ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից քաղաքացուն բոշա անվանելու հարցով էթիկայի հանձնաժողովում դեռեւս նախնական ուսումնասիրություն է կատարվում։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ Ֆեյսբուքյան օգտատեր Պետրոս Սարգսյանը, որի հասցեին վիրավորական արտահայտություն էր արել Վիգեն Սարգսյանը, շաբաթներ առաջ դիմել էր էթիկայի հանձնաժողով։
– Տիկին Սահակյան, Վիգեն Սարգսյանի դեմ դիմումի ուսումնասիրությունը ո՞ր փուլում է:
– Մենք հաստատել ենք, որ քաղաքացուց դիմում որոշակի վարքագծի խախտման վերաբերյալ ստացել ենք։ Դիմումում վկայակոչված փաստերը ապացուցման են ենթակա եւ նախնական ուսումնասիրության պետք է ենթարկվեն։ Դիմումի քննությունը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում, որի արդյունքներով հանձնաժողովը կամ որոշում է կայացնում վարույթ ընդունելու վերաբերյալ, կամ մերժում է։ Եթե մերժում է, դրա մասին տեղեկացնում է քաղաքացուն։ Եթե վարույթ է հարուցում, ապա հարուցելու որոշումը հրապարակվում է մեր կայքում։ Դրանից հետո այլ ընթացակարգեր են տեղի ունենում, որտեղ պաշտոնատար անձը դիրքորոշում, այլ փաստեր, ապացույցներ ներկայացնելու իրավունք ունի։ Այդ գործընթացի ավարտից հետո կայացվում է եզրակացություն։
– Քաղաքացին այդ դիմումով գտնում է, որ իր հասցեին վիրավորա՞նք է եղել։
– Փաստը, որ վիրավորանք է եղել, պետք է ապացուցի դիմող կողմը։
– Նախնական ուսումնասիրման փուլում դիմող կողմից պարզաբանումներ վերցվե՞լ են։
– Ոչ, որովհետեւ դիմող կողմն իր դիտարկումները ներկայացրել է, հիմնավորող փաստաթղթերը կցել է:
Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում