Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ են կտրուկ քայլեր

Մարտ 08,2018 10:10

Մի կողմ թողնենք բոլոր անեծքները, ծաղրը եւ հայհոյանքները Լեւոն Ալթունյանի հասցեին եւ սառը դատողությամբ փորձենք պատասխանել մի հարցի՝ հակաբիոտիկները, հոգեմետ եւ հորմոնալ դեղերը դեղատոմսո՞վ պետք է վաճառվեն, թե՞ առանց դեղատոմսի: Ես վստահ եմ` դրանք չպիտի լինեն ազատ վաճառքում: Բայց պետք է կազմակերպել այնպես, որ նման դեղերը, թեեւ դեղատոմսով, բայց հեշտությամբ հասնեն բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Կարողացե՞լ է արդյոք առողջապահության նախարարությունն այդ ձեւով կազմակերպել գործը: Ոչ, չի կարողացել. գործընթացը չի նախապատրաստվել եւ իրականացվել է չափազանց վատ:

Պարզ է, որ մոտ ժամանակներս Լեւոն Ալթունյանն այլեւս նախարար չի լինի: «Ռոսգոսստրախի» հետ բիզնես կապեր ունեցող մարդիկ, կարծում եմ, գոհ կմնան, որովհետեւ նրանց մրցակիցը՝ Ալթունյանի «Ինգո Արմենիան», զրկվելու է իր վճարունակ հաճախորդների մի մասից: Ինքը՝ Ալթունյանը, կարծում եմ, նույնպես շատ չի տխրի, քանի որ նրա խառնվածքն ունեցող մարդկանց համար գերադասելի է ազատ կյանքը: (Զարմանում եմ, թե ինչպես է ընդհանրապես համաձայնել պաշտոնի): Որպես նախարար` նա թույլ է տվել մի քանի կոպիտ սխալներ, ինչպես նաեւ անզգույշ արտահայտություններ, եւ չնայած դրան՝ անձնապես իմ վերաբերմունքն այդ մարդու հանդեպ շարունակում է մնալ դրական:

Բայց խնդիրն, իհարկե, անձնական չէ: Ով էլ հետագայում դառնա առողջապահության նախարար, նա կանգնած կլինի երկընտրանքի առջեւ. կա՛մ տուրք տալ պոպուլիստների եւ շահագրգռված անձանց ճնշմանը եւ ոչինչ չանել, կա՛մ կատարել կտրուկ եւ ոչ պոպուլյար քայլեր: Այդ թվում՝ սահմանափակել առանց դեղատոմսի վաճառվող դեղերի քանակը, խստագույն միջոցներ կիրառել հասարակական վայրերում ծխողների դեմ, ընդլայնել կանխարգելիչ պատվաստումների շրջանակը, ներմուծել հիվանդությունների գրանցման թվային համակարգը: Այդ ամենը կարժանանա կոշտ դիմադրության, բայց առանց դրա մենք կմնանք ներկայիս քարանձավային վիճակում, եւ ոչ միայն առողջապահության ոլորտում: Այլ հարց է, թե ինչպես է դա արվում, ինչպես է կազմակերպվում՝ այստեղ մենք, կրկնեմ, շատ լուրջ խնդիրներ ունենք:

Իսկ վերջում ուզում եմ կրկին դիմել նրանց, ովքեր շատ լավ հասկանում են, որ նման քայլերն անհրաժեշտ են: Պետք չէ ամբոխի ծափահարություններին արժանանալու համար խրախուսել տգիտությունը, անգրագիտությունը, քարանձավային մտածելակերպը՝ «ժողովուրդ, մի պատվաստվեք, ձեզ խաբում են», «ծխեք՝ որտեղ պատահի, թող իրանց դղյակների մասին մտածեն», «բժիշկները ժամանակ չունեն համակարգիչ սովորելու», «թողեք՝ մարդիկ հակաբիոտիկ ծակվեն»: Դա, իհարկե, որոշակի զանգվածի համար հաճելի է լսել: Չգիտեմ, թե որքանով է օգտակար առողջության համար:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ես, որպէս կենսաբան (Cancer research, Targeted drug delivery), գարդասիլից յետոյ հասկացայ, որ Հայաստանի հասարակութիւնը լուրջ խնդիրներ ունի առողջապահութեան ոլորտում:

    Հիմա էլ ծխելու ու դեղատոմսով դեղերի խնդիրը: Այս խնդիրները վաղո՜ւց լուծուած են մեզ մօտ՝ Գերմանիայում եւ այստեղ լուրջ քննարկումներ պէտք չեն: Դրանք պարզ, միանշանակ լուծումներ են:

    Ի՞նչ է նշանակում ամէն մարդ կարող է մտնել դեղատուն ու մի ուսապարկ հակաբիոտիկ առնել: Բայց միւս կողմից այնպիսի մեխանիզմներ պիտի լինեն, որ կարիքաւորները անիմաստ խնդիրների առաջ չկանգնեն:

    Կամ ի՞նչ է նշանակում հասարակական վայրում ծխել: Հասարակական վայրում ծխողնե՛ր, դուք բանականութիւն ունէ՞ք: Փակ տարածքներում (կամ բաց տարածքներում, որտեղ սնունդ կայ եւ մարդիկ հաց են ուտում) ԾԽԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ: Հասկանում ենք, որ թոյլ էք, կախուածութիւն ունէք, բայց բարի եղէք առանձնանալ:

    Ի վերջոյ, օրէնքը կարող է ընդունուել ու արդիւնաւէտ գործել, բայց դուք տանը շարունակէք ծխել՝ այն էլ մանկահասակ երեխան ձեր գրկին: Կան էդպիսի տղամարդիկ. տանը, ռեստորաններում քեֆերի ժամանակ ծխախոտը ձեռքին երեխային գրկում է, իսկ միւս ձեռքով երեխաների կենացն է խմում: Գիտակցութեան հարց է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031