«Ալիք». Թբիլիսիի Թանդոյանց խոնարհված եկեղեցու շուրջ վեճերը շարունակում են քննարկվել նաև վրացալեզու մամուլում: Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունները պատրիարքարանին են փոխանցել Աղմաշենեբելի պողոտայում գտնվող խոնարհված Թանդոյանց հայկական եկեղեցին եւ հարակից տարածքը: Ստորև ներկայացնում ենք եկեղեցու վերաբերյալ Netgazeti վրացալեզու պարբերականի ծավալուն հոդվածի հայերեն թարգմանությունը.
Հուշարձանի կարգավիճակ ունեցող հայկական եկեղեցին, որը պետությունը փոխանցել է վրաց ուղղափառ եկեղեցուն, Պատրիարքարանը պատրաստվում է հիմնանորոգման ենթարկել, ինչի արդյունքում կկորչի շինության առկա տեսքը:
Միայն հնագիտական աշխատանքների ավարտից հետո պարզ կդառնա` արդյոք Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը հիմնանորոգման հնարավորություն կտա: Աշխատանքները տեղի են ունենում վրաց պատրիարքարանի ծրագրի համաձայն, որը ղեկավարում է հնագետ Մերաբ Ձնելաձեն:
Հարցին, թե ինչու՞ է Մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը «Թանդոյանց» եկեղեցում հնագիտական հետազոտության իրավունքը տվել Պատրիարքարանին, որպես շահագրգիռ կողմ, գործակալությունից պատասխանում են, որ այս տարածքը պատկանում է Պատրիարքարանին և նա դրա իրավունքն ունի: Գործակալությունից նշել են, որ գործընթացում են ներգրավված նաև հնագետներ: