Հայաստանում գնաճը շարունակում է իր «հաղթարշավը», միայն պաշտոնական տվյալներով՝ գնաճը հունվար-փետրվար ամիսներին կազմել է 3.1 տոկոս։
Հայաստանի ներքին շուկայում շարունակում է բարձր մնալ կարագի գինը։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ տեղական շուկայում այս փետրվարին, հունվարի համեմատ, յուղերն ու ճարպերը թանկացել են 0.1 տոկոսով։ Բայց չնայած սրան՝ միջազգային շուկայում կարագը ավելի ցածր գնով է վաճառվում, քան մեր հանրապետությունում։
Այս տարվա փետրվարին, հունվար ամսվա համեմատ, սպառողական շուկայում արձանագրված գնանկումը կազմել է 0.5 տոկոս։ Այն հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.2 տոկոս գնանկումով։ Բայց նկատենք, որ սննդամթերքի 1.2 տոկոս գնանկման պատճառը մրգի եւ բանջարեղենի էժանացումն է։ Այսինքն՝ նշված ժամանակահատվածում սննդամթերքը էժանացել է 1.1 տոկոսով, ոչ պարենային ապրանքները՝ 0.1 տոկոսով։ Միայն ծառայությունների սակագներն են բարձրացել՝ 0.1 տոկոսով։
Փոխարենը փետրվարին, հունվարի համեմատ, մսամթերքն է թանկացել՝ 1 տոկոսի չափով։ Երեկվա դրությամբ երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում խոզի մսի մեկ կիլոգրամը վաճառվում էր 2400- 2500 դրամով, խոզի չալաղաջի մեկ կիլոգրամը՝ 3300 դրամով։ Իսկ ահա տավարի մսի մեկ կիլոգրամի արժեքը կազմել է 3100 դրամ, ոչխարի մսինը՝ 3500 դրամ։ Պարզվում է՝ բացի մսամթերքից՝ նշված ժամանակահատվածում թանկացել է նաեւ ձուկն ու ծովամթերքը։ Նշված սննդատեսակի շուկայում այս փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դրանք թանկացել են 25.5, իսկ 2018 թվականի հունվարի համեմատ՝ 0.9 տոկոսով:
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում