Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղամարդկանց բերանները լեզու դրեցիր». քննարկում Կանանց տոնի կապակցությամբ

Մարտ 08,2018 14:32

Կանայք հիշեցնում են՝ մարտի 8-ին այն օրն է, երբ  հիշում ենք, որ կանայք ունեն սահմանափակ իրավունքներ: «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում Կանանց տոնի կապակցությամբ հրավիրված քննարկմանը բանասեր, բնապահպան Կարինե Փանոսյանը հայտարարեց. «Սա ոչ թե տոն է, այլ սա այն օրն է, որ հիշում ենք՝դեռ կանայք սահմանափակ իրավունքներ ունեն: Մինչդեռ հասարակությունը հաջողակ է, երբ հաջողակ է ընտանիքը, ընտանիքը հաջողակ է, երբ երջանիկ է կինը»:

Տիկին Փանոսյանը ներկայացրեց տոնի առաջացման պատմությունը. «Իրականում մարտի 8-ը կանանց միջազգային օրն է, որն ուղղված է եղել կանանց բռնություններին և նրանց իրավունքների սահմանափակումների դեմ պայքարին: 1857 և 1909 թվականների մարտի ութին Նյու Յորքի աշխատավոր կանայք տղամարդկանց դեմ բոյկոտեցին՝ պահանջելով տղամարդկանցից և կառավարությունից ընդունել իրենց՝ քաղաքացիական և ընտրական իրավունքները»:

Անդրադառնալով կին-տղամարդ հարաբերություններում աշխատանքի բաժանման խնդրին՝ տիկին Փանոսյանը նկատեց. «Տղամարդը մտածում է, որ իր աշխատանքը դրսում է, իսկ կինն իր վրա է վերցնում և′ դրսի, և′ ներսի գործերը: Տան աշխատանքը, երեխաների դասերը, դրանք բոլորը վճարվում են, և այդ հաշվարկը կատարելիս՝ կարելի է համոզվել, որ կինը կես միլիոն դրամի օգուտ է բերում ընտանեկան բյուջեին»:

Հոգեբան Իրինա Ծատուրյանը հայտնեց, որ սա զարգացած երկրներում համարվում է գենդերային բյուջե: Ըստ հոգեբանի՝ առաջատար երկրներում դրա համար վճարում են. «Կինը կլինի հաջողակ, երջանիկ այն ժամանակ, երբ նույնիսկ 60 տարեկանում ստիպված չի լինի միջոցառման գնալու համար հարցնել իր ամուսնուն: Ցավոք, կարծրատիպային մոտեցում կա. ասում են՝ էնպես լավ կին էր տանջված: Իսկ զվարթ կնոջ մասին մտածում են, թե թեթև ապրող է: Մեկ այլ կարծրատիպային մոտեցում կա, թե լավագույն մաման զոհ դարձած մաման է: Տեսեք՝ ինչ է կատարվում դպրոցներում, բուժհաստատություններում. կազմը կանայք են, ղեկավարը՝ տղամարդիկ»:

Տիկին Ծատուրյանն առանձնացրեց հատկապես մարզերում ապրող կանանց: Նա ցավով փաստեց. «Մարզերում կան բազում կանայք, որոնք չգիտեն՝ կարելի է ծորակը բացել ու այնտեղից ջուր վերցնել. նա տարաներով ջուր է կրում: Նման բազում կենցաղային հարցեր կան: Առաջին հերթին հենց այս կանանց եմ ուզում շնորհավորել: Ու եթե նրանց մեկը շնորհավորի, անգամ եթե ծաղիկ էլ չնվիրի, դրանով նա արդեն իրեն շոյված կզգա: Երևանում ապրող կինն ավելի ազատ է իր ընտրության մեջ, մինչդեռ մարզում ապրող կինը, որի ամուսինը մեկնում է արտագնա աշխատանքի, իր սկեսուրի և սկեսրայրի հետ մնում է պատանդ: Դա իսկապես խորագույն ողբերգություն է: Հետո էլ, ցավոք, գալիս է տեղեկություն, որ նրա ամուսինն ունեցել է ընտանիք, այնուհետև սեռավարակով վերադառնում է: Ու այդ բեռը կինը ստիպված է տանել ամբողջ կյանքում: Ես խոնարհվում եմ նման կանանց առաջ»:

Իրավապաշտպան Նարե Արամյանի վստահեցմամբ՝ պետությունը պարտավոր է նպաստել կնոջ և ընդհանրապես հասարակության բոլոր անդամների առողջ լինելուն. «Եթե պետությունը մտածում է առողջ հասարակության մասին, պետք է մտածի յուրաքանչյուր անհատի առողջության մասին: Երբ թույլ տրվեց կնոջը, բժիշկներին իրենց իրավունք վերապահել ընտրություն կատարել երեխայի սեռի հետ կապված և թույլատրելի համարվեցին երեխայի սեռով պայմանավորված աբորտները, դա արդեն անընդունելի է»:

Հոգեբան Անի Ապիտոնյանը նկատեց՝ մեզ մոտ տպավորություն է՝  տղամարդիկ բռնարար են, կանայք զոհ. «Իրականում մեզ մոտ կա մայրիշխանություն: Դա բավականին լուրջ է դրված, ուղղակի զոհի կարգավիճակում, որ տղամարդը ճնշում է  մեզ: Այստեղ կարելի է ասել, որ տղամարդն ավելի ճնշված է, տղամարդը հաճախ տնից փախչում է: Կինն իրականում ավելի ուժեղ է»:

Քննարկման ավարտին տիկին Փանոսյանը տեղեկացրեց՝ նոյեմբերի 19-ը տղամարդկանց միջազգային օրն է, և միասին դա նշելու ենք: Տիկին Ծատուրյանն այս առիթով կես կատակ կես լուրջ արձագանքեց՝ բերանները լեզու դրեցիր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան Տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031