«Հայաստանում կանանց իրավունքները լիարժեք չեն իրացվում: Պաշտոնապես հայտարարվում է, որ նրանք ունեն այդ հնարավորությունը, բայց Հայաստանը փոքր-ինչ սեքսիստական երկիր է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Դիլիջանի միջազգային դպրոցի սան Դաշա Աժիգինան, որը Լատվիայից է եւ Ազատության հրապարակում այսօր Մարտի 8-ին նվիրված միջոցառմանն էր մասնակցում:
«Եթե Հայաստանում կինը փողոցում քայլելիս ծխի, տղամարդիկ նրա հետեւից կբղավեն, ռեպլիկներ բաց կթողնեն, թե՝ «բանտից է փախել», ու նմանօրինակ արտահայտություններ: Այստեղ կանանց նայում են այնպես, կարծես մենք «խաղալիք» լինենք»,-համոզմունք հայտնեց նա:
Դաշայի համոզմամբ՝ տղամարդիկ պետք է հասկանան, որ կանայք էլ են ուժեղ եւ ինքնուրույն. «Հայաստանում անգամ եթե կինն իր կարծիքն արտահայտում է, դրան հետամուտ չեն լինում, լուրջ չեն ընդունում»: Ինչ վերաբերում է քաղաքականության մեջ կնոջ դերին, մեր զրուցակիցը նկատում է. «Հայաստանը միայն տղամարդ-նախագահներ է ունեցել. դա արդեն իսկ ամեն ինչ ասում է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ