Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ոչ միայն մեր, այլեւ աշխարհի երեսից վերանա «պատերազմող երկիր» արտահայտությունը»

Մարտ 08,2018 13:45

Հայ նկարչուհիների գերագույն ցանկությունն է սա

Շատերս հեշտությամբ կարող ենք թվարկել 10 ճանաչված հայ գրողի, դերասանի, ռեժիսորի, նույնիսկ օպերային երգչի անուններ, էլ չենք խոսում շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասին, բայց օրերս «Առավոտի» հարցախույզը՝ մշակույթի տարբեր ոլորտների արվեստագետների շրջանում՝ բացի կերպարվեստից, բարձրաձայնել 10 կին նկարիչների անուններ, սպասված արդյունքը չտվեց: Հիշեցին Արմինե Կալենցի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի, Գայանե Ասլամազյանի, նույնիսկ ոմանք մտաբերեցին գրող Կոստան Զարյանի դստեր՝ նկարչուհի, քանդակագործուհի, ծնունդով Ֆլորենցիայից Նվարդ Զարյանի անունները: Շարունակենք՝ թվարկելով մեր հայտնի նկարչուհիների անունները՝ Քնարիկ Հովհաննիսյան, Վարդիթեր Կարապետյան, Անժելա Հովհաննիսյան, Վերջինե Հայրապետյան, Սեդա Գրիգորյան, Ելենա Սարգսյան, Անուշ Մատինյան… Կարծես իբրեւ «արդարացում» էլ մեր զրուցակիցները հայտնեցին ճանաչում վայելող 10 օտարազգի նկարչուհիների անուններ, այդ թվում՝ Վերա Մուխինայի, որը աշխարհահռչակ «Բանվորը եւ կոլտնտեսուհին» արձանի հեղինակն է, ամերիկյան ժամանակակից արվեստի առաջին կին ներկայացուցչի՝ Ջորջիա Օ՛ Քիֆի, սյուրռեալիզմին հարող Կարմեն Ֆրիդա Կալո Կալդերոնի, մանկական վախերի, մոր կերպարի ու պաշտպանի ամբողջացումը համարվող հայտնի Սարդի քանդակի հեղինակ Լուիս Բուրժուայի, ռուսական ավանգարդ արվեստի վառ ներկայացուցիչներից Նատալյա Գոնչարովայի, կլասիցիզմի վարպետ Մերի Մոզերի եւ մյուսների անունները: Վերադառնանք մեր իրականություն: Արդյոք վերոնշյալը մեզանում մեծ հաշվով հայ կին նկարիչների անհատական ցուցահանդեսների պակասի հետեւանք է կամ արվեստաբանների կողմից նրանց աշխատանքների վերլուծության ու գուցե քննադատության բացակայություն…

Վերջին տարիների իրականությունը հետեւյալն է. կարծես սպասում ենք կանանց միամսյակին: Այս տարին էլ բացառություն չէ. ՀայԱրտում վերջերս բացվեց 15 կին նկարիչների աշխատանքների ցուցահանդես, երեկվանից էլ Նկարիչների միությունում մեկնարկեց դարձյալ նկարչուհիների աշխատանքների ցուցահանդես՝ խմբակային ձեւաչափով:

Նարգիզ Փաշայան

«Առավոտի» հետ զրույցում գեղանկարչուհի Նարգիզ Փաշայանը հայտնեց, որ անհատական աշխատանքների ցուցադրությամբ վերջին անգամ հանդես է եկել 2017թ., Ավստրալիայում՝ Սիդնեյ եւ Մելբուրն քաղաքներում:

Նանա Փիլոյան

Դիզայներ, խճանկարային գեղանկարչուհի Նանա Փիլոյանն ասաց, որ օրերս Ֆլորիդա նահանգի Մայամի բիչի ցուցասրահներից մեկում բացվել է իր անհատական ցուցահանդեսը:

Ծովինար Թադեւոսյան

Գրաֆիկայի ժանրում ստեղծագործող Ծովինար Թադեւոսյանն էլ նշեց, որ վերջին անգամ 2016թ. Ժողարվեստի թանգարանում է ունեցել ցուցահանդես:

Հետաքրքրությանը՝ ինչո՞ւ մեզանում մեր նկարչուհիների գործերին, կոնկրետ անհատական ցուցադրություններին հաճախ չենք հանդիպում, մեր զրուցակիցները տարբեր կարծիքներ հայտնեցին՝ գուցե դա գալիս է մեր որոշ գործընկերների ոչ համարձակ լինելուց կամ՝ հայաստանյան ցուցասրահների վճարովի լինելուց, եւ այլն, եւ այլն: Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ գուցե գործընկեր տղամարդիկ «նեղո՞ւմ» են իրենց, Նարգիզ Փաշայանը հիշեց ուսանողական տարիները, փաստելով, որ գեղանկարչության ֆակուլտետում ուսանում էին 7 տղա, 2 աղջիկ: Նանա Փիլոյանն էլ «վերադառնալով» մեր իրականություն, ասաց. «Հիմա կոմպյուտերային գրաֆիկայի դար է: Սա ակտուալ է ու շահութաբեր»: Հանդիպման առիթն օգտագործելով հետաքրքրվեցինք, թե գո՞հ են «գեղանկարչական» առեւտրից, քանի որ դեռ չենք հանդիպել մի նկարչի, որի թիվ մեկ նպատակը չլինի սեփական կտավների վաճառքը: Այս դեպքում էլ տարբեր կարծիքներ հնչեցին: Նարգիզ Փաշայանը հավաստիացրեց, որ իր կտավները վաճառում է «դրսում», հայաստանյանի հետ անհամեմատ թանկ գներով: Հավելեց նաեւ, թե, չգիտես ինչու, մեզ մոտ գեղանկար գնելու մշակույթ այդպես էլ չի ձեւավորվել, բոլորը ուզում են նվեր ստանալ դրանք: Նանա Փիլոյանի հավաստմամբ էլ՝ ինքը որպես կտավ օգտագործում է հին ձայնասկավառակները, որոնց պատվիրատուները հիմնականում արտասահմանից են: Իսկ Ծովինար Թադեւոսյանի հավաստմամբ էլ՝ ինքը չի վաճառում իր գործերը պարզ, գուցե շատերին միամիտ թվացող պատճառով՝ չի կարող բաժանվել:

Զրույցի ընթացքում պարզեցինք, որ մեր զրուցակիցները ապահովված են արվեստանոցներով: Միայն Նարգիզ Փաշայանը (որն ավելի ակտիվ էր հարցազրույցի ժամանակ) ցանկություն հայտնեց. «Կուզեի արվեստանոցս ավելի ընդարձակ լիներ, ախր երազում եմ մասշտաբային կտավների մասին, ինչը չեմ կարող իրականացնել իմ նկուղային արվեստանոցում: Գուցե հենց նման հնարավորություններն են արգելք հանդիսանում գործընկերներիս համար մասշտաբային աշխատանքներ իրականացնելու համար…»: Իսկ թե ի վերջո կերպարվեստի ոլորտում ո՞րն է գերխնդիրը, նկարչուհիների պատասխանը մեկն էր՝ թող ոչ միայն մեր, այլեւ աշխարհի երեսից վերանա «պատերազմող երկիր» արտահայտությունը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Նանա Փիլոյանը, Նարգիզ Փաշայանը եւ Ծովինար Թադեւոսյանը:

«Առավոտ»

08.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031