Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի հիմնած, Սարգսյանի բանակցած, Էրդողանի փակած գործընթացը

Մարտ 08,2018 12:00

Ցյուրիխյան անվստահություն

Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման որոշ նրբերանգներ վերհիշելով՝ դեռ այն ժամանակ նկատելի էր, թե որքան անվստահություն կար Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունների միջեւ:

2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում Հայաստանն ու Թուրքիան ստորագրեցին երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները: Հայկական կողմից արձանագրությունները ստորագրեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, թուրքական կողմից՝ նրա պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն: Արձանագրությունները ստորագրվեցին 3,5 ժամ ուշացումով, դա կապված էր արարողությունից հետո ԱԳ նախարարների կողմից արվելիք հայտարարություններում ձեւակերպումների հետ: Ցյուրիխի համալսարանի «Աուլա» սրահում էին Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Եվրամիության դրոշները, ժամանել էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, ԵՄ նախարարների հանձնաժողովի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Ժբոգարը, Եվրամիության արտաքին եւ անվտանգության հարցերի ղեկավար Խավիեր Սոլանան: Հայտարարվել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շուտով կհասնի, բայց ստացվեց շտապ հաղորդագրություն, որ նա չի գալու ստորագրման արարողությանը. ճանապարհին պետքարտուղարը տեղեկություն էր ստացել, որ Էդվարդ Նալբանդյանը առարկում է Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը: Թե հատկապես ինչի վերաբերյալ էր եղել առարկությունը` թե՛ Հիլարի Քլինթոնը, թե՛ Շվեյցարիայի ԱԳՆ-ն այդ ժամանակ հրաժարվել էին մանրամասնել, սակայն հետագայում հայտնի դարձավ, որ առարկությունը կապված էր Ղարաբաղյան հակամարտության հետ:

Հետաքրքիր մանրամասներ էին ներկայացրել Ցյուրիխում գտնվող ամերիկացի լրագրողները: «Վաշինգտոն փոստ»-ի թղթակիցը գրել էր. «Քլինթոնը վերադառնում է իր հյուրանոց, բայց չի իջնում մեքենայից եւ միաժամանակ երկու հեռախոսներով խոսում է Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հետ: Դավութօղլուն արդեն համալսարանում էր, իսկ Նալբանդյանը հրաժարվում էր գնալ: Ի վերջո, Հիլարի Քլինթոնը Նալբանդյանին հրավիրում է իր հյուրանոց, որտեղից առաջարկում է միասին գնալ համալսարան»: Մինչ այդ Ցյուրիխի համալսարանում Սերգեյ Լավրովը, Խավիեր Սոլանան եւ Բեռնար Քուշները միասին դիտում էին Ռուսաստան-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը: Երբ ժամանեցին Քլինթոնն ու Նալբանդյանը, բանակցությունները վերսկսվեցին ավելի ընդարձակ կազմով: Ի վերջո, դիվանագիտական լուրջ աշխատանքներից հետո կողմերը համաձայնեցին ստորագրել փաստաթղթերը` պայմանով, որ հայտարարություններ չպետք է լինեն: Ստորագրման արարողությունը բացեց Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշելին Քալմի-Ռեյը: Արարողությանը որեւէ հայտարարություն չհետեւեց:

Հետագայում համաշխարհային մամուլը նշել էր, թե Քլինթոնի միջամտությունը կանխեց ստորագրման արարողության տապալումը, եւ որ ԱՄՆ-ի այն ժամանակվա պետքարտուղարը 29 անգամ զանգահարել է Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաներին: Հորդորելով կողմերին ավելի ընդգրկուն պատկերով դիտարկել այս գործընթացը` Քլինթոնն ասել էր. «Սա չափազանց կարեւոր է, դուք արդեն շատ հեռուն եք գնացել, արձանագրությունների մեջ ներդրված ձեր աշխատանքից չի կարելի հրաժարվել»:

Հիլարի Քլինթոնը հույսը չէր կորցնում

Թե որքան էր ԱՄՆ-ը, որպես միջնորդ, շահագրգռված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմամբ, փաստում էին ԱՄՆ նախկին պետքարտուղարի հայտարարությունները, որոնք հաջորդեցին ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը:

2010թ. հուլիսի 4-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշեց. «Այժմ գնդակը հակառակ կողմում է, եւ հասել է գործելու նրանց ժամանակը»: Ապա նա հավելեց. «Մենք հիացած ենք Հայաստանի նախագահի քաղաքականությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում եւ տպավորված ենք Երեւանի ապրիլյան որոշմամբ, որ հայկական կողմը ետ չի կանչել իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից՝ չնայած հակառակ կողմի ձեռնարկած խոչընդոտներին»: ԱՄՆ պետքարտուղարը կոչ արեց Թուրքիային նույնպես ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, քանի որ դա բխում է ոչ միայն երկու երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի շահերից: Հիլարի Քլինթոնը նաեւ ընդգծեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը խթան կդառնա երկկողմ հարաբերությունների կարգավորման համար. «Ես եղել եմ Ցյուրիխում, երբ ստորագրվում էին հայ-թուրքական արձանագրությունները: Երկու երկրների ղեկավարները խիզախ քայլ են կատարել՝ նախաձեռնելով այդ գործընթացը: Հուսով ենք, որ խոչընդոտները կհաղթահարվեն, եւ հարաբերությունների հաստատման գործընթացը կշարունակվի»:

2011թ. հոկտեմբերի 31-ին, ելույթ ունենալով Վաշինգտոնում ամերիկա-թուրքական հարաբերությունների հարցերով ամենամյա կոնֆերանսին, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հույս է հայտնել, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները ընթացիկ նստաշրջանի ընթացքում. «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավումը դրական քայլ կլինի, եւ մենք հուսով ենք, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները ընթացիկ նստաշրջանի ընթացքում եւ կբարելավի հարաբերությունները Հայաստանի հետ»:
Արձանագրությունների ստորագրումից հինգ տարի անց Հիլարի Քլինթոնը իր` «Դժվարին ընտրություն» գրքում անդրադարձավ նաեւ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ստորագրելու գործընթացին` նկարագրելով, թե ինչ է տեղի ունեցել 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, որտեղ էլ հանդիսավոր կերպով նախաստորագրվեցին արձանագրությունները. «Թուրքիայի հայտարարած «Զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությունը պատուհան էր, որի միջոցով ԱՄՆ-ը կարող էր բանակցել՝ ջերմացնելու հայ-թուրքական հարաբերությունները՝ հույս ունենալով բացել սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ»:

Քոչարյանի «պատմական» նամակն Էրդողանին

Հայաստան-Թուրքիա արձանագրությունների առնչությամբ 9 տարիների ընթացքում հայկական կողմին ուղղված քննադատությունների պակաս չի զգացվել, մասնավորապես այն առումով, որ հայկական կողմը հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկին համաձայնություն էր տվել: Սակայն այս պատմությունը ուշագրավ հիմքեր ունի, որի մասին, թերեւս, ոչ բոլորն են հիշում:
2011թ. օգոստոսին Wikileaks-ում հրապարակվեց 2005թ. ապրիլի 25-ին Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին: Վերջինս առաջարկել էր պատմաբանների հանձնաժողով ստեղծել` «ուսումնասիրելու համար 1915թ. իրադարձությունները»:

«Հարգելի վարչապետ,- գրել էր Քոչարյանը,- ես ստացել եմ Ձեր նամակը: Որպես երկու հարեւաններ մենք պետք է աշխատենք ճանապարհներ գտնել միասին ներդաշնակ ապրելու համար: Ահա թե ինչու առաջին օրվանից Ձեզ պարզեցինք մեր ձեռքը՝ հաստատելու համար հարաբերություններ, բացելու սահմանը եւ երկխոսություն սկսելու երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ»: Քոչարյանը գրել է, որ «կան հարեւան երկրներ, հատկապես Եվրոպական մայրցամաքում, որոնք դժվարին անցյալ են ունեցել, որի մասին նրանք տարաձայնություններ ունեն: Այդուհանդերձ, դա չի խանգարել նրանց ունենալու բաց սահմաններ, հաստատելու նորմալ հարաբերություններ, դիվանագիտական կապեր նույնիսկ, եթե նրանք շարունակել են քննարկել միմյանց բաժանող խնդիրները»: «Անցյալը լուծելու ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն խուսափում է ներկայի ու ապագայի խնդիրների լուծումից»,- գրել էր Քոչարյանը՝ ընդգծելով, որ «օգտակար երկխոսությունում» ընդգրկվելու համար հարկավոր է ստեղծել պատշաճ եւ նպաստավոր քաղաքական միջավայր: «Կառավարությունների պատասխանատվությունն է զարգացնելու երկկողմ հարաբերությունները, եւ մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին: Ահա թե ինչու մենք առաջարկել եւ նորից առաջարկում ենք առանց նախապայմանների հաստատենք նորմալ հարաբերություններ երկու երկրների միջեւ,- նշել էր Ռոբերտ Քոչարյանը:- Այս համատեքստում միջկառավարական հանձնաժողովը կարող է քննարկել ցանկացած եւ բոլոր չլուծված խնդիրները մեր երկու պետությունների միջեւ՝ նպատակ ունենալով լուծել դրանք եւ փոխըմբռնման հասնել»:

Նկատենք, որ ավելի վաղ՝ 2005թ. ապրիլի 10-ին, Էրդողանը Քոչարյանին նամակ էր հղել, որը Երեւան էր հասել ապրիլի 18-ին, եւ մինչ Քոչարյանի պատասխանը՝ ԱՄՆ նախկին նախագահ Բուշն ապրիլի 24-ի իր ուղերձում արդեն աջակցություն էր հայտնել Էրդողանին՝ նշելով. «Մենք նայում ենք Հայաստանի եւ Թուրքիայի ազատության, խաղաղության եւ բարգավաճման ապագային հույսով, որ թուրք-հայկական համատեղ հանձնաժողով ստեղծելու վարչապետ Էրդողանի վերջերս արած առաջարկը հնարավորություն կտա առաջ տանելու այդ գործընթացները»: Թուրքիայի նախկին վարչապետը Հայաստանի նախագահին հղած նամակում առաջարկել էր «պատմաբաններից եւ այլ փորձագետներից կազմված մի խումբ ստեղծել, որը 1915թ. դեպքերն ու զարգացումները կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկրների արխիվներում, եւ ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացնի միջազգային հանրությանը»: Էրդողանը համոզմունք էր հայտնել, որ «նախաձեռնությունը լույս կսփռի պատմության վիճելի հատվածի վրա եւ կդառնա երկու երկրների հարաբերությունները կարգավորող քայլ»:

Պաշտոնական Երեւանը դեռ 2005-ից՝ Քոչարյանի նամակով, ըստ էության, վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը, որ Հայաստանը պատրաստ է քննարկել ցանկացած հարց միջկառավարական հանձնաժողովի մակարդակով: Այսինքն՝ փաստացի Քոչարյանն է հայկական կողմի համար ընդունելի ներկայացրել Ցեղասպանության փաստի ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկը, որից Անկարան կառչեց, իսկ Երեւանը դրա շուրջ պարբերաբար պարզաբանումներով էր հանդես գալիս:

Այս հիմքի վրա էլ 2005-2007-ը ընթացել են հայ-թուրքական խորհրդապահական բանակցություններ: 2006թ. նոյեմբերին, օրինակ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում նշում էր. «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նորմալ, բարիդրացիական հարաբերությունների նախապայման չէ Հայաստանի համար»: Այնուհետեւ նա «ծխածածկույթ» էր որակել 1915-17թթ. իրադարձությունները ուսումնասիրելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանի առաջարկը. «Ինչպե՞ս կարող է ստեղծվել համատեղ հանձնաժողով՝ առանց Անկարայի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների»:

Ամփոփումը՝ տպագիր «Առավոտ»-ի մարտի 8-ի վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 07.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031