Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարինե Դեինյանը հարազատներով նշեց հոբելյանը

Մարտ 08,2018 13:00

Սոպրանոն երեկոն սիրելի հանդիսատեսի, գերմանաբնակ բաս Հայկ Դեինյանի եւ հարսի՝ մեցցո սոպրանո Սաթիկ Մկրտումյանի հետ անցկացրեց

Արտիստի ստեղծագործական ուղին մեծ հաշվով երեք չափանիշներով է արժեւորվում՝ որակական, ընդգրկման ծավալով եւ բարդության աստիճանով: Բեմական գործունեության շուրջ 20 տարիների ընթացքում նշված գործոնները «աշխատեցին» օպերային սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստ Մարինե Դեինյանի դեպքում: Բավական է հիշատակել Ազգային օպերային թատրոնում համաշխարհային օպերային գրականության ընտիր նմուշների գլխավոր դերերգերի երգչուհու մեկնաբանումը՝ Վերդիի օպերաներում Աիդա («Աիդա»), Վիոլետա («Տրավիատա»), Լեոնորա («Տրուբադուր»), Նորմա (Բելինի՝ «Նորմա»), Տոսկա (Պուչինի՝ «Տոսկա»), Սանտուցա (Մասկանի՝ «Գեղջկական ասպետություն»), Զեմֆիրա (Ռախմանինով՝ «Ալեկո»), Նեդդա (Լեոնկավալո՝ «Պայացներ») եւ այլն: Հենց հիշատակված օպերաներում գլխավոր դերերգերի արվեստագետի կողմից յուրովի մեկնաբանումը նրան բերեց համընդհանուր ճանաչում:

Նշենք նաեւ նրա մասնակցությունը մեծակտավ վոկալ սիմֆոնիկ ստեղծագործություններին, այդ թվում՝ Վերդի՝ Ռեքվիեմ, Ռոսինի եւ Պերգոլեզի՝ «Ստաբատ Մատեր»: Երգչուհու կայացմանը անկասկած մեծ դեր են խաղացել ժամանակին նրա ստացած վարպետության դասերը օպերային արվեստի այնպիսի անունների ղեկավարությամբ, ինչպիսիք են Լուսին Ամարան, Լյուչիա Ալբանեզեն, Գալինա Վիշնեւսկայան: Չդադարեցնելով վարպետության դասընթացներին իր մասնակցությունը ճանաչված անունների մոտ, կայացած երգչուհին նույնիսկ հաճախեց մաեստրո Կոնստանտին Օրբելյանի հրավերով վերջերս Երեւանում գտնվող Դայանա Զոլայի եւ Ջոն Ֆիշերի դասերին: Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի տարբեր քաղաքներում (բոլորը չես թվարկի) հյուրախաղային շրջագայությունից հետո երգչուհին 2017թ. Ստոկհոլմում մասնակցեց վոկալ դասախոսների միջազգային կոնգրեսին, առաջին անգամ բնագրով ներկայացնելով հատվածներ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայից:
Օրերս Ազգային օպերային թատրոնում կայացավ Մարինե Դեինյանի հոբելյանական երեկոն՝ մասնակցությամբ թատրոնի նվագախմբի եւ Գերմանիայից հրավիրված երգչուհու եղբոր՝ բաս Հայկ Դեինյանի եւ հարսի՝ մեցցո սոպրանո Սաթիկ Մկրտումյանի: Ծրագրում ընդգրկված էին Վերդիի, Բելինիի, Պուչինիի օպերաներից մինչեւ Ջորդանո եւ Գերշմին, ինչպես մեներգեր՝ արիաներ, այնպես էլ դուետներ: Երեկոն ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը:


Ժամանակին (20.08.2013թ.) ներկայացրել էինք գերմանաբնակ մեր օպերային արտիստներին: Հիշեցնենք, որ Սաթիկ Մկրտումյանն ու Հայկ Դեինյանը 1994 թվականից բեմ են բարձրացել Գերմանիայի տարբեր թատրոններում, իսկ արդեն շուրջ 15 տարի է՝ առաջատար մեներգիչներն են Կրեֆելդի եւ Մյոնխենգլադբախի թատրոնների: Եթե ամուսինը Գերմանիայում ապրելու եւ ստեղծագործելու տարիներին 2-3 անգամ Երեւանում բեմ բարձրացավ մեծակտավ ստեղծագործությունների (Ռեքվիեմ, օրատորիա) կատարումներով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ապա Սաթիկ Մկրտումյանի օրերս կայացած բեմելը առաջին հանդիպումն էր մեր հանդիսատեսի հետ, չնայած այն բանին, որ դեռեւս Երեւանի կոնսերվատորիայի 3-րդ կուրսից անվանի դիրիժոր Հակոբ Ոսկանյանի հրավերով նա հրավիրվել էր թատրոն: Երեւանում բեմ չբարձրանալը ամուսինները այս անգամ էլ արդարացրին միայն զբաղվածությամբ, կրկնելով, թե՝ «տարեկան 251 օր խաղում ենք 541 ներկայացում»:

Փաստենք, որ հանդիսատեսը ջերմությամբ էր ընդունում երգիչների յուրաքանչյուր կատարում եւ նշենք թատրոնի նվագախմբի ոչ միայն հիանալի նվագակցությունն արտիստներին, այլեւ «Նորմա», «Դոն Ժուան» օպերաների նախերգանքի եւ «Գեղջկական ասպետություն» օպերայի ինտերմեցցոյի բարձրարվեստ մեկնաբանումը: Ի դեպ, այս կարծիքը մեզ հետ կիսեց երեկոյին ներկա դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

07.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031