Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը ոչ միայն չի ստեղծում այն դաշտը, որը կնպաստեր վերոհիշյալ խնդիրների լուծմանը, այլև ավելի է անհնար դարձնում դրանց լուծումը. հայտարարություն

Մարտ 08,2018 13:14

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը և Հանրային Քաղաքականության Ինստիտուտ Institute of Public Policy-ը իրենց մտահոգությունն են հայտնում Բարձրագույն կրթության մասին նոր օրինագծի վերաբերյալ և կոչ անում Ազգային ժողովին Նախագիծը նման ձևակերպմամբ չընդունել:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի առաջիկա նիստերի օրակարգում նախատեսվում է ընդգրկել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Նախագիծը Կառավարության որոշմամբ համարվել է անհետաձգելի։

2013թ. սկսած առ այսօր տարբեր հեղինակավոր կազմակերպությունների, ինչպիսիք են՝ Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհուրդը, ԲՀՀ-Հայաստանը, ինչպես նաև մի շարք անհատ փորձագետների հետազոտություններում բազմիցս ընդգծվել է Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Նոր օրենքի ընդունման կարևորությունը նախևառաջ հիմնավորվել է համակարգում առկա մի շարք օրհասական հարցերի լուծման համատեքստում, ինչպիսիք են՝ բարձրագույն կրթության որակի բարելավումը, այդ թվում՝ որակի ապահովման գործուն մեխանիզմների ստեղծման և զարգացման միջոցով, բարձրագույն կրթության համակարգի ձերբազատումը քաղաքական և կուսակցական ներազդեցությունից և վերահսկողությունից, ինչպես նաև ակադեմիական բարեվարքության ամրապնդումն ու շահերի բախման վերացումը:

Սակայն 2017 թվականի դեկտեմբերի 1-ին www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված, այնուհետև 2018թ․ հունվարի 18-ին ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը ոչ միայն չի ստեղծում այն դաշտը, որը կնպաստեր վերոհիշյալ խնդիրների լուծմանը, այլև ավելի է անհնար դարձնում դրանց լուծումը՝ Նախագծում ամրագրելով, օրինակ, այնպիսի դրույթ, որի համաձայն՝ բոլոր հանրային/ պետական բուհերի կառավարման խորհուրդների կազմն այսուհետ հաստատելու է ՀՀ վարչապետը։

Կառավարության կողմից հաստատված Նախագծով ինստիտուցիոնալ կերպով չեն լուծվում նաև կրթության որակի ապահովման, ինչպես նաև ակադեմիական բարեվարքության արմատավորման խնդիրները։ Վերջինս հանդիսանում է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին ինտեգրման կարևորագույն նախապայմաններից մեկը:

Նախագիծը պարունակում է նաև այլ խնդրահարույց դրույթներ, որոնք մասնավորապես առնչվում են բուհերի կառավարման խորհուրդներում ուսանողների ընդամենը 10% ներկայացվածությանը, ինչպես նաև ուսանողների իրավունքների պաշտպանվածության մեխանիզմների անկատարությանը, որոշումների կայացման գործընթացում բուհերի գիտական խորհուրդների լիազորությունների սահմանափակմանը, քննադատական մտածելակերպի ձևավորման՝ որպես կրթական գործընթացի կարևոր բաղադրիչի բացակայությանը, գիտամանկավարժական, դաստիարակչական, քաղաքացիական դիրքորոշման և հայրենասիրության վերաբերյալ հասկացությունների ոչ միանշանակ և խնդրահարույց ձևակերպմանը, շահերի բախման դեպքերի վերաբերյալ համապատասխան կարգավորումների բացակայությանը, որևէ հատկանիշով խտրականություն պարունակող դրույթների բացառմանն ու բազմաթիվ այլ հարցերի։

Սույնով մեր մտահոգությունն ենք հայտնում ներկայացված Նախագծի վերաբերյալ և կոչ անում Ազգային ժողովին Նախագիծը նման ձևակերպմամբ չընդունել, այլ կազմել հանձնաժողով՝ ներգրավելով ոլորտի շահագրգիռ կողմերին, անհատ փորձագետներին ու կազմակերպություններին, և վերամշակել ռիսկային բոլոր կետերը, որոնք մասնավորապես առնչվում են գործադրի վերահսկողության, բուհերի կառավարման ու ինքնավարության, ակադեմիական բարեվարքության հարցերին և բարձրագույն կրթության որակի բարելավմանը:

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Հանրային քաղաքականության ինստիտուտ, ՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031