Մայիսի 1-ից «Արմենիկում կլինիկական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեության դադարեցման մասին հավաստի աղբյուրներից տեղեկություն էր հասել, ինչը, սակայն, արդեն մի քանի օր է՝ կենտրոնի տնօրինությունից պաշտոնապես ճշտել չի հաջողվում: Կենտրոնի տնօրեն Լեւոն Գեւորգյանը, նկատենք, առանձնապես չի սիրում շփվել լրագրողների հետ: Երեկ հաջողվեց զրուցել կլինիկայի գլխավոր բժիշկ Հ. Իսրայելյանի հետ, որը հայտնեց, որ կլինիկայի փակման, լուծարման գործընթացի մասին իրենց՝ աշխատակիցներին, որեւէ բան հայտնի չէ: «Մենք այս պահին աշխատում ենք»,- ասաց նա:
Նաեւ նշեց, որ տնօրենն իրենց ընդամենը հայտնել է, որ պետպատվերի շրջանակներում մինչեւ այս տարվա մայիսի 1-ը սպասարկում չի իրականացվելու: Թե ինչն է պետպատվերի դադարեցման պատճառը՝ Իսրայելյանը դժվարացավ ասել, առաջարկելով դիմել առողջապահության նախարարություն: Հնարավո՞ր է, որ մայիսի 1-ից կրկին սպասարկումն իրականացվի՝ հարցրինք բժշկին: «Գուցե, ես չեմ կարող ասել, այսպիսի անորոշ վիճակ է»,- արձագանքեց նա:
Այս հարցով երեկ դիմեցինք առողջապահության նախարարություն, որտեղ խոստացան ճշտել տեղեկությունն ու հայտնել: Սակայն աշխատանքային օրվա վերջում տեղեկացրին՝ հարցը գրավոր ուղարկեք:
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում