«The Times»-ը գրում է, որ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի եւ Հենրիխ Մխիթարյանի հունվարյան տրանսֆերները պետք է շտկեին «Արսենալի» արդյունքները, սակայն դրա փոխարեն թիմը շարունակում է անկումը:
Վետերանները դժգոհ են եւ անարդար են համարում նորեկների եւ Մեսութ Օզիլի բարձր աշխատավարձը, որոնք «Արսենալին» օգուտ չեն բերում: Արսեն Վենգերի օրոք երկար տարիներ թիմն աչքի էր ընկնում ֆուտբոլիստների մոտավորապես հավասար աշխատավարձով, իսկ հիմա տարբերությունն աճել է: Օզիլը հունվարի 31-ին երկարացրեց պայմանագիրը՝ դառնալով ամենաբարձր վարձատրվող «զինագործը»: Նրա աշխատավարձն աճել է մինչեւ շաբաթական 390 հազար եվրո, Մխիթարյանն ստանում է 225 հազար, Օբամեյանգը՝ 200 հազար:
Արդեն ամռանը որպես ազատ գործակալ Ջեկ Ուիլշերը կհեռանա թիմից, քանի որ նրան ավելի պակաս վճարումով պայմանագիր է առաջարկվում: Ուիլշերին կարող են միանալ Աարոն Ռամսին, Դաննի Ուելբեքը, Նաչո Մոնրեալը, քանի որ ակումբը պատրաստ չէ աշխատավարձի բարձրացում առաջարկել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ