Դեղատների դիմաց դեղատոմս գրելու մասին վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարության մեջ գլխավոր դատախազությունում առերեւույթ հանցագործության հատկանիշներ չեն տեսնում։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե արդյո՞ք ստուգվել է Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, որը դեղատների դիմաց դեղատոմս են գրում եւ տրամադրում քաղաքացիներին, դատախազության հանրային կապերի վարչությունից պատասխանեցին. «Առերեւույթ հանցագործության հատկանիշներ չի պարունակում, մենք որեւէ հաղորդում չենք ստացել այդ հայտարարության վերաբերյալ»։
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը, արձագանքելով առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի ներկայացրած որոշման նախագծին, որով դեղատոմսով դեղերը տրամադրելու գործընթացի նոր ժամանակացույց է սահմանվում, ասել էր. «Պարոն Մարգարյան, խնդրում եմ ուշադիր լինեք։ Ինֆորմացիա կա, որ արդեն դեղատոմսերը դեղատների դեմը գրում, տալիս են, եւ դրա համար լրացուցիչ վճար կա։ Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա»։
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ գործողություններ է ձեռնարկվել վարչապետի հայտարարությունը ստուգելու ուղղությամբ։ Անահիտ Հայթայանը ասաց, որ նախարարի հանձնարարականով ստուգվում են վարչապետի հայտարարությունում տեղ գտած տեղեկությունները, սակայն կարծում են, որ բարձր մակարդակով արված այդ հայտարարությունից հետո դժվար թե որեւէ մեկը համարձակվի դեղատան դիմաց դեղատոմս գրել եւ տրամադրել քաղաքացիներին։ Նախարարությունում նման ինֆորմացիա չունեն, որը հնչեցրեց վարչապետը։
Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում