«Ամերիկայի ձայն». Վաշինգտոնում գտնվող Հայաստանի պատգամավորներն այսօր առավոտյան հանդիպումներ են անցկացրել Միացյալ Նահանգների Կոնգրեսում: Մանրամասները՝ «Ամերիկայի Ձայն»-ի բացառիկ տեսանյութում:
Հայաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն միասնական ապագա, համոզված են ԱՄՆ-ի կոնգրեսականները: ԱՄՆ-ի Կոնգրեսում հայ պատգամավորական պատվիրակությանն ընդունելուց հետո Ներկայացուցիչների պալատի Հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Դեվիդ Թրոթն ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման կարեւորությունը.
«ԱՄՆ-ի Պետքարտուղարությունն ու Ֆինանսների նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկեն Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ»:
Կոնգրեսականը նաեւ ավելացնում է, որ կցանկանար տեսնել Լոս Անջելեսից Երեւան ուղիղ ավիաչվերթ՝ որպես հարաբերությունների սերտացման եւս մեկ խորհրդանիշ:
Ազդեցիկ ամերիկյան կոնգրեսական Ադամ Շիֆը հայաստանցի գործընկերների հետ հանդիպումից նույնպես գոհ էր մնացել, նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանում անցնող բարեփոխումների ինչպես նաեւ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերը.
«Մենք խոսել ենք նաեւ Եվրոպայի հետ Հայաստանի կողմից կնքված պայմանագրի մասին, որն իմ կարծիքով շատ դրական քայլ է Հայաստանը Եվրոպական տնտեսության մեջ ինտեգրելու ուղղությամբ»:
Հայաստանում անցնող բարեփոխումների ինչպես նաեւ Հայաստանին Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի դրամաշնորհների տրամադրման մասին է խոսել հանդիպման ընթացքում նաեւ հայկական արմատներ ունեցող ԱՄՆ-ի կոնգրեսական Ջեքի Սփիրը. «Մենք քննարկել ենք Հայաստանի ժողովրդին ԱՄՆ-ի կողմից օգնություն տրամադրելու հեռանկարները եւ ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ մենք ունենք միասնական ապագա, ապագա, որտեղ մեր երկրներն ավելի մոտ կլինեն»: