Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՆՏԻ ԼՅՈՒՔՍԸ

Մարտ 09,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ ութերորդ

ՀՐԱՆՏԻ ԼՅՈՒՔՍԸ

Խոսքով ընկնելով մոռացա ասել, որ մենք վաղուց հասել էինք Մոսկվայի «Ուկրաինա» հյուրանոց, որտեղ բնակվում էին ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության համագումարի հայաստանյան պատվիրակները, եւ իմ հիշած ու սղագրած էս ամբողջ խոսակցությունը ծավալվել էր այդ հյուրանոցի՝ Հրանտ Մաթեւոսյանին հատկացված համարում, եւ սեղանակիցներից միակը՝ ով այդ համագումարի պատվիրակ չէր, ձեր խոնարհ ծառան էր, եւ չնայած Գորկու փողոցի անցորդները Հրանտ Մաթեւոսյանին չէին ճանաչում, այդուհանդերձ, «Ուկրաինա» հյուրանոցի լավագույն լյուքսերից մեկը հենց Հրանտ Մաթեւոսյանին էր հատկացված, որովհետեւ, էդ պահի դրությամբ, Հրանտն արդեն ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր էր, եւ էդ հիշարժան իրիկուն Հրանտի լյուքսում ընտիր կոնյակներով փառահեղ սեղան էր գցված, եւ բոլորիս տրամադրությունը շատ բարձր էր, որովհետեւ որեւէ տհաճ անձնավորություն կամ հանգամանք չկար, եւ չնայած «Ռոսիա» ռեստորանում կուշտ կերել ու խմել էինք, Հրանտի լյուքսում կերուխումը շարունակվեց, ավելի ճիշտ՝ ոչ թե կերուխումն էր շարունակվում, այլ՝ քեֆն ու համով զրույցը, եւ մանավանդ իմ քեֆին քեֆ չէր հասնի, որովհետեւ ես շատ ջահել էի եւ ինձ համար շատ մեծ պատիվ էր մեր հայրենակից երեւելիների հետ նախ «Ռոսիա» ռեստորանում, հետո Հրանտի լյուքսում մինչեւ լույս սեղան նստելը, եւ ժամանակ առ ժամանակ ինքս էլ էի իրենց խոսակցություններին մասնակցում, եւ Գորկու փողոցում էլ, երբ գրեթե բոլոր անցորդները հմայված ու զարմացած նայում էին Ֆրունզիկին ու Ջիգարխանյանին, ես ինձ շատ լավ էի զգում՝ ոչ միայն էն պատճառով, որ երկուսն էլ հայրենակիցներս էին, այլեւ էն պատճառով, որ երկուսին էլ անձամբ էն ճանաչում, եւ եթե Ջիգարխանյանի հետ Չեխ Հովիկն ու Վանուշն ընդամենը մի քանի ամիս առաջ էին ինձ ծանոթացրել, Ֆրունզիկին դեռեւս վաթսունականներից՝ հորս արհեստանոցից էի անձամբ ճանաչում, եւ նմանապես Խորիկին էի էդ թվերից ու հորս արհեստանոցից ճանաչում, եւ Տիգրան Մանսուրյանին էլ էի անձամբ ճանաչում, եւ Տիգրանն ինձ որպես բանաստեղծ էլ էր ճանաչում ու ընդունում, եւ Հրանտն ու Աղասի Այվազյանն էլ էին ինձ որպես բանաստեղծ ճանաչում, եւ չնայած Չեխ Հովոն ու Վանուշն ինձ Փելեշյանի հետ էլ էին ծանոթացրել, էդ օրը Փելեշը միակն էր, որ ինձ չէր հիշում ու տեղը չէր բերում, բայց երբ Հրանտն ինձ ու իմ բանաստեղծությունները գովեց, եւ երբ Տիգրանը, Ֆրունզիկը, Աղասին ու Խորիկն էլ բանաստեղծություններս գովեցին, Փելեշը սկսեց ինձ ավելի լուրջ վերաբերվել, եւ ես ինձ արդեն ավելի վստահ էի զգում, եւ Փելեշյանն էլ ինձ ավելի ուշադիր էր լսում, եւ երբ ես ասացի, որ Մալյանի ու Հրանտի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում ամենից լավ Փելեշյանն ու Շերենցն են խաղում, Տիգրան Մանսուրյանն ինձ դիտողություն արեց ու ասաց՝ «էդ բանը չպիտի ասեիր, Արմեն ջան», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ր բանը», եւ Տիգրանը ժպտալով ասաց՝ «Փելեշը չի սիրում, որ էդ Ռեւազի դերի մասին խոսում են», եւ մինչ ես կմտածեի՝ ինչ ասեի, Փելեշյանը Տիգրանին ասաց՝ «Արմենը պոետ ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «պոետներին ամեն ինչ կարելի ա» եւ մի քիչ էլ մտածեց ու միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «ես շատ լավ եմ զգում, որ ինձ Շերենցի հետ են համեմատում»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031