւ ձեր ուշադրությունը հրավիրել երկու հանգամանքի վրա: Հանգամանք առաջին՝ իմ խորին համոզմամբ, մեր անցած ճանապարհը շատ օգտակար էր: Երբ մենք սկսում էինք բանակցային գործընթացը, բնական է, որ կանխատեսում էինք երկու ելք՝ դրական կամ բացասական: Եվ եկանք այն եզրակացության, որ երկու պարագայում էլ մենք շահող ենք. կստացվի հարաբերություններ հաստատել՝ դա կբխի երկու ժողովուրդների շահերից, չի ստացվի, ապա միջազգային հանրությունը մինչեւ վերջ կհամոզվի, որ հարաբերությունների բացակայությունը պետք է փնտրել այլ տեղ, համենայնդեպս ոչ Հայաստանի գործելաոճում: Եվ կարծում եմ՝ մենք դրան ամբողջովին հասել ենք: Չկա մի միջազգային կառույց, չկա շատ թե քիչ միջազգային գործընթացներին մասնակցող որեւէ պետություն, որն ունենա այլ կարծիք: Եվ այդ կարծիքը բազմաթիվ անգամ մենք լսել ենք հրապարակավ՝ թե գնդակը ում դաշտում է, թե ում պատճառով չեն վավերացվում այս արձանագրությունները: Հանգամանք երկրորդ՝ ինչպես ասացի, մեր սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մենք խորապես համոզված ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելը, այնուհետեւ այդ հարաբերությունների զարգացումը բխում է մեր երկու ժողովուրդների շահերից: Գիտեք, իհարկե, շահը ակնհայտ է, բայց միշտ վազել այդ շահի հետեւից՝ հույս չունենալով, որ որեւէ պարագայում կարող ես հասնել, այդ ընթացքում կարող ես շատ բան կորցնել: Ուստի մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաեւ թուրքական կողմի մոտ: Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այդ առաջարկությունները քննարկել, իսկ մինչ այդ մենք կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչեւ հիմա էինք զարգանում՝ առանց Թուրքիայի հետ ունենալու դիվանագիտական հարաբերություններ»։

Խիստ անորոշ ապագա

Ի՞նչ ունենք այսօր՝ ցուրիխյան արձանագրությունները պատմության գիրկն ուղարկելուց հետո: Ի՞նչ շահեց Հայաստանը: Ի՞նչ ապացուցեց Թուրքիան: Սրանք կարեւոր հարցեր են, որոնց պատասխանները Հայաստան-Թուրքիա հարաբերություններում հետագայում փոքր հնարավորությունների դեպքում անգամ մեծ նշանակություն կարող են ունենալ:
Նախ՝ ամենակարեւոր եւ ակնհայտ փաստն այն էր, որ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո պաշտոնական Անկարան անմիջապես նախապայմաններ ներկայացրեց եւ ինը տարիների ընթացքում ոչ մի քայլ չարեց արձանագրությունները վավերացնելու ուղղությամբ: Նշանակում է՝ ղարաբաղյան նախապայմանից Անկարան չի հրաժարվելու:

Հաջորդը՝ Անկարան բացահայտ կապեց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ եւ դրանով իսկ հանդես եկավ որպես կողմնակալ երկիր Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Իհարկե, սա դժվար է նորություն համարել, սակայն այսօր, առավել քան երբեւէ, միջազգային հանրության համար ակնհայտ է, որ Անկարան ոչ միայն կողմնակալ երկիր է ԼՂ խնդրով ու Ադրբեջանի «եղբայրական» երկիրն է, այլեւ Անկարան սատարում ու աջակցում է Բաքվի ռազմատենչ քաղաքականությունը ԼՂ հարցում, այսինքն՝ հանդես է գալիս ընդդեմ հակամարտության խաղաղ կարգավորման ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի:

Անկարան այս ինը տարիների ընթացքում ապացուցեց, որ Հայաստան-Թուրքիա արձանագրություններով առավելապես ձգտում էր գերտերություններից Հայաստանի նկատմամբ ճնշումների բանեցման հասնել՝ ադրբեջանանպաստ կարգավորման հասնելու նպատակով, այլ ոչ թե կողմնակից էր հարեւան երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման: Ընդ որում, Անկարան դա էր ապացուցում՝ չնայած միջազգային շահագրգիռ երկրներն ու կառույցները շարունակում էին պնդել, որ ԼՂ խնդրի հանգուցալուծումը չի կարող կապվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հետ:

Անկարան ոչ միայն այս տարիների ընթացքում ցույց տվեց իր ապակառուցողական կեցվածքը, այլեւ արհամարհեց մի պետության հրավերը, որի հետ արձանագրություններ էր ստորագրել: Հիշեցնենք, որ Անկարան մերժեց 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին մասնակցելու Սերժ Սարգսյանի հրավերը, որը 2014թ. օգոստոսին Անկարայում Թուրքիայի նախագահ Էրդողանին էր փոխանցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Սա նույնպես մի բաց թողնված հնարավորություն էր Անկարայի համար:

Այսպիսով, Անկարան փաստեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ուղղակի պատրաստ չէ, ինչը իր հերթին նշանակում է, որ նա հրաժարվեց քաղաքական կամք դրսեւորել եւ չհարգեց իր իսկ ստանձնած պարտավորությունները:

Այսօրվա Թուրքիան պատրաստ չէ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ սա արդեն հստակ է ողջ աշխարհի համար, եւ դժվար է կանխատեսել, թե այսօրինակ Թուրքիայի օրակարգում տեսանելի ապագայում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարց կարո՞ղ է ներառվել:
Ի՞նչ շահեց պաշտոնական Երեւանը ցյուրիխյան արձանագրություններով՝ շատերն են այս հարցը տալիս: Միջազգային հանրությունն արձանագրեց, որ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման խոչընդոտը Անկարան է, եւ որ Թուրքիան ԼՂ կարգավորման գործընթացում խիստ կողմնակալ երկիր է, որը սպասարկում է բացառապես Ադրբեջանի շահը: Այս իրողությունների վրա լույս սփռելը Հայաստանի համար շահեկան էր:

Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների խիստ անորոշ ապագային, ապա Սերժ Սարգսյանը չի փակել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դռները: Ավելին՝ պաշտոնական Երեւանն արձանագրեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելը, այնուհետեւ այդ հարաբերությունների զարգացումը բխում է երկու ժողովուրդների շահերից, եւ եթե ապագայում լինեն առաջարկություններ, պաշտոնական Երեւանը պատրաստ է քննարկել դրանք։ Պարզապես նոր իրավիճակում հնարավոր քայլերը պետք է լինեն Անկարայից, եւ ինչպես Սերժ Սարգսյանն արձանագրեց՝ նոր բանակցություններով, նոր փաստաթղթով:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 08.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031