Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Ելք»-ը քաղաքական օրակարգը չի ներկայացրել»

Մարտ 08,2018 13:49

«Ելք»-ը քաղաքական օրակարգը չի ներկայացրել»,- «Հայելի» մամուլի ակումբում, լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն` անդրադառնալով մարտի 10-ն «Ելք»-ի եւ «Փրկության ճակատի» համատեղ հանրահավաքին եւ առհասարակ, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարին:

«Ինչպիսի՞ն պետք է լինի մեր իրական ԱԺ-ն։ Ներկայիս խորհրդարանը ոչ օրինական մարմին է։ Կարելի է ասել՝ փողոցից բերեցին, նա խոպանչի է կամ այլ լեզվով ասած`գաստերբայտեր: Անցած 30 տարիների համար պատասխանատվություն պե՞տք է պահանջեն: Երկրից ապօրինի արտահանված շուրջ 30 միլիարդ դոլարը ե՞տ են բերվելու: Միայն Սերժ Սարգսյանը չէ սրա պատասխանատուն»: Ներկայիս իրավիճակի պատասխանատուներն, ըստ Զարուհի Փոստանջյանի, երեք նախագահներն են` հավասարապես, ուստի միայն Սերժ Սարգսյանի վարչապետ չդառնալով, ըստ նրա, որեւէ հարց չի լուծվում:

Մանրամասները` տեսանյութում

«Կոնտեքստից դուրս գործընթացը չենք կարող բավարար համարել եւ ասել, որ դա արդյունավետ է: Եթե չունենանք հրդեհի օջախներ ամբողջ հանրապետությունում, ապա մեկ-երկու-երեք հավաքները ոչինչ չեն փոխելու: Պայքարը պետք է լինի ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ, այլ պետք է օրակարգ լինի հստակ`կետերով նշված: Տասն օր փողոցում մնալուց եւ իշխանությունը տապալելուց հետո օրենսդիր ժողով պիտի հրավիրենք, պետք է դատապարտենք 30 տարիները, լուստրացիա պետք է անենք»,- ասաց նա:

Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, այս իրավիճակից Հայաստանը դուրս կգա, եթե հանրությունը համախմբվի այնպես, ինչպես արցախյան շարժման ժամանակ համախմբվեց գաղափարի շուրջ:

Նա անդրադարձավ նաեւ Փաստաբանների պալատում «Երկիր ծիրանի»-ի փոխնախագահ Կարապետ Աղաջանյան կողմից «Սասնա ծռերի գործը» վարող փաստաբանների նկատմամբ վարույթին: Հիշեցնենք, անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի արած հայտարարություն կոչին`փաստաբանների համախմբման մասին, փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ առաջարկել էր, որպեսզի Զարուհի Փոստանջյանը համախմբվի Տարոն Մարգարյանի հետ: Թեմային Զարուհի Փոստանջյանը չանդրադարձավ: Ասաց, որ առաջիկայում, «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում այս հարցը կքննարկվի բոլոր կողմերի միջեւ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031