Կաթնամթերքի շուկայում անցկացվող ստուգումները ողջունելի են և անհրաժեշտ ամենքիս՝ որպես սպառողի: Սակայն մեր Հանրապետությունում գործող հավատարմագրված լաբորատորիաները միևնույն արտադրանքի վերաբերյալ տալիս են փորձարկման միանգամայն տարբեր արդյունքներ՝ տարակուսանքի մեջ գցելով թե արտադրողին և թե սպառողին: Երբ մենք նմուշներ ենք հանձնում 3-4 տարբեր լաբորատորիաներ, ապա անպատճառ ստանում ենք 3-4 տարբեր եզրակացություն: Երբևիցե մենք չենք ունենում երկու միանման պատասխան: Ինչպե՞ս հասկանալ և մեկնաբանել դա: Սա մի հարց է, որ շատ է մտահոգում մեզ: Ուստի մեր կազմակերպությունը պատրաստվում է դիմել ՀՀ համապատասխան գերատեսչություններին՝ տվյալ խնդրին լուծում տալու համար:
Տեղեկացնում ենք մեր սպառողին, որ մեր ընկերությունում գործում է արտադրական լաբորատորիա, որը հագեցած է արժանահավատ չափումներ կատարելու համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով, իսկ արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակ անցնում է պարտադիր ֆիզիկո-քիմիական և մանրէաբանական հսկողություն:
«Մարիաննա» ընկերությունը պաշտոնապես հայտարարում է և երաշխավորում, որ իր արտադրանքի յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը համապատասխանում է մակնշման մեջ հայտարարագրված ցուցանիշներին:
«Մարիաննա» կաթնամթերքի գործարան