Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած գենդերային բռնության դեպքը ՀՀԿ-ական ավագանիների կողմից Երկիր Ծիրանի խմբակցության ավագանու կին անդամների, մասնավորապես՝ Մարինա Խաչատրյանի նկատմամբ, ԶԼՄ-ները հիմնականում որակեցին որպես «ծեծկռտուք» ավագանու անդամների միջեւ, իսկ լավագույն դեպքում՝ բռնություն ԵԾ ավագանու անդամների հանդեպ։ Եթե «ծեծկռտուք» եզրույթը ակնհայտ կողմնակալություն է ենթադրում մի արարքի հանդեպ, որը ոչ այլինչ էր, քան խմբակային հարձակում մեկ հոգու վրա, ապա «բռնությունը ԵԾ ավագանու անդամների հանդեպ» ձեւակերպումը բաց է թողնում ավագանու անդամների կին լինելու հանգամանքը, հետեւաբար անտեսում միջադեպի գենդերային կողմը։ Այսպիսով, իրավիճակը պետք է վերնագրել այսպես՝ «Մի խումբ տղամարդկանց հարձակումը մեկ կնոջ վրա»։ Իսկ թե ինչու է անհրաժեշտ շեշտել կին եւ տղամարդ բառերը, առաջարկում եմ կարդալ ստորեւ։
Թերեւս ապացուցելու կարիք չկա, որ Հայաստանում կինը խտրական եւ կողմնակալ վերաբերմունքի է արժանանում ամեն քայլափոխի, հասարակության բոլոր ոլորտներում եւ ինստիտուտներում։ Սակայն երբ խոսքը վերաբերում է բռնությանը, հասարակության մի ստվար զանգված փորձում է արհեստականորեն «հավասարեցնել» կնոջը տղամարդուն, եւ հարցականի տակ դնել բռնության գենդերային բաղադրիչը։ «Սա բռնություն էր ոչ թե կին քաղաքական գործիչների, այլ պարզապես քաղաքական գործիչների հանդեպ», «Ինչու՞ չի կարելի ծեծել կնոջը, չէ՞ որ կինը եւ տղամարդը հավասար են». այն որ բռնության գործադրումը դատապարտելի արարք է անկախ բռնության ենթարկվողի սեռից կամ գենդերից, ոչ ոք չի հերքում, սակայն նմանատիպ հարցադրումներ անողները թերեւս չեն էլ պատկերացնում, որ կնոջ հանդեպ բռնությունը գենդերային անհավասարության եւ կնոջ հանդեպ խտրականության ամենավառ դրսեւորումն է։
Փետրվարի 13-ին Երեանի քաղաքապետարանում Երկիր Ծիրանի խմբակցության կին անդամները կոյուղաջրերով լի սրվակները ավագանու նիստերի դահլիճ բերելու ժամանակ բռնության ենթարկվեցին ՀՀԿ խմբակցության տղամարդկանց կողմից. առաջին հերթին, նրանք բռնության ենթարկվեցին ոչ թե տվյալ արարքի, այլ իրենց՝ կին լինելու համար, քանզի չարդարացրեցին հասարակության՝ կնոջ մասին ունեցած պատկերացումները, ինչն էլ հանգեցրեց տղամարդկանց կողմից «կնոջն իր տեղը ցույց տալուն», ավելի՛ն, բռնությունն արդարացվեց ներկաների կողմից, իսկ բռնության մեջ մեղադրվեցին բռնության ենթարկվողները՝ կանայք։
Դեպքից հետո սկսեց շահարկվել ԵԾ ավագանու անդամների կին լինելու փաստը եւ նրանց վարքագիծը որպես կին։ Հանրության մի ստվար զանգված եւ ավագանու այլ անդամներ համոզված էին, որ ԵԾ ավագանու անդամները ցուցաբերել են «կնոջը ոչ վայել» պահվածք։ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Նահապետյանը հայտարարեց, որ ամաչում է, որ ինքն էլ է կին, ԵԾ- անդամներն էլ. «ինչպե՞ս կարող են ԵԾ-ի անդամները կին կոչվել, եւ ո՞նց կարող է հայ կինն ընդհանրապես այդ մակարդակի իջնել» ասել է նա։ Որպես կին հարցականի տակ է դրվել նաեւ ԵԾ անդամների բարոյականության հարցը, ինչը ուղեկցվել է նրանց հասցեին անպարկեշտ արտահայտություններով, անձնական վիրավորանքներով եւ հայհոյանքներով։ Այս վարքագիծը դրսևորվել է, ոչ միայն միջադեպի օրը։ Երբ ավագանու հերթական նիստերից ժամանակ ի պատասխան իրենց հասցեին արված ռեպլիկների ԵԾ անդամները պահանջել են հարգալից վերաբերմունք, Լեւոն Իգիթյանը հակադարձել է՝ ասելով․ «Ասում են՝ կնոջը վիրավորում են, քեզնից ի՞նչ կին, ա՛յ բոզ», իսկ նրա կողքի նստած ՀՀԿ-ականները սկսել են ուրախանալ Իգիթյանի խոսքերի վրա։ Փաստորեն, ԵԾ խմբակցության կին ներկայացուցիչները որպես կին թիրախավորվել եւ գենդերային հալածանքի են ենթարկվել նաեւ նախկինում։ Սկզբում նրանց չեն էլ դիտարկել որպես կին, քանզի նրանք չեն համապատասխանել կնոջ մասին ունեցած իրենց կոլեգաների պատկերացումներին, հետո, նույն այդ պատկերացումների վրա հիմնվելով նրանց պիտակել են որպես անբարոյական եւ նսեմացրել նրանց արժանապատվությունը, եւ ի վերջո, բռնության ենթարկել, նույն այդ պատկերացումներին չհամապատասխանելու համար։
Այն կույր կարծիքը, ըստ որի տեղի ունեցածը բռնություն էր քաղաքական գործիչների, այլ ոչ թե կին քաղաքական գործիչների հանդեպ, անտեսում է այն երկակի ստանդարտները, որոնք կիրառվում են կին քաղաքական գործիչների արարքները պիտակավորելու եւ քաղաքական մասնակցությունը սահմանափակելու նպատակով։ ԵԾ ավագանու անդամները ավագանու նիստի ժամանակ իրենց հետ բերել էին Նուբարաշենի կոյուղաջրերով լի սրվակներ՝ որպես դիդակտիկ նյութ, բարձրաձայնելու քաղաքաշինական եւ սանիտարահիգիենիկ հիմնահարցեր, որոնցից անմիջականորեն տուժում են ինչպես Նուբարաշենի բնակիչները, այնպես էլ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավորները։ ԵԾ ավագանու անդամները նման ձեւով ցանկանում էին քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրել խնդրի վրա՝ պահանջելով լուծում, ինչը համարվում է քաղաքական մասնակցության ընդունելի ձեւ, իսկ դրա իրացման իրավունքը՝ ժողովրդավարական կառավարման կարեւորագույն բաղադրիչներից մեկը։ Ու թեեւ ՀՀ-ն վավերացրել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիան, որով պարտավորվում է հավասար պայմաններ ստեղծել կանանց համար մասնակցելու երկրի քաղաքականությանը՝ քաղաքական մասնակցության այս ձեւը բռնի կասեցվեց իշխող կուսակցության տղամարդ ներկայացուցիչների կողմից՝ որակվելով որպես հասարակական կարգի խախտում եւ խուլիգանություն։ ԵԾ ավագանու անդամներին մեղադրեցին ծծմբական թթվով քաղաքապետին վնասելու փորձ կատարելու մեջ, այն դեպքում, երբ նյութը ոչ մի հետազոտության չէր ենթարկվել։ ՀՀԿ-ական տղամարդկանց խումը ԵԾ ավագանու անդամներին բռնի ուժով դուրս բերեց դահլիճից եւ բռնության ենթարկեց իրենց արարքի համար։
Կին քաղաքական գործիչների հանդեպ բռնությունը թերեւս կարելի է համարել նույնը, ինչ տեղի է ունենում կանանց մեծամասնության հետ ընտանիքում կամ այլ ինստիտուտներում, երբ կինը «հանդգնում է» արտահայտել սեփական կարծիքը, ընդդիմանալ կամ հակադարձել տղամարդու կայացրած որեէ որոշման։ Երկիր Ծիրանի խմբակցության կանանց արարքը մարտահրավեր էր ոչ միայն քաղաքական դաշտում իշխանության անգործությանը, այլեւ մի ամբողջ հայրիշխանական համակարգին, որտեղ կնոջ ձայնը արհամարհված է եւ անտեսված։
Դեպքի անմիջապես հաջորդ օրը մեկնարկեց Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները, ինչը վկայում է այն մասին, որ կին քաղաքական գործիչները, չնայած այն պատնեշներին, որոնց բախվում են կանայք թե’ քաղաքականության մեջ, թե’ հասարակական կյանքի մնացած ոլորտներում, ցուցաբերեցին քաղաքական վարքագիծ, որի արդյունքում ուշադրություն դարձվեց տարիներ շարունակ անտեսված խնդրի վրա, ինչպես նաեւ արեցին քայլ առաջ՝ խնդրականացնելու կնոջը մշտապես խոհանոցային տեսարաններում տեսնելու եւ որոշումների կայացման գործընթացից դուրս թողնելու մոտեցմանը։
Ինչ վերաբերում է բռնարարքի օբյեկտի կին կամ տղամարդ լինելու համարժեքությանը, պետք է հիշել գենդերային բռնության այն առանձնահատկության մասին, որը տարբերակում է գենդերային բռնությունը բռնության այլ տեսակներից։ Գենդերային բռնության առանձնահատկությունը ուժի անհավասարությունն է բռնություն գործադրողի, որը հիմնականում տղամարդն է, եւ բռնության ենթարկվողի միջեւ, որը հիմնականում կինն է։ Այս պարագայում թերեւս ակնհայտ է, որ բռնություն գործադրողները, որոնք ՀՀԿ-ական մի խումբ տղամարդիկ են, ունեն ակնհայտ առավելություն ԵԾ կին ավագանիների հանդեպ՝ իրենց քանակի, ֆիզիկական ուժի, որպես տղամարդ՝ քաղաքական եւ սոցիալական դիրքի եւ իշխանության տեսանկյունից։ Եթե կոյուղաջրերի հիմնախնդիրը բարձրացնող քաղաքական գործիչները կին չլինեին, հավանաբար բռնություն տեղի չեր ունենա, իսկ եթե բանը հասներ դրան, ապա այն օբյեկտիվորեն հնարավոր կլիներ անվանել «ծեծկռտուք», որտեղ կողմերից յուրաքանչյուրը հավասար պայմաններում փոխադարձ ուժ կգործադրեր մյուսի նկատմամբ, այլ ոչ թե տեղի կունենար խմբակային հարձակում եւ ուժի գործադրում մեկ հոգու վրա՝ օգտվելով տվյալ իրավիճակում վերջինիս հանդեպ ունեցած վերը թվարկած առավելություններից։
ՀՀԿ-ական տղամարդկանց խումբը հարձակվելով Մարինա Խաչատրյանի վրա՝ ծեծելով, հայհոյելով եւ սպառնալով, հասցրեց նրան ֆիզիկական եւ հոգեբանական վնասներ։ Ավելին, Մարինա Խաչատրյանի խոսքերով, հարձակման ընթացքում նրա հանդեպ տեղի է ունեցել նաեւ սեռական ոտնձգություն։ Ու թեեւ տեսանյությում ակնհայտ երեւում է, թե ինչպես է բռնության մասնակից տղամարդկանցից մեկը ակնհայտ դիպչում Մարինա Խաչատրյանի մարմնին, ինչը նաեւ ենթադրում է կնոջ հանրային ստորացում, սեռական ոտնձգության փաստը անտեսվում կամ պարզապես լուրջ չի ընդունվում հանրության կողմից։ Արտակարգ իրավիճակներում կնոջ հանդեպ սեռական ոտնձգությունը տարածված պրակտիկա է համարվում մեր հասարակությունում, սակայն որպես կանոն, կանանց ձայնը այս դեպքում ոչ ոք հաշվի չի առնում, ավելի’ն կինը մեղադրվում է իր հանդեպ սեռական ոտնձգություն հրահրելու մեջ։
Ցավալի է նաեւ այն փաստը, որ նույնիսկ բռնության քննադատության մեջ առկա է գենդերային կարծրատիպերի խորացման հիմնախնդիրը, ինչպես նաեւ խղճահարությունը եւ կնոջ մշտական զոհայնացումը։ Հասարակության շրջանում տվյալ քննադատությունները մեծապես հիմնված էին կարծրատիպային գենդերային դերերի վրա։ Այն, որ «կինը թույլ էակ է եւ նրան չի կարելի ծեծել», «տղամարդը պետք է պաշտպանի կնոջը, ոչ թե ծեծի» եւ նման մտքերը ամրապնդում են կնոջ եւ տղամարդու մասին ունեցած դերերի մասին պատկերացումները, հետեւաբար՝ սպասումները, որոնք չարդարացնելու դեպքում էլ հաճախ անձը ենթարկվում է բռնության։ Հոդվածների եւ սոցիալական ցանցերում կարծիքների դիտարկումները ցույց են տալիս, որ ցանկացած արարքի գնահատական տալիս մարդիկ հակված են առաջնորդվելու ոչ թե անաչառության, հավասարության, արդարության եւ մարդու իրավունքների սկզբունքներով, այլ «իսկական կնոջը» եւ «իսկական տղամարդուն» բնորոշ վարքի որոշակի կանոններով, ինչն էլ աղճատում է անձի անհատականությունը, արհեստականորեն սահմանափակում կամ ընդլայնում նրա իրավասությունների շրջանակը եւ ծնում բռնություն։
Նվարդ Մինասյան
Շատ հետաքրքիր ու կարևոր վերլուծություն։ Շնորհակալություն