Լրահոս
Օրվա լրահոսը

Ստվերային կառավարությունը՝ որպես ընդդիմության կենսունակության երաշխիք

Մարտ 08,2018 14:30

Հայաստանում ընդդիմադիր տարբեր ուժեր թեեւ ընտրությունից ընտրություն, երբեմն նաեւ ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածներում ակտիվություն են ցուցաբերում, բայց միեւնույն է՝ որպես ինստիտուտ հայաստանյան ընդդիմությունը դեռեւս դժվար է համարել կայացած: Այդ մասին է վկայում տարբեր շրջափուլերում որպես ընդդիմության առաջամարտիկներ հանդես եկող քաղաքական ուժերի փոփոխությունը: Ճիշտ է, դա մի գործընթաց է, որն ի վերջո նպաստում է ընդդիմության ինստիտուտի կայացմանը, սակայն այս պահին ունենք այն, ինչ ունենք: Հարկ է մի քանի դիտարկում անել բարձրացված խնդրի առնչությամբ:

Ո՞րն է ընդդիմադիր ուժերի այդպիսի հերթափոխի պատճառը: Հայաստանյան քաղաքականության մեջ վերջին 25 տարիների ընթացքում ԱԻՄ, ՀԺԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» եւ մի շարք այլ քաղաքական ուժեր որոշակի ժամանակահատվածներում ընտրական գործընթացներում կարողացել են հավաքել բավական պատկառելի ընտրազանգված, ձայներ, բայց մի քանի տարի խորհրդարանական կամ արտախորհրդարանական գործունեության արդյունքում մղվել են քաղաքական լուսանցք եւ դարձել պասիվ քաղաքական միավորներ: Ներկայումս այդ շրջափուլում է գտնվում «Ելք» դաշինքը, որը եւս կարող է նույն կանխատեսելի հանգրվանն ունենալ իր գործունեության մեջ որոշակի նորամուծություններ չկատարելու պարագայում:

Այս բոլոր քաղաքական ուժերը ունեն մեկ ընդհանրություն: Նրանք սովորաբար ունենում են նեղ քաղաքական օրակարգ, որի սպառվելու կամ ձախողման հետեւանքը լինում է գործունեության դաշտի սահմանափակումը, ասելիքի սնանկացումը եւ ի վերջո տվյալ քաղաքական ուժի իմիջի, վարկանիշի նվազումը, ինչն էլ անխուսափելիորեն հաջորդ ընտրություններում դուրս է թողնում տվյալ քաղաքական ուժը ներքաղաքական արենայից: Այդպիսի օրակարգ է եղել իշխանափոխությունը, որի ձախողումը հանգեցրել է քաղաքական ուժերի տոտալ ձախողման:

Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը ցույց է տալիս, որ ընդդիմության պայքարը երբ լինում է ոչ թե հանուն, այլ ընդդեմ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի եւ զուրկ է լինում տվյալ քաղաքական ուժին պերմանենտ լիցքեր հաղորդող գործելաոճից, այն ինչ-որ պահի թուլանում է ու մարում: Օրերս մամուլում այս խնդրի առնչությամբ ուշագրավ բանաձեւ է շրջանառվում: Իշխանական գործիչներից մեկը, մասնավորապես, առաջ է քաշել ստվերային կառավարության գաղափարը, որը ենթադրում է կառավարության գործունեությունը ուսումնասիրելու, վերլուծելու եւ այլընտրանքային առաջարկներ ներկայացնելու պատրաստ մարմնի ձեւավորում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներսում:

Տեսականորեն եթե գոյություն ունենա նման մի կառույց, որը կարողանա վերլուծել եւ առաջարկել այլընտրանքային լուծումներ, այն կարող է շահեկանորեն ազդել հանրության ձայնն ավելի լսելի ու խնդիրներն իշխանություններին ավելի ընկալելի դարձնելու առումով:

Հարցն այլ է՝ որքանո՞վ են հայաստանյան ընդդիմադիր ուժերը պատրաստ այսպիսի գործելաոճ որդեգրելու, քանի որ այն շատ ավելի բարդ քայլեր է ենթադրում, քան գործածում են ընդդիմադիր գործիչներն այսօր: Ստվերային կառավարությունը ենթադրում է նվազագույնի հասցնել պոպուլիստական հայտարարություններն ու քննադատությունները եւ ունենալ պատրաստված քաղաքական թիմ, տնտեսական, քաղաքական, սոցիալական կամ այլ ոլորտներում ներկայացվող օրինագծերին զուգահեռ ուսումնասիրություններ անցկացնելու համար: Սա նշանակում է քաղաքական գործընթացներում ավելացնել գիտական ու փորձագիտական տարրը, ինչն էլ դժվարությունների հետ է կապված՝ հաշվի առնելով ռեսուրսների, կադրային եւ այլ հանգամանքներ:

Նույնիսկ կարելի է նշել, որ քաղաքական ապագա կունենա այն քաղաքական ուժը, որը որպես ընդդիմություն իր ներսում կկարողանա կայացնել այս ինստիտուտը: Հատկապես խորհրդարանական կառավարման ձեւի պայմաններում այն իրոք վերահսկողական արդյունավետ գործիք կարող է դառնալ: Կարելի է նաեւ հուսալ, որ ստվերային կառավարության կայացման դժվարությունները կարող են նպաստել ընդդիմադիր ուժերի միավորմանը:

Մյուս կողմից՝ ակնկալելի է ընդդիմության, հատկապես արմատականորեն տրամադրված կառույցների նախնական բացասական վերաբերմունքն այս կոնցեպտին, քանի որ առաջին հերթին առկա էմոցիոնալ դաշտը թույլ չի տալիս ընկալել կոնցեպտի ամբողջ էությունն իր խորությամբ: Բայց մենք տեսնում ենք, որ ցույցերի ու զանգվածային միջոցառումների կազմակերպման այն մարտավարությունը, որ արդեն տասնյակ տարիներ կիրառում է ընդդիմությունը, գրեթե սպառել է իրեն: Նույնիսկ թանկացումների դեմ կազմակերպվող բողոքի ակցիաները, որոնք ենթադրաբար շոշափում էին հանրության լայն շերտերի շահեր, չկարողացան փողոց դուրս բերել մի քանի հարյուր հոգուց ավելի մարդկանց: Սա ցույց է տալիս հանրության շրջանում ընդդիմության նկատմամբ հավատի ու վստահության ցածր մակարդակը, ինչը, մեր կարծիքով, կարելի է վերականգնել ինստիտուցիոնալ, կառուցողական ու երկարատեւ պայքարով:

Թերեւս այստեղ մի դիտարկում կարելի է կատարել առ այն, որ ստվերային կառավարության ձեւավորման գործընթացում առաջին քայլը պետք է անի իշխանությունը՝ տալով երաշխիքներ, ցույց տալով, որ իշխանական խմբակցությունները պատրաստ են լսել ընդդիմության կոնստրուկտիվ քննադատություններն ու մեկնաբանությունները: Այս խնդիրը հաճախ է առաջանում ուժեղ իշխանության պարագայում, երբ ընդդիմությունն առանց այն էլ կանգնած է լինում օբյեկտիվ դժվարությունների առաջ: Այդ առումով, թերեւս, իշխանությունը պետք է նախաձեռնի ստվերային կառավարության հայեցակարգի տրամաբանությամբ՝ ԱԺ-ում ընդդիմության հետ աշխատանքները նոր էջից սկսելու գործընթացը՝ հիմք դնելով նոր մշակույթի ձեւավորման:

ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Քաղաքագետ

Հ.Գ. Հռետորական հարց է ծագում՝ ուժեղ իշխանությո՞ւնն է մեղավոր, որ ընդդիմությունը թույլ է, թե՞ ընդդիմությունն է մեղավոր, որ իշխանությունը չափից ավելի ուժեղ է:

«Առավոտ»

07.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Տիայր Պետրոսյան Ձեր հռետորական հարցից երևում է թե Դուք նոր եք իջել լուսնից և տեղյակ չեք թե ինչպես են ընթանում ընտրությունները հայաստանում

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031