Լրագրողը պահանջում է հրապարակային ներողություն
Լրագրող Արթուր Հովհաննիսյանը դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան: Ինչպես տեղեկացրել ենք, առողջապահության նախարարության դեմ գործով «Առավոտը» ներգրավվել է որպես երրորդ անձ:
Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ նախարարությունն իր պաշտոնական moh.am կայքում «Պետք չէ ապավինել կեղծիքին. Շիրակի մարզի Այգաբաց համայնքի դպրոցում պատվաստումներ կատարելու փորձ չի եղել» տեղեկատվությամբ վիրավորել է իր արժանապատվությունը, զրպարտչական տեղեկություններ հրապարակել:
aravot.am-ը նախարարության պաշտոնական հաղորդագրությունն էլ տարածել է անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին: Հայցադիմումում նշված է՝ դեկտեմբերի 12:
Արթուրը մասնակցել է «Նոյյան տապանում» ասուլիսի, որտեղ ասել էր, որ որոշ մարզերում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների գործընթացը սկսվել է մինչեւ դեկտեմբերի 11-ը, փորձել են պատվաստումը կատարել դպրոցում, ծնողները հավաքվելով՝ «բժշկուհի կոչվածներին» վռնդել են դպրոցից. «Խոսքը Շիրակի մարզի Այգաբաց գյուղի դպրոցի մասին է: Ես այդ տեղեկությունը գիշերն եմ ստացել, դեռ չեմ հասցրել ճշտել, կպարզենք»:
Առողջապահության նախարարությունն իր առարկություններն է ուղարկել դատավոր Ռուբեն Ափինյանին, ում վարույթում գտնվում է սույն հայցը:
Առարկությունները կից փաստաթղթերով 27 էջից են:
Նախարարությունը հայտնում է, որ ասուլիսի օրն իրենք պաշտոնական կայքում գրել են. «Մեր երկրում այսօր մեկնարկել է մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման ծրագիրը: Նախարարության մասնագետները ծնողներին, ուսուցիչներին եւ բժիշկներին ներկայացրել են աշխարհի ավելի քան 70 երկրում (30-ը՝ Եվրոպայում) արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելող պատվաստման արդյունավետությունը եւ կարեւորությունը: Զուգահեռաբար՝ հասարակական կազմակերպությունների մի քանի ոչ մասնագետ ներկայացուցիչներ առանց գիտական հիմնավորումների՝ վկայակոչելով առանձին մասնագետների մասնավոր կարծիքները, հանրությանը փորձում են մոլորեցնել»:
Գործընկերոջս վերաբերող հատվածում նախարարությունը հաղորդել էր. «Իսկ այսօր լրագրող Արթուր Հովհաննիսյանն իր ասուլիսում նշել է, թե իբր Շիրակի մարզի Այգաբաց համայնքում ծրագրի մեկնարկից առաջ փորձել են պատվաստումն իրականացնել դպրոցում: Իբր ծնողները վռնդել են բժիշկներ կոչեցյալներին: Բանախոսն իրեն ապահովագրելու համար դիմել է լրագրողական հնարքի՝ նշելով, թե չի հասցրել ճշտել ստացված տեղեկությունը»:
Հայցվորը նշել էր, թե առողջապահության նախարարությունը «Պետք չէ ապավինել կեղծիքին եւ ստահոդ լուրերին. ժամանակն է սթափվել» արտահայտությունն իրեն է վերագրել, եւ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանով» «բացել» էր «ապավինել» բառի իմաստը: Ըստ այդմ նշել էր, թե գերատեսչությունը նկատի է ունեցել իրեն՝ որպես «կեղծիքի ապավինող»:
Պատասխանող գերատեսչությունն այս կապակցությամբ առարկել էր, գտնելով, որ անհրաժեշտ է «վերլուծել նշված նյութը. չնայած հոդվածագրի կողմից հայցադիմումում անդրադարձ է կատարվել եւ վիրավորանքի, եւ զրպարտության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումներին, այդուհանդերձ, հայցադիմումի եզրափակիչ մասում ներկայացված հայցապահանջից բխում է, որ հայցվորն ընդդեմ առողջապահության նախարարության ներկայացրել է զրպարտության վերաբերյալ պահանջ»:
ԱՆ-ն անդրադառնալով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկին, ՄԻԵԴ-ի՝ «Լինգենսն ընդդեմ Ավստրիայի» գործին, նշում է. «Դատական քննության ընթացքում անհրաժեշտ է պարզել, թե նշված տեղեկատվության մեջ տեղ գտած գնահատողական արտահայտությունները հիմվում են ստույգ փաստերի վրա, թե ոչ»:
Նախարարությունը խնդրում է մերժել լրագրողի ներկայացրած հայցը. «ԱՆ անունից հրապարակված նյութում արվել են փաստերի հիման վրա հիմնված գնահատողական դատողություններ առ այն, որ լրագրող Արթուր Հովհաննիսյանի կողմից «Նոյյան տապան» լրատվական ակումբում արված հայտարարությունը չի համապատասխանել իրականությանը»:
Ի դեպ, հղում արված Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման մեջ կար նաեւ հետեւյալ պահանջը. քննության ընթացքում անհրաժեշտ է պարզել, թե արդյոք ներկայացված տվյալները տվյալ իրավիճակում եւ իրենց բովանդակությամբ բխել են «գերակա հանրային շահից», արդյոք հանրության համար այդ տեղեկատվությունը «զգալիորեն անհրաժեշտ է եղել», արդյոք հասարակությունը սպասել է դրանց հետագա հրապարակմանը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
07.03.2018