«Տարեկան Հայաստանում մոտ 1, 5 միլիոն եւ ավելի վարչական ակտ է կայացվում: Միայն 2015թ. տվյալներով՝ քաղաքացիները մոտ քսան միլիարդ դրամի տուգանքներ են վճարում: Իսկ վերջին տարիներին այդ թիվը շեշտակի աճել է»,-Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Դավիթ Ասատրյանը: «Հայտնի է, թե որքան շատ են ՃՏՊ-ների եւ հատկապես մահվան ելքով ՃՏՊ-ների թվերը: Ստացվում է, որ այդքան վարչական ակտերը, որոնց նպատակն էր ճանապարհային երթեւեկության խախտումները կարգավորելը, արդյունավետ չեն եղել: 2012թ.-ից տեղադրված տեսանկարահանող սարքերի մասին է խոսքը»:
Դավիթ Ասատրյանի բնորոշմամբ՝ պետությունն արդեն իսկ պետք է հասկանար, որ նկարահանող սարքերով տուգանքներ գանձելով՝ խնդիրը չեն լուծի. «Ըստ այդմ, փետրվարին գործարկված շարժական արագաչափը եւս արդյունք չի տա, քանի որ նախկինում արդեն փորձ ունենք: Եթե այն նպատակին չի ծառայի եւ ճանապարհային երթեւեկությունը չի կարգավորվի, ուրեմն այլ նպատակ կա՝ քաղաքացիներից ավել գումար գանձել: Դա ավելորդ ֆինանսական բեռ է քաղաքացիների համար»:
Մեր զրուցակցի պնդմամբ՝ վարորդները պետք է տեղեկացված լինեն բոլոր տեսանկարահանող, այդ թվում՝ շարժական արագաչափի գոյության մասին. «Այն մեքենան, որում շարժական արագաչափ կա, պետք է տարբերակիչ նշան ունենա»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ