ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի կողմից Sputnik Армения-ի հետ զրույցում արված հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ն ռազմական օժանդակություն չի ցուցաբերի ԼՂՀ-ին, եթե ԼՂ հակամարտությունը ռազմական ուղղությամբ կրկին թեժանա, եւ միայն այն դեպքում ՀԱՊԿ-ն կմիջամտի, երբ անմիջականորեն հարձակում լինի Հայաստանի վրա, քանի որ ՀԱՊԿ-ն ունի պարտավորություններ Հայաստանի առաջ, ըստ էության նորություն չէր: Ի վերջո, անկախ ազգային-հայրենասիրական զգացումներից, միջազգային իրավունքի տեսակետից հենց այդպես էլ պետք է լիներ: Լեռնային Ղարաբաղը որեւէ պետության կողմից ճանաչում չստացած տարածք է, որտեղ, ճիշտ է, պատմականորեն էթնիկ բնակչությունը հայեր են, սակայն այն Հայաստանի մաս չէ, եւ դեռ մեծ հարց է, թե, ի վերջո, երբ հակամարտությունը կկարգավորվի, այն ո՞ր պետության մաս կկազմի կամ որեւէ պետության մաս կկազմի՞, թե՞ կանկախանա: Այս պահին այն սովորական տարածքային հակամարտության գոտի է:
Ուզենք կամ չուզենք՝ աշխարհը հենց այդպիսի վերաբերմունք ունի, եւ ռուս բարձրաստիճան զինվորականը, ըստ ամենայնի, սխալ բան չի ասել: Երեւի թե սխալ բան չկա նաեւ այն խոսքում, թե դժվար թե բանը հասնի այնտեղ, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից մայրաքաղաքներ վերցնեն: Ի վերջո, ե՛ւ մեկի, ե՛ւ մյուսի սպառազինությունները հայտնի են: Հայտնի է նաեւ, թե ինչ կարգի սպառազինությունների կիրառման արտոնություն ունեն երկու կողմերն էլ: Այսինքն թե՝ կարող ես ունենալ նույնիսկ միջուկային մարտագլխիկ, բայց այն կիրառելն աշխարհը քեզ թույլ չի տա, եւ, բացի այդ, կիրառելուց զատ՝ նաեւ պետք է կարողանաս դրա տակից դուրս գալ, ինչպես ասում են: Ու սա բնական է, անկախ այն հանգամանքից, թե Երեւանից կամ Բաքվից ինչպիսի հայտարարություններ կհնչեն սպառազինությունների զինանոցի եւ հարկ եղած դեպքում այդ զինանոցի ամենաահարկու զինատեսակների կիրառման վճռականության հետ կապված: Ուշագրավն այստեղ այլ հարց է:
Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում գեներալ Սիդորովի այս հայտարարությունը: Ի՞նչ է ուզում ասել Մոսկվան իր ֆինանսավորմամբ գործող ինֆորմացիոն ռեսուրսի էջերում՝ իր բարձրաստիճան զինվորականի միջոցով: Այն, որ ամեն վայրկյան հնարավոր է ԼՂ հակամարտության գոտում կրկին թեժացում լինի, ասվում է գրեթե ամենօրյա ռեժիմով՝ ամենատարբեր տեղական, տարածաշրջանային եւ միջազգային հարթակներից: Փոքր պատերազմի հավանականությունը չեն բացառում նաեւ միջազգային ուժային կենտրոնների հետ կապված վերլուծական-փորձագիտական շրջանակներն ու լրատվամիջոցները: Ավելին, նույնիսկ որոշ հրապարակումներով շրջանառվում են հստակ ժամկետներ՝ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը կապելով, ասենք, ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ, երբ Մոսկվայի ուշադրությունը շեղված կլինի, կամ այլ միջազգային կարգի միջոցառման:
Տիգրան ՎԱՀԱՆԵ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում