Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ ասեմ՝ շարժումը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը նստում մտածում էին, որի առաջ ինչ խոտ դնեն, նման բան երբևիցե գոյություն չի ունեցել». Աշոտ Մանուչարյան

Մարտ 08,2018 17:21

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Չարենցավանի նախկին քաղաքապետ Խոսրով Հարությունյանը, օրերս խոսելով Ղարաբաղյան շարժման տարիներին գործադուլների մասին, այսպիսի կարծիք է հայտնել. «Գիտեք՝ գործադուլ չանող կազմակերպության առաջ դնում էին խոտի դեզ՝ դրանով բարոյապես ճնշում այդ կազմակերպությանը: Ես դեմ էի գործադուլներին, քանի որ կարծում էի, որ գործադուլը ճանապարհ չէ»:

Այն դիտարկմանը, թե դա արվում էր մեծ նպատակին հասնելու համար, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Ո՞րն էր այդ մեծ նպատակը, հնարավոր չէ՞ր միտինգը ժամը վեցից՝ աշխատանքից հետո անել»:

Aravot.am-ի հետ զրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն արձագանքեց, եթե ՀՀ նոմենկլատուրան, կոմկուսի ղեկավարությունը, որոնք որոշում էին կայացնում, որ պետք չի գործադուլը, դրա հետ մեկտեղ ասեին, թե ոնց պետք է անել, որ Ադրբեջանում երեխա չմորթեին, վիճակը կլիներ իդեալական. «Ղարաբաղյան շարժման մասնակիցները գործադուլ էին հայտարարում ոչ թե նրա համար, որ իրենց դուրը շատ էր գալիս չաշխատելը կամ որ, այսպես ասած, խառնակիչ էին և այլն, այլ ուղղակի լինում էր մարդկանց մասսայական սպանություն, օրինակ՝ Սումգայիթ, կամ, օրինակ, Ղարաբաղի բյուրոյի վրա հարձակում կամ տարբեր տիպի օպերացիաներ էին Ադրբեջանի օմոններն անցկացնում, մեր ժողովուրդը ոչ մի ձև չուներ այդ բաները կանգնեցնելու: Եթե այդ նոմենկլատուրան, որոնք որոշում էին կայացնում, որ պետք չի գործադուլը, դրա հետ մեկտեղ ասեին, թե ոնց պետք է անել, որ Ադրբեջանում երեխա չմորթեին, վիճակը կլիներ իդեալական: Գործադուլով մեր ժողովուրդը ստիպում էր խորհրդային ղեկավարությանը ինչ-ինչ գործողություններ անել այդ ամենը կասեցնելու ուղղությամբ: Խորհրդային Միությունն այդ ժամանակ ծանր վիճակում էր. արդյունավետ չէր, դավաճանները, փող գողացածները, դրսի ուժերի հետ գործարքների մեջ մտածները նոմենկլատուրայի մեջ հսկայական թիվ էին կազմում, նրանք ամեն ինչ անում էին, որ, հակառակը, ԽՍՀՄ-ում լինեին հսկայական թվով պրոբլեմներ: Եթե ՀՀ նոմենկլատուրան, կոմկուսի ղեկավարությունն ավելի կարծր դիրքորոշում ունենային, հանդես գային որպես ժողովրդի ներկայացուցիչներ, ժողովուրդն ավելի պակաս անհրաժեշտություն կունենար դիմելու այնպիսի մեթոդների, ինչպիսին գործադուլն է: Քանի որ ղեկավարությունն առնվազն թույլ էր, շատերն էլ տրված էին հարստանալու մոլուցքին և հարց բարձրացնել ի վիճակի չէին, ապա ստիպված էր ժողովուրդը որևէ զենք գտնել, որ հայության սպանություններն Ադրբեջանում կասեցվեին: Ամենաարդյունավետ քայլերից մեկը գործադուլն էր»:

Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ Խոսրով Հարությունյանն այդ ժամանակ գործընթացների վրա մեծ ազդեցություն չուներ. «Խոսրով Հարությունյանն այդ ժամանակ Չարենցավանի քաղխորհրդի նախագահն էր: Ինձ զարմացնում է, որ նա կարող է նման գնահատականով հանդես գալ՝ մոռանալով, որ այդ մարդիկ փորձում էին կասեցնել ցեղասպանությունը Ադրբեջանում»:

Այն, որ Խոսրով Հարությունյանը պնդում է, թե գործադուլներով ճնշում էին գործադրում մյուս կազմակերպությունների վրա, նույնիսկ խոտի դեզ էին դնում դրանց դիմաց, պարոն Մանուչարյանն այսպես արձագանքեց. «Խնդիրն այն չէր, որ մի կազմակերպությունը ճնշում էր գործադրում մյուսի վրա, այլ ճնշումը գործադրվում էր Խորհրդային Միության ղեկավարության վրա՝ պարտադրելով նրանց, որ զորք մտցնեն, ոստիկանություն մտցնեն, քննություն անցկացնեն և այլն»:

Մեր հարցին՝ նման դիրքորոշումներ հայտնելով չե՞ն ստվերում շարժումը, պարոն Մանուչարյանը պատասխանեց. «Շարժումն ամեն կերպ տարբեր կողմերից փորձում են ոչնչացնել, քանի որ հիմա աշխարհում տիրում է խոզագայլ մարդու փիլիսոփայությունը՝ խոզի պես ագահ և գայլի պես գիշատիչ: Որպեսզի ամեն մեկն արդարացնի՝ ինքն ինչու է խոզագայլ, պետք է ասի, որ մարդն ուրիշ կերպ չի լինում: Ինքը պիտի ասի, եթե ես լավագույն խոզն եմ ու լավագույն գայլը, ուրեմն ես կատարյալ եմ: Այն, որ շարժման ընթացքում մարդիկ գործադուլ էին անում՝ աշխատավարձից զրկվելով, խնդիրներ ստեղծելով, որ փրկվի այլ մարդկանց կյանքը, դա այսօր ընդունված չէ: Հազար մարդ վառվի կրակի մեջ, միայն թե ես իմ մեկ բաժակ սուրճը խմեմ, քանի որ ես խոզագայլ եմ: Խոսով Հարությունյանն ու իր գործընկերները պաշտպանում են խոզագայլի փիլիսոփայությունը: Դրա կողմնակիցն ու պահապանն է Խոսրով Հարությունյանը և նրա նմանները»:

Հետաքրքրվեցինք՝ իրո՞ք խոտի դեզ էին դնում գործադուլ չանող կազմակերպությունների առաջ, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ժողովուրդը ստեղծագործում էր անընդմեջ: Երբ նա տեսնում էր, որ որևէ մեկը վախկոտ և խոտակեր է, նրանք խոտը տանում էին նրանց մոտ դնում: Բայց որ ասեմ՝ շարժումը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը նստում մտածում էին, որի առաջ ինչ խոտ դնեն, նման բան երբևիցե գոյություն չի ունեցել: Ժողովուրդը ստեղծագործում էր: Դա ժողովրդի գնահատականն էր: Ղեկավարները դրա հետ կապ չունեին: Երբ բոլորը զոհաբերում են հանուն նրա, որ կասեցնեն մարդկանց սպանդը, իսկ մեկն առնվազն վախկոտ է ու իր տաքուկ տեղի պահապանը և դեմ է հանդես գալիս այդ գործողություններին ու ասում, թե դա մի արա, ապա նա պիտի ասի նաև, թե ինչ անես: Խոսրով Հարությունյանի հնարավորությունները քիչ էին, բայց ՀՀ նոմենկլատուրան, կուսակցական, պետական գործիչները շատ բան կարող էին անել, բայց որպես կանոն՝ վախկոտ ու կաշառակեր էին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031