Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը`Գոռ Վարդանյանի հակաահաբեկչական գործողության մասին

Մարտ 08,2018 13:26

«Մի տարին դեռ չի լրացել` քաղաքապետարանում մեր մուտքը տոնելու, սակայն այն, ինչ մենք հրապարակել էինք մեր ծրագրում` կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքը աղբից մաքրել, անում ենք»,- «Հայելի» մամուլի ակումբում, լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Լրագրողները հետաքրքրվել էին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպից, երբ Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի եւ «Ա1+»-ի լրագրողների հետ շրջել էր քաղաքապետարանում, սենյակներում նկարահանումներ էին արել, որից հետո քաշքշուկ, լեզվակռիվ էր եղել: Այս ամենից հետո «Երկիր ծիրանին» դիմել էր իրավապահ մարմիններին եւ քրեական գործ էր հարուցվել:

Զարուհի Փոստանջյանը շարունակում է պնդել` քաղաքապետարանը հանրային տարածք է, պետք է թափանցիկ լինի այն ամենն ինչ այնտեղ կատարվում է: Տիկին Փոստանջյանը նկատում է`եթե կա կարգ, որը սահմանափակում է մարդու աշխատանքը, այն պետք հրապարակվի, մինչդեռ նման կարգ գոյություն չունի. «Քաղաքապետարանը հատուկ պահպանվող տարածք չէ, զորամաս չէ, նրա մուտքն ընդամենը ապահովում են ոստիկանության աշխատակիցները։ Քաղաքապետարանը մարմին է, որտեղ յուրաքանչյուր երեւանցի կարող է մուտք գործել։ Հակառակ դեպքում, ստացվում է` ոստիկանապետական երկիր»:

Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի գործողություններին, երբ նա բռնի կերպով ավագանու նիստի դահլիճից դուրս էր հանել «Երկիր Ծիրանի»-ի կուսակցության երկու կին անդամներին, իսկ հետո, հարցազրույցներից մեկում ասել, որ ինքը մասնագիտությամբ հակաահաբեկիչ է ու այդ պահին հակաահաբեկչական գործողություն է կատարել, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Նա նման իրավասություններ քաղաքապետարանում չուներ։ Նրա կողմից մեր կին անդամների առեւանգումն ու դահլիճից հեռացումը, գետին շպրտելը, սա ոչ մի կերպ չի մտնում նրա լիազորությունների մեջ: Դա քրեորեն հետապնդելի արարք է, պետք է պատժվի»։

Մանրամասները` տեսանյութում

Խոսելով այս միջադեպից հետո, քաղաքապետարանում ԶԼՄ-ների աշխատանքների սահմանափակումների, նաեւ կառավարության նիստերի այսուհետ փակ լինելու մասին, Զարուհի Փոստանջյանն ասում է՝ այդ ամենը ցույց է տալիս, որ Հայաստանը ավտորիտար համակարգից վերածվում է տոտալիտար համակարգի:

Այդ սահմանափակումներն, ըստ նրա, կարող են մի որոշ ժամանակ վնաս պատճառել քաղաքացիներին ու տեղեկատվության տարածմանը, սակայն չեն կարող մեզ կաշկանդել: Սա Զարուհի Փոստանջյանը համարում է չինովնիկների պայքար ժամանակակից տեխնոլոգիաների դեմ: «Նրանք կարող են մի պահ խլացնել ինտերնետը, անգամ ԶԼՄ-երին քաղաքապետարանից դուրս հանեն։ Բայց մենք կարող ենք իրենց հետապնդել այլ վայրերում»:

«25 տարի ապրեցինք վերահսկվող ժողովրդավարության ներքո, այլեւս պետք է ապրենք իրական ժողովրդավարության ներքո»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031