Մենք տղամարդկային հասարակություն ենք: Այս հարցում համակարծիք են քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը եւ Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանախոսները «դեմ» արտահայտվեցին մարտի 8-ի տոնին` նշելով, որ կանանց հիշում են տոնից տոն, մինչդեռ կանանց միշտ պետք է հիշել, առավել եւս՝ կանայք պետք է ունենան հավասար իրավունքներ։
«Բացի մայր լինելուց, մենք կարող ենք շատ ավելի կարեւոր ու արժեքավոր բաներ անել մեր երկրում»,-կարծում է Անահիտ Բախշյանը` հավելելով, որ կանայք քաղաքականության մեջ բերել են հանդուրժողականության բարձր մակարդակ: Հիշեց ամուսնու`երջանկահիշատակ Յուրա Բախշյանի խոսքը. «Որքան շատ լինեն կանայք ԱԺ-ում, այնքան կբարձրացնեն տղամարդկանց ջենտլմենությունը»: Անահիտ Բախշյանն ասուլիսի էր եկել յոթնամյա թոռնիկի պատրաստած թղթե սրտիկ-ծաղիկով:
Իսկ Անուշ Սեդրակյանը հիշեցրեց Հիտլերի խոսքը. «Կինը պետք է գնա խոհանոց, ունենա երեխաներ եւ գնա եկեղեցի»։ Ինքն այս տեսության կողմնակիցը չէ: Նաեւ ասում է. «Քաղաքականության մեջ չկա կնոջ ու տղամարդու պահվածք։ Իրավահավասարության կոնցեպտ դեռ չկա մեր երկրում»: Այս առիթով հիշեց, թե ինչպես էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կին լրագրողին ասել`«Ես էլ ձեր մեջ կին չեմ տեսնում»։ Նաեւ նկատեց, որ կանանց իրավունքների համար ամենալավը պայքարում են տղամարդիկ:
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի կարծիքով, խորհրդարանում կանանց ներկայությունը քաղաքական մթնոլորտը փափկեցնում է, սակայն, կանանց միջոցով է ամենաշատ քծնանքը լինում, ծառայամտությունը։
Ներկաներից միայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանի համար էր մարտի 8-ը`տոն: «Ի պատիվ մեր խմբակցության` պետք է ասեմ, որ մեզ մոտ պահպանվել է 25/75 քվոտան։ Այս էվոլյուցիան կա, սակայն չեմ կարծում, որ դա պետք է ձեւական լինի` չպետք է քանակը որակի հետ խառնել»։
Բանավեճը՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ