Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպաններն ուզեն` չուզեն` 42 միլիոն դոլարի ՀԷԿ-եր են կառուցվելու

Մարտ 08,2018 17:52

2017 թվականին մեր երկրում 856,5 միլիոն դոլարի ներդրում է կատարվել: Այս գումարից մի խոշոր մասնաբաժին` 42 միլիոն 152 հազար դոլար, հակառակ բնապահպանների ու ոլորտի փորձագետների մտահոգություններին, ներդրվել է հանրապետության տարածքում կրկին բազմաթիվ ՀԷԿ-եր կառուցելու բիզնեսում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության` ներդրումների վերաբերյալ հրապարակած հաշվետվությունից: ՀԷԿ-երը կկառուցվեն տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ոլորտին ուղղված ներդրումներով: Ընդհանուր ներդրումների մեջ այս գերատեսչությանը բաժին է ընկել 78 միլիոն 927 հազար դոլարի գումար:

Մնացած գումարը նախարարությունն ուղղել է տեքստիլ ոլորտին` 5 միլիոն 3 հազար դոլար, ոսկերչությունն ու ակնագործությունը զարգացնելու համար 5 միլիոն 400 հազար դոլարի ներդրում է կատարվել: Այս նախարարությունը ներդրումներ է բերել նաեւ ծխախոտի արտադրությունն ու կոնյակագործությունը խթանելու համար. առաջինում կներդրվի 400 հազար դոլար, կոնյակի արտադրության բիզնեսում` 900 հազար դոլար: Գործարարներին նաեւ հետաքրքրել է դեղագործության ոլորտը, որին ուղղվել է 6 միլիոն 600 հազար դոլար: Գիշերային տեսանելիության սարքերի արտադրություն հիմնելու նպատակով էլ մեր երկրում ներդրվել է 150 հազար դոլար:

Քիչ ծավալով ներդրումներ կատարվել են Պետական եկամուտների կոմիտեի ոլորտում: Այստեղ միակ ներդրումն ուղղվել է Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան անցման կետերի արդիականացման ծրագրերն իրագործելու, որի արժեքն է 5 միլիոն 705 հազար դոլար:

Մշակույթի նախարարության ոլորտի ներդրումները նույնպես մեծ չեն` 2 միլիոն 782 հազար դոլար: Այդ գումարը երեք տեղ է բաժանվել. 1 միլիոն 427 հազարը ուղղվել է պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը, 125 հազար դոլարը «մշակութային կանգառ» ծրագրին, այլ ծրագրերի համար ներդրվել է 1 միլիոն 230 հազար դոլար:

Առողջապահության նախարարության ոլորտում ներդրումները կազմել են 31 միլիոն 356 հազար դոլար, որից 24 միլիոն 380 հազար դոլարն ուղղվել է բժշկական կենտրոնների վերանորոգմանը, սարքավորումների ձեռքբերմանը եւ նոր ծառայությունների հիմնմանը: Իսկ 6 միլիոն 975 հազար դոլարով էլ նախարարությունը նոր կառուցվող մարզային լաբորատորիաներին սարքավորումներով կապահովի:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը բաժին հասած ներդրումները 3 միլիոն 192 հազար դոլար են: Մանկատների եւ խնամքի կենտրոնների վերանորոգման համար նախարարությունը կծախսի

362 հազար դոլար, 2 միլիոն 831 հազար դոլարը սոցիալական ոլորտի բարեփոխումներին է ուղղվել:

Փաստաթղթում մարզային ներդրումները առանձին գումարով է ներկայացված: Մարզերում 170 միլիոն դոլարի ներդրումներից 154 միլիոն 816 հազար դոլարը բիզնես ներդրումներն են: Բնակարանաշինությանն ուղղվել է 9 միլիոն 154 հազար դոլար, դպրոցներին եւ մանկապարտեզներ կառուցելու համար էլ հատկացվել է 1 միլիոն 199 հազար դոլար: Մնացած գումարներն ուղղվել են այլ ծրագրերին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031