Մեր զրուցակիցը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ՌՈՒՍՏԱՄ ՄԱԽՄՈՒԴՅԱՆՆ է
–Այս օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվող դրույթներից մեկն այն է, թե ՀՀԿ խմբակցությունը փորձում է թոթափել «Մարտի 1»-ի պատասխանատվության բեռը՝ հանրապետության երկրորդ նախագահին «քավության նոխազ» դարձնել, դրա համար էլ, իբր, ի հեճուկս պետաիրավական հանձնաժողովի բացասական եզրակացության, քվեարկել է «Ելք» դաշինքի հայտարարության նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելու օգտին։
-Այն, ինչ ասում եք, որեւէ կապ չունի «Մարտի 1»-ի վերաբերյալ հայտարարության նախագիծն օրակարգ մտցնելու հետ։ Այդ հարցը հանձնաժողովում քննարկել ենք իրավական տեսանկյունից եւ հիմնավորել ենք, որ իրավական առումով փաստաթուղթը չի կարող կյանք ունենալ։ Դիրքորոշումը, որ հնչեցվեց լիագումար նիստերի դահլիճում, Հանրապետական խմբակցության քաղաքական որոշման արդյունք էր, եւ այդ քաղաքական որոշումը, հավատացնում եմ, ամենեւին որեւէ հետին նպատակ չէր հետապնդում։
ԱԺ ամբիոնից էլ ասացի՝ խորհրդարանական լսումների ժամանակ 7 ժամ քննարկել ենք այդ խնդիրը, եւ դա բավարար էր բոլոր հարցերի պատասխաններն ստանալու համար։ Գեւորգ Կոստանյանն իր հերթին փաստեց՝ պետաիրավական հանձնաժողովը կետ առ կետ քննարկել է հայտարարության նախագիծը, բայց եթե դեռ կան որոշակի հարցեր, կասկածներ, թե ինչ-որ տեղ թերացել ենք, սպանությունների լիարժեք բացահայտման հնարավորությունները մինչեւ վերջ չենք օգտագործել, խնդիր չկա՝ պատրաստ ենք հարցը եւս մեկ անգամ քննարկման առարկա դարձնել, որպեսզի հարցականներ չմնան։
-«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը որոշել է երկաթը տաք–տաք ծեծել. դիմել է գլխավոր դատախազությանը՝ պահանջելով «Մարտի 1»-ի գործով հարցաքննել երկրորդ նախագահին։ Դրա իրավական հիմքերը կա՞ն։
-Իրավական առումով, Ն.Փաշինյանը որեւէ դատական կարգավիճակ չունի այդ քրեական գործի շրջանակներում, հետեւաբար իրավասու չէ հանդես գալու նման միջնորդությամբ։
Երկրորդ՝ ժամանակին այդ հարցը բարձրացվել է նաեւ զոհվածների իրավահաջորդների կողմից, եւ դատախազությունը ներկայացրել է իր դիրքորոշումը, հիմնավորել, թե ինչու նպատակահարմար չի համարում բավարարել այդ միջնորդությունը։
-«Ելք» դաշինքը փորձեց վիճարկել «Հանրաքվեի մասին օրենքի» քվեարկության արդյունքները։
-«Հանրաքվեի մասին օրենքը» սահմանադրական օրենք է, իսկ սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդով։ Այսինքն՝ անհրաժեշտ էր 63 ձայն, ցուցատախտակին գրանցվել էր 61 կողմ, դրան գումարվեցին գործուղման մեջ գտնվող մեր գործընկերների ձայները, եւ օրենքն ընդունվեց 64 ձայնով։
Անգամ եթե ընդունենք, թե ինչ-որ խախտում է եղել, ընդդիմությունը պետք է հետեւողական լիներ եւ կարողանար ժամանակին արձագանքել՝ տեղում ֆիքսել խնդիրը եւ ահազանգել, ոչ թե հետին թվով հայտարարություններ անել, երբ մարդիկ արդեն դահլիճից դուրս են եկել եւ անհնար է պարզել՝ ով է եղել դահլիճում քվեարկության պահին, ով՝ ոչ։
Լիլիթ Պողոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում