Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավիթ Օհանյանին իրիկունները ստեղ շատ ենք տեսնում, երեւի ընգած ազատ մայթ ու հող ա ման գալիս՝ ծախելու համար»

Մարտ 08,2018 14:00

Մալաթիա-Սեբաստիա համայնքում կամ, ինչպես բնակիչներն են ասում, Բանգլադեշում գտնվող Անդրանիկի փողոցում այնպիսի շինարարական բում է, կարծես երկրում շինարարության աճն ապահովելու բեռը դրված է այս վարչական շրջանի վրա:
Անդրանիկի փողոցը այս թաղամասի գլխավոր եւ բանուկ փողոցներից է: Այստեղ բավականին խաղաղ էր մինչեւ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ավարտը: Եվ ահա ընտրությունների ավարտից կարճ ժամանակ անց այս ու շրջանի այլ փողոցների մայթերը «զավթեցին»՝ քաղաքապետարանի թույլտվությամբ:

Հողհատկացումների ու ամեն ամիս մի քանի նոր օբյեկտ կառուցելու այս տեմպից կարելի է ենթադրել, որ որոշ ժամանակ անց այս փողոցում ազատ մայթ չի լինելու, ու իրար կպած տարբեր օբյեկտների շարան է լինելու:


Օրերս էլ միաժամանակ մի քանի օբյեկտների շինարարություն է մեկնարկել: Անդրանիկի փողոցում անգամ անհավանական հատվածներում են արագ-արագ օբյեկտներ կառուցում. ասենք՝ հեռախոսների մալուխների վրա կամ անցորդների համար նախատեսված վայրերում: Կամ էլ ասենք՝ մի հատվածում հողհատկացում են արել, շինթույլտվությունը տվել են, ու օբյեկտը սկսել են կառուցել հետիոտնային անցումի վրա:


Բնակիչներն ասում են՝ խորհրդանշական է, որ այսպիսի ակտիվ շինարարությունը սկսվել է հենց ընտրություններից հետո. «Ընտրություններից առաջ ծառայություն մատուցեցին, դիմացը փոխհատուցում ստացան՝ հողի ու շինթույլտվության տեսքով»:
Բնակիչներից մեկն էլ վստահեցնում է՝ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, որը այս վարչական շրջանի նախկին ղեկավարն էր, Անդրանիկի փողոցով հաճախ է զբոսնում. «Օհանյան Դավիթին իրիկունները ստեղ շատ ենք տեսնում, ման ա գալիս ստեղերքով, երեւի ընգած ազատ մայթ ու հող ա ման գալիս՝ ծախելու համար: Փոխանակ էս չոր ու ցամաք թաղում ծառ տնկեն, կանաչ գոտիները մեծացնեն, դրել շենք են սարքում»:
Այս թաղամասի բնակիչները նույնիսկ զարմացած են՝ «Էս մեր ժողովուրդն էդքան լա՞վ ա ապրում, ձեռները փող կա՞, որ էսքան օբյեկտ են սարքում, խանութ են սարքում, հույս ունեն, որ շա՞րժ կլինի, մարդիկ առեւտո՞ւր կանեն»: Բնակիչները նաեւ կատակում են, ասում են՝ Անդրանիկի փողոցը շուտով կարող են վերաանվանել «բազարնայա» կամ «օբյեկտների փողոց»:


«Անդրանիկի փողոցը շուկայի են վերածում, ամեն քայլափոխի օբյեկտներ են: Շունչներս կտրվում ա՝ էնքան օբյեկտ սարքեցին»,- դժգոհում են բնակիչները:
Թե հողակտորներն այս թաղամասում քաղաքապետարանն ինչ գնով է վաճառել՝ որեւէ տեղեկատվություն չկար քաղաքապետարանի կայքէջում: Մինչդեռ ամիսներ առաջ, երբ լուսանկարել ու հրապարակել էինք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քույրերին վաճառած հողակտորներն ու դրանց վրա կառուցվող օբյեկտները, դրանց մասին տեղեկատվությունը հենց քաղաքապետարանի կայքէջում էինք գտել: Գուցե քաղաքապետարանն իր կայքում դեռ չի տեղադրել լուսանկարներում պատկերված օբյեկտների՝ հողակտորների հրապարակային մրցույթների կամ աճուրդների ու սակարկությունների մասին որոշումը:

Իսկ ինչ վերաբերում է Ալեքսանյան քույրերի շինարարությանը, ապա այն արդեն ավարտին են հասցրել, օբյեկտի վարձով տրվելու մասին էլ հայտարարություն են տարածել: Հիշեցնենք, որ Ալեքսանյան քույրերի օբյեկտը կառուցվել է կանաչ տարածքների հաշվին, այստեղ, ինչպես բնակիչներն են ահազանգել, մի քանի ծառ էին հատել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

07.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031