Լրահոս
Օրվա լրահոսը

Դատված տնօրենը կամ ռեկտորը, ըստ օրենքի, մնում է ուսումնական հաստատության տնօրեն կամ ռեկտոր

Մարտ 08,2018 12:30
nshanakum

Մեր երկրում կրթության ոլորտի ուսումնական հաստատությունների տնօրենները կարող են պետական միջոցները հանգիստ յուրացնել, դատվել ու դատվածությունը մարվելուց հետո կրկին հայտնվել տնօրենի պաշտոնում: Այս անբարոյական մոտեցումն ամրագրված է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ գործող 2 օրենքներում, որտեղ կան այսպիսի կետեր.
2. Գործադիր մարմնի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը`
ա) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, եւ նրա դատվածությունը մարված կամ հանված չէ. /ՊՈԱԿ-ի մասին ՀՀ օրենք/
5) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար: /Հանրակրթության մասին ՀՀ օրենք/:

«Բուհական կրթության մասին» եւ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերում էլ ուզում են ներառել այս անթույլատրելի ձեւակերպումը: Եկեք խորհենք այս մասին ու մտածենք, թե որքանո՞վ է բարոյական օրենքով ամրագրված այս պահանջն ու արդյո՞ք այս իրավական նորմը հակասության մեջ չէ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով հռչակված հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հետ, ըստ որի.

«2. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության եւ մարդասիրության ոգով դաստիարակված եւ մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձեւավորումն է»: Սա նշանակում է, որ ուսումնական հաստատության տնօրենն ինքը պետք է լինի համակողմանիորեն զարգացած, հայրենասեր ու պետականությունը մարմնավորող, պետական շահը անձնականից վեր դասող անբասիր անձ, ում անձնական օրինակը պետք է վարակիչ լինի, ով առաջին հերթին իր անձնական օրինակով պետք է կրթի իր սաներին: Ի դեմս տնօրենի՝ սովորողները պետք է շփվեն այնպիսի մեկի հետ, ով իրենց կրթության իրավունքն իրականացնում է անվերապահորեն, էլ ուր մնաց երեխաներն իմանան, որ այդ տնօրենն իրենց կրթությանը հատկացված գումարները շորթել ու յուրացրել է, որի համար դատվել է:

Փաստորեն օրենքի 4-րդ հոդվածում պահանջում ենք կրթել, դաստիարակել պետականության ոգով դաստիարակված, այսինքն՝ պետության օրենքը հարգող քաղաքացի, իսկ 12-րդ հոդվածով թույլ ենք տալիս պետական միջոցները հափշտակած, դրա համար դատված մարդու դատվածությունը մարվելուց հետո նրան կրկին հանդուրժել կրթական հաստատության տնօրենի պաշտոնում: Քանի որ մեր իրականության մեջ նման օրինակն արդեն ունենք ու օրենքն է այդ տնօրենի հովանավորը, ապա առաջարկում եմ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ գործող 2 օրենքների համապատասխան կետերում անել հետեւյալ փոփոխությունները.

2. Գործադիր մարմնի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը`
ա) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար. /ՊՈԱԿ-ի մասին ՀՀ օրենք/

5) դատապարտվել է հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար: /Հանրակրթության մասին ՀՀ օրենք/:

Նշեմ նաեւ, որ ըստ կրթության եւ գիտության նախարարի «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման կարգը, ինչպես նաեւ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի դադարեցման դեպքերն ու կարգը հաստատելու մասին» 18.05.2010թ. N-395 հրամանի, դպրոցի տնօրենը պետք է ստանա ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր կամ դադարեցվի այդ հավաստագրի գործողությունը: Այդ հրամանի 87-րդ եւ 88-րդ կետերում գրված է, որ.
87. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) գործողությունը դադարեցվում է 7 դեպքերում, սակայն նշեմ միայն 1-ը, 3-ը եւ 7-ը՝

1) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձի կողմից հավաստագիր ստանալու համար ներկայացրած փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն է հայտնաբերվել. (նման փաստեր էլ եմ ուղարկել ԿԳՆ)

3) հավաստագիր ստացած անձի կողմից պաշտոնավարման ընթացքում պետությանը ֆինանսական եւ գույքային վնաս պատճառելու (օրինակները՝ շատ)

7) հավաստագիր ստացած անձի՝ հանցագործության համար դատապարտվելու եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
88. Սույն կարգի 87-րդ կետով սահմանված դեպքերից որեւէ մեկի հայտնաբերման պայմաններում ՀՀ կրթության եւ գիտության նախարարի որոշմամբ դադարեցվում է անձին տրված հավաստագրի գործողությունը: ԿԳ նախարարի հրամանի այս կետը երբե՛ք չի գործել:

ԿԳ նախարարի հրամանի 87-րդ կետի 3-րդ եւ 7-րդ ենթակետերը հակասում են միմյանց, որովհետեւ եթե 3-րդ ենթակետով տնօրենը պետությանը ֆինանսական եւ գույքային վնաս է պատճառել, ապա 88-րդ կետով դադարեցվում է նրա հավաստագրի գործողությունը, սակայն 87-րդ կետի 7-րդ ենթակետով պետությանը ֆինանսական եւ գույքային վնասը հայտնաբերվելու դեպքում նա պետք է դատվի, իսկ դատվածությունը մարվելուց հետո հավաստագիրը դադարեցվելու փոխարեն շարունակում է գործել: Այո՛, որովհետեւ օրինակը կա՛: Երեւանի թ. 27-ի տնօրենը հավաստագիրը ստացել է 2011թ., դատապարտվել է 26.12.2013թ. ԵՇԴ-136/01/13 թվակիր դատավճռով, հավաստագիրը գործողության մեջ է եղել մինչեւ 2016թ., չի դադարեցվել ու 2015թ. նույն հավաստագրով մասնակցել է նույն դպրոցի տնօրենի ընտրությանն ու դարձել տնօրեն, 2016-ին կրկին ստացել է հավաստագիր:

Եզրակացություն: Ակնհայտ է, որ կոռուպցիան մեր երկրում պաշտպանված է օրենքով:

 

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցություն

«Առավոտ»

07.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031