Արձանագրությունների ստորագրմանն ու ընդհանրապես գործընթացին ներկա, մասնակից, ներգրավված բազմաթիվ այդ սուբյեկտներից յուրաքանչյուրն անկասկած ուներ իր շահը, պատկերացումը, և դրանք էլ անշուշտ, մեղմ ասած, տարբեր էին: Հետևաբար իսկապես բարդ է ասել, թե հատկապես ո՞ր երկու երկրների շահն էր ամենից շատ արտացոլում այդ գործընթացը: Հայ-թուրքական հարաբերության կարգավորումից կարող են շահել բազմաթիվ տանդեմներ՝ կախված այդ կարգավորման բովանդակությունից, պայմաններից: Ավելին՝ շատերը կարող են շահել կարգավորման տապալումից, և ըստ այդմ՝ հնարավոր է ամեն ինչ անել այն տապալելու համար:
Հավանաբար մի օր հանգամանալից մանրամասներ կհրապարակվեն այդ գործընթացից, ինչը հնարավորություն կտա հասկանալ, թե որքան էր դրանում Ռուսաստանի նախաձեռնող դերը, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Գյուլին հրավիրեց Ռուսաստան այցի ընթացքում՝ Մոսկվայի հայ համայնքի հետ հանդիպմանը, ինչո՞ւ Գյուլը հրավերն ընդունեց միայն մի քանի ամիս անց՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո, ինչո՞ւ Նալբանդյանը չէր ուզում ստորագրել արձանագրությունները Ցյուրիխում և դուրս չէր գալիս հյուրանոցի համարից, ինչպես հիշել էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Քլինթոնը: Ի վերջո՝ ինչո՞ւ Անկարան ստորագրեց դրանք, եթե տասը տարի անց էլ չէր վավերացնելու: Ինչուները իսկապես բավականին շատ են:
Թվում է, որ գործընթացն արդեն անցյալում է, և դրանք կարևոր կարող են լինել զուտ վիճակագրական կամ պատմագրական հետաքրքրության տեսանկյունից: Բայց թեև արձանագրությունները չեղարկվել են, այդուհանդերձ, այդ հարցերը ունեն պրակտիկ քաղաքական կարևորություն՝ հնարավորինս ամբողջական հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է արձանագրությունները չեղարկելուց հետո, և արդյո՞ք ստեղծելով այդ իրավիճակը՝ Սերժ Սարգսյանը հետաքրքրել է որևէ կենտրոնի: Թե՞ ներկայումս որևէ մեկը չունի Մերձավոր Արևելքի նոր թեժացումներից ուշադրություն շեղելու և հայ-թուրքական ուղղությամբ նայելու ժամանակ ու ցանկություն: Ուժային կենտրոնները, համենայնդեպս նրանք, որոնք Ցյուրիխում էին տասը տարի առաջ, առանձնապես աշխուժություն չցուցաբերեցին Հայաստանի քայլին արձագանքելիս: Ընդ որում՝ տպավորություն է, որ Սերժ Սարգսյանի քայլն ուշացած էր և թերևս մի քանի տարի առաջ այդօրինակ նախաձեռնությամբ հանդես գալը կարող էր ստեղծել ավելի աշխույժ իրավիճակ, քան ներկայումս:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում