Հայաստանում կրթության խնդիրների մասին խոսելիս անդրադառնում են վատ կառավարմանը, անբավարար ֆինանսավորմանը, դասագրքերի ցածր որակին, ուսուցիչների մասնագիտական անբավարար պատրաստվածությանը։ Բայց կա մի իրողություն, որը շատ բացասական է ազդում՝ ինչպես երեխաների սովորելու, այնպես էլ՝ կրթության համակարգի վրա։ Դա այն է, որ Հայաստանում չափահաս մարդիկ շատ քիչ են սովորում։ Արիստոտելը մարդու կարևորագույն հատկանիշներից մեկը համարել է նմանակելը։ Հետևաբար՝ երեխաների զգալի մասը, չսովորելով, ընդամենը նմանակում է չափահասներին։ Հայաստանի հանրային տրանսպորտում, այգիներում, ընտանիքներում շատ քիչ չափահասներ են գրքեր կարդում։ Չափահասների մեծ մասը, ներառյալ՝ ուսուցիչները և դասախոսները, դժկամությամբ են մասնակցում վերապատրաստման դասընթացներին, եթե, իհարկե, դրանք արտասահմանում չեն։ Ընտանիքների զգալի մասում հիմնականում խոսում են փողից, վարկից, արտագաղթից, սերիալներից, Հայաստանում առկա ծանր իրավիճակից, ինչի արդյունքում երեխաները սովորող չափահասների օրինակներ գրեթե չեն տեսնում։ Հայաստանում չկա սովորելու միջավայր, և դրա պատասխանատուն չափահասներն են, հատկապես՝ այն չափահասները, ովքեր ունեն կառավարման լծակներ կամ հանրային ճանաչում։
Հայաստանի չափահասների զգալի մասը մտածում է, որ դպրոցը, քոլեջը, համալսարանն ավարտելուց հետո պետք է աշխատել, ամուսնանալ, երեխաներ, թոռներ ունենալ ու մահանալ։ Մինչդեռ աշխարհում վաղուց կարևորվում է ամբողջ կյանքի ընթացքում սովորելու պահանջը։ Սարդը չպետք է սովորի միայն այն դեպքում, երբ աշակերտ է, ուսանող կամ դասընթացի մասնակից։ Մարդը պետք է սովորի անընդհատ և լինի ինքն իր ուսուցիչը։ Այսօր խոսում են այն մասին, որ առաջիկայում մարդիկ ստիպված են լինելու հաճախակի փոխել իրենց մասնագիտացումը, աշխատանքը, քանի որ բազմաթիվ աշխատատեղեր ավտոմատացման արդյունքում փակվելու են:
Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում